Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարոսյանը դիմել է ՄԻԵԴ. կարծում է՝ ՓՊ-ն սահմանափակել է իր խոսքի ազատության իրավունքը

Սեպտեմբեր 25,2017 15:00

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ըստ Վարոսյանի՝ ՄԻԵԴ է դիմել, քանի որ վստահ է՝  Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը, ապա՝ ներպետական դատարանների վճիռն ու որոշումները սահմանափակում են փաստաբանի խոսքի ազատության իրավունքը: ՄԻԵԴ դիմումի հեղինակը Եվրոպական դատարանում մի շարք հնչեղ գործերով  ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն է, որն էլ Վարոսյանի ներկայացուցիչն է լինելու ՄԻԵԴ-ում:

Վարոսյանի՝ ՄԻԵԴ դիմելու հիմքը եղել է 2 տարի առաջ ՓՊ-ի խորհրդի՝ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթն ու խիստ նկատողությունը: Վարույթի առիթն էլ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումն էր:

«Առավոտի» հետ զրույցում Վարոսյանն ասաց. «Իմ խոսքի ազատության իրավունքը սահմանափակվել է ՓՊ-ի կանոնակարգի սկզբունքներում գրված մի ընդհանրական կետով, որը իրավական անորոշության դասական օրինակ է, եւ բնականաբար, այն չէր կարող կիրառվել: Բացի այդ, ֆեյսբուքյան գրառումը բացարձակապես կապ չունի իմ՝ որպես փաստաբանի, փաստաբանական գործունեության հետ, ուստի այդ տիրույթում փաստաբանների պալատը որեւէ անելիք չուներ»:

2 տարի առաջ Վարոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որն, իր ներկայացմամբ, վերաբերում էր իր դեմ հոդված պատվիրողներին. «Գրառմամբ ես նրանց անվանում էի եւ համեմատում էի պնդուկ ուղեղով չորքոտանիների հետ: Հիմա էլ համոզված եմ, որ ոչնչով դրանցից չեն տարբերվում: Եթե ինչ-որ մեկն այդ գրառման  մեջ ինքն իրեն գտել է, դա գտնողի խնդիրն է, կարող է գտներ եւ ինքնապատժվեր: Հետո բացահայտվել է, թե ով է պատվիրել, լրագրողը հայտարարել էր, որ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն է պատվիրել, բայց գրառումը կատարելիս ես դեռ տեղեկություններ չունեի, թե ով է իմ դեմ նյութ պատվիրել:  ՓՊ  խորհուրդը  ինձ պատասխանատվության ենթարկելու որոշման տակ հստակ նշել է, որ այդ գրառումը որեւէ մեկին ուղղված չէ, ուստի այն չի կարող վիրավորական լինել որեւէ անձի կամ փաստաբանի նկատմամբ: Միաժամանակ խորհուրդը համարել է, որ փաստաբանը նմանատիպ գրառումներ առհասարակ չպիտի կատարի: Այստեղ է խնդիրը, մնացածը հեքիաթներ են: Այսինքն՝ ՓՊ-ն պետք է որոշի, որ փաստաբանը ֆեյսբուքյան ցանցում ինչ տիպի գրառում անելու իրավունք ունի: Սա իրենց խնդիրը չէ, հետո՝ եթե անգամ գրառումը լիներ ինչ-որ մեկի համար վիրավորական, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դա փաստաբանական գործունեության տիրույթ չէ, այդ վիրավորված անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ինձ պատասխանատվության կանչեր դատական կարգով, հայց ներկայացներ իմ դեմ: Այստեղ  ՓՊ-ն անելիք չունի, սակայն վերջինիս, չգիտես ինչու, թվում է, որ փաստաբանի բնակության վայրից՝ «ԺԷԿ»-ից սկսած ինքը պետք է զբաղվի փաստաբանով»:

Հիշեցնենք, որ Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացրել հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանը, որը համարել է, որ Վարոսյանի, այսպես ասած, խնդրահարույց գրառումը փաստաբանին վայել չէ, եւ Գրիգորյանը կարծում էր, թե Վարոսյանի գրառումն իրեն է վերաբերում:

Իսկ թե ինչո՞ւ հենց Լիանա Գրիգորյանն է դիմում գրել, Վարոսյանն ասաց. «Որովհետեւ իմ անձի դեմ պատվիրված շինծու վիրավորական հոդվածում արծարծված քրեական գործում նա է եղել ներգրավված որպես պաշտպան: Եվ իր նախկին վստահորդը դժգոհ էր իր աշխատանքից, ու ժամանակին դիմել էր Արա Զոհրաբյանին, որպեսզի Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության  ենթարկեն անբարեխիղճ աշխատանքի համար: Բայց, բնականաբար, քանի որ Լիանա Գրիգորյանն իմ դեմ այդ դիմումը հեղինակել էր, նա ոչ մի պատասխանատվության էլ չենթարկվեց»:

Արդյոք փաստաբաններն ունե՞ն վարքականոն, թե ինչ գրառումներ կարող են անել սոցիալական ցանցերում, կամ ասենք՝ արգելվի վիրավորական գրառում անել, ինչպես օրինակ՝ լրագրողները, եւ կանոնակարգով կա՞ն որոշակի սահմանափակումներ կամ ուղենիշներ, թե ինչպիսի վարքագիծ պետք է փաստաբանն ունենա՝ մեր այս հարցին ի պատասխան Վարոսյանն ասաց. «Ես վիրավորական որեւէ բան չեմ գրել, չի կարող անհասցե գրառումը լինել վիրավորական, վիրավորելու համար պետք է լինի հասցեատեր: Բնականաբար, փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սոցիալական ցանցերում նրա վարքագիծը չի կանոնակարգում, եւ պարզ է, որ չէր էլ կարող կանոնակարգել, որովհետեւ փաստաբանական գործունեության հետ այդ գրառումները կապ չունեն: Իսկ թե ինչպես է ղեկավարվել Արա Զոհրաբյանը, չեմ ասում ՓՊ-ն, որովհետեւ, որպես այդպիսին, առանձին գործող նման մարմին գոյություն չունի, գոյություն ունի մեկ անձ»: Մեկ անձ ասելով Վարոսյանը նկատի ունի ՓՊ-ի նախագահ Արա Զոհրաբյանին, որն էլ, Վարոսյանի խոսքերով, ղեկավարվել է ՓՊ կանոնակարգի ընդհանրական նորմերից մեկով՝ 2.3 կետով, որի գաղափարն այն է, որ փաստաբանը պետք է նպաստի հասարակության մեջ փաստաբանի համբավը բարձր պահելուն: «Սա կոնկրետություն չի պարունակում: Խնդիրն այն է, որ նման անորոշ նորմի տակ ով ինչ ուզի՝ կարող  է տեսնել: Եվ ուզեցան՝ տեսան, ուստի  գործը գտնվում է Եվրոպական դատարանում: Ակնհայտ է, որ մի շարք կետերի խախտումներ են տեղի ունեցել: Կետերից մեկն էլ այն է, որ անորոշ եւ սուբյեկտիվ գնահատականների տեղի տվող նորմը չի կարող կիրառվել անձի խոսքի ազատությունը սահմանափակելիս, այլապես մեկին չի կարող դուր գալ տանձ, մյուսին՝ պնդուկ գրառումը, 3-րդին՝ վարդի փնջով նկարը, ու ըստ իր ճաշակի՝ փորձի սահմանափակել խոսքի ազատությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը: Նշենք, որ օրերս «Ազատություն»  ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն անդրադառնալով այս խնդրին՝ վստահեցրել էր. «Անձնական կյանքում պալատը չի կարող միջամտել, բայց հանրային կյանքում եւ մասնագիտական կյանքում, այո, փաստաբանը պետք է իր վարքագծով չհակասի վարքագծի կանոնագրքին: Կոնկրետ անձի դիմումի հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ իմ կողմից, եւ ես այլեւս այդ գործով չեմ զբաղվել: Դա խորհուրդն է քննել, եւ խորհուրդն է որոշել պատասխանատվության ենթարկել»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930