Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ավանտյուրայով զբաղված

Սեպտեմբեր 25,2017 16:30

Առցանց Առավոտի «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը

Նելլի Գրիգորյան.–  Անկախության ձեռք բերումից 26 տարի անց որքանո՞վ է քաղաքացիների գիտակցության մեջ մտել անկախության գաղափարը, մենք գիտե՞նք` ինչ անել, ինչպե՞ս վարվել անկախության հետ:

Հայկ Մամիջանյան.– Մեր երկրում յուրաքանչյուր ընտանիք անկախության գինն ընկալում է խիստ անձնավորված զոհողությունների գնով: Անկախությունը, որպես վերացական հասկացություն, ընկալվում է բոլորի կողմից, բայց շատերն անկախությունը կերտելու կամ սահմանները պաշտպանելու ընթացքում ունեցել են որդիներ եղբայրներ, հայրեր… ու առաջանում է երկրորդ` խիստ ծայրահեղացված խնդիրը. մարդը կարող է հասկանալ, որ ինքն անկախության համար այս գինն է վճարել, բայց պատրաստ չի ընկալել, որ իր ամենօրյա աշխատանքում եւ կյանքում ինքը շատ անգամներ, չասեմ` ոտնահարում է այդ անկախությունը, բայց մեծ խնդիրներ է առաջացնում պետականության, պետության համար:

Ն. Գ.– Ինչո՞ւ է այդպես:

Հ. Մ.– Սա միայն հայկական ֆենոմեն չէ: Տրանսֆորմացիայի մեջ գտնվող շատ երկրներին սա բնորոշ է: Անհրաժեշտ է, որ որոշակի ժամանակ անցնի, իսկ եթե մեր բախտը չբերի` նաեւ սերունդներ, որպեսզի  մարդն իրեն նույնականացնի պետության հետ:

Նարեկ Սամսոնյան.– 1991 թվականից մենք անցումային փուլում ենք: Իրականում շատ բարդ է, երբ անցումը կատարում ես միակուսակցական երկրից: Բայց կա նաեւ մի հետաքրքիր համատեքստ, որը Հայկը խուսափեց քննարկել` կառավարման համակարգից բխող խնդիրները: Բայց Սահմանադրության ընդունումից հետո տեղի ունեցավ այն, ինչը մինչ այսօր հանրային ընկալումներում շարունակվում է կապվել ընտրությունների հետ. կեղծվեցին խորհրդարանական ընտրությունները: Այդ պահից սկսած` ինչ-որ մի բան այնպես չեղավ: Պատերազմի ժամանակ ժողովրդավարացման ճանապարհին տանող իներցիան կորցրեց իր ուժը:

Մինչեւ 1995 թվականն ԱՄՆ Կոնգրեսը 902 բանաձեւն էր ընդունել, որը վերաբերում էր ժողովրդավարական Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխման համար Ադրբեջանին զենքի էմբարգոյին: Իսկ 1995 թվականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բերվեց հայ-ռուսական մեծ պայմանագիրը, 1999-ին այն վավերացվեց, եւ մինչեւ այսօր մենք գտնվում ենք… սահմանադրական կարգ Հայաստանում, այո, գոյություն ունի, բաց դա որեւէ ձեւով չի կարելի նույնականացնել պետության կարեւորության բարձրացման հետ: Եվ սա քաղաքական համակարգի համալիր խնդիր է: Ցավոք, մեր պետականությունը շատ խարխուլ դիրքերի վրա է: Հանրությունն անկախությունն ընկալում է հավելյալ ոչ աշխատանքային օր:

Ն. Գ.– Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանն ասում է` մարդիկ սոված են, ի՞նչ անկախություն, ի՞նչ վեհ գաղափարներ:

Ն. Ս.– Ես վաղուց դադարել եմ նման հուզական, աղեկտուր հայտարարություններին լուրջ վերաբերվել: Եվ ես չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները սոված են: Իրավիճակի ֆետիշացումը` քաղաքական դիվիդենդների համար, անլուրջ է: Կա աղքատության մակարդակ, կան սոցիալական տարբեր խնդիրներ, ընտրություններն ուղեկցվում են ձայների մասսայական գնելով` եւ ոչ միայն իշխանության կողմից: Դա արվում է նաեւ ընդդիմադիր հռչակված կուսակցությունների կողմից: Բայց այս ամենը վերացնելու համար անհրաժեշտ է քաղաքական համակարգի կոնսոլիդացիա: Մի կողմն ասում է` ամեն ինչ շատ լավ, է, չնայած վերջերս իրավիճակը փոխվել է, ինչի համար ես շատ ուրախ եմ: Մյուս կողմն էլ ֆետիշացնում է իրավիճակը:

Լրջության եւ օբյեկտիվ իրականության նկատմամբ համահունչ մոտեցման պակասն է, որ խնդիր է առաջացնում:

Ն. Գ.– 26-ամյա անկախ Հայաստանը 22 տարի է՝ ղեկավարում է ՀՀԿ-ն, որից 18-ը` միանձնյա կամ կոալիցիոն մեծամասնությամբ: Այդ ընթացքում մշտապես օրակարգային են արտագաղթի, կոռուպցիայի դեմ պայքարի, նաեւ ինքնիշխանության կորստի կամ էական նահանջի հարցերը: Ինչո՞ւ  ՀՀԿ-ն անկախ Հայաստանի ջատագովը եւ պաշտպանը չէ:

Հ. Մ.– Եթե ինչ-որ մեկին թվում է, որ կան մարդիկ, որ ավելի հայրենասեր են, քան ՀՀԿ-ականները, դա իրականության հետ աղերս չունի: Ավելի կամ պակաս հայրենասեր չեն լինում: Բոլորս սիրում ենք մեր երկիրը եւ ուզում ենք ապրել հզոր երկրում: Եկեք չխախտենք դիվանագիտական ունակությունները ինքնիշխանության կորստի հետ: ՀՀ-ն ինքնիշխանության կորստի խնդիր չունի: Մեր կուսակցության ներկայացուցիչներից մեկը շատ լավ նկատառում է արել` ՀՀ-ն, լինելով չափով փոքր երկիր, ունի աշխարհաքաղաքական եւ առհասարակ համաշխարհային այնպիսի օրակարգ, ինչպիսիք ունենում են գերտերությունները:

Նախագահ Սարգսյանի ամենահաջողած 3-4 ոլորտներից մեկը համարում եմ արտաքին քաղաքականությունը: Ես չեմ ճանաչում ՀՀ-ում մի քաղաքական գործիչ. խնդրում եմ տարանջատել` ավանտյուրիստ եւ քաղաքական գործիչ, ոչ թե այն մարդը, որ գոռում է` գնանք մտնենք Արաբական պետությունների լիգա, ՆԱՏՕ եւ այլն, դրանք ավանտյուրաներ են…

Ն. Գ.– Կամ` ԵԱՏՄ-ից դուրս գանք:

Հ. Մ.– Նորմալ է, քաղաքական օրակարգ է թելադրվում, խնդիր չկա: Ես չգիտեմ որեւէ քաղաքական գործիչ, ով կկարողանար ասել, որ հնարավորություն կար այլ կերպ խուսանավելու:

Ն. Գ.– «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության համաժողովի ընդունած բանաձեւում հստակ ասված է` Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը վտանգում են ՀՀ-ի ինքնիշխանությունը: Հայկը հակառակ կարծիքի է: Ինչո՞ւ եք ավանտյուրայով զբաղված:

Ն. Ս.- Ինքնիշխանություն` նշանակում է ներքին եւ արտաքին քաղաքական որոշումներում լինել ինքնուրույն:

Ն. Գ.– ԱՄՆ դեսպանն էլ նկատեց, որ Հայաստանն ինքնուրույն չէ:

Հ. Մ.– Ես հակված չեմ ընդունել իր հայտարարությունները որպես հալած յուղ:

Ն. Ս.– Ես չեմ տեսել, որ Հայաստանը գերտերություններին հարիր քաղաքական օրակարգ ունի: Գուցե այդ օրակարգը պարիտետ պահելու խնդիր ունի, բայց այն աշխատասենյակներից դուրս չի գալիս:

ՀԱՊԿ-ի մասին. աշխարհն այսօր գնում է երկկողմ հարաբերություններով անվտանգություն պահելու ձեւաչափին: Ի դեպ, ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները  հանդես են գալիս Արցախյան կոնֆլիկտի տարածքային ամբողջականության, տրամաբանության մեջ լուծման օգտին: Չհաշված այն, որ ՌԴ-ն, որ զենք է մատակարարում կոնֆլիկտային գոտում, վերջերս էլ Պուտինն ասաց, որ կոնֆլիկտային գոտում զենք վաճառելը կողմերից մեկին նշանակում է թեժացնել իրավիճակը. փաստացի, մարդը խոստովանեց` ինքն ինչ է անում այստեղ: Ես որեւէ ձեւով չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն ապահովում է մեր անվտանգությունը:

ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգը քաղաքական դաշտ բերելն էլ շատ կարեւոր օրակարգ է: ԵԱՏՄ մտնելու օրակարգը լուծվեց մեկ գիշերվա մեջ` նշանակում է, որ կային լուրջ ճնշումներ Հայաստանի նկատմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930