Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքների վերադարձի դիմաց Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի Ղարաբաղի որևէ  կարգավիճակի

Սեպտեմբեր 25,2017 14:00

Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան թերթերում և սոցկայքերում ամենաշատը շրջանառվում է այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ազատագրված որոշ տարածքներ ետ վերադարձնել Ադրբեջանին և կայքերը հեղեղված են տարաբնույթ մեկնաբանություններով: Չնայած երկրի այս ծանր վիճակին, միևնույն է՝ այսօր ժողովրդին ամենաշատը հուզող հարցը հենց սա է: Փոքրիկ էքսկուրսը վկայում է, որ 27 և ավելի տարիներ շարունակվող Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը հազար ու մի վայրիվերումներ է ունեցել և ամեն անգամ թվացել է, թե ուր որ է, մոտեցել ենք այդ հարցի վերջնական խաղաղ հանգուցալուծմանը, սակայն ամեն անգամ այն շատ արագ փլուզվել է, քանզի Ադրբեջանը երբեք նման հակվածություն չի ունեցել և չի էլ ունենալու: Զարմանալի է, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող այդ ակնհայտ բլեֆը մենք այդպես էլ չենք հասկանում:

Այդ մասին է վկայում մոտ օրերս ՄԱԿ-ի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուժի դիրքերից հնչող սպառնալից ելույթը, որի ընթացքում հպարտորեն մեջ բերեց 2016թ. ապրիլյան պատերազմը, որը որակեց որպես Ադրբեջանի հաղթանակ և որոշ տարածքների ետ գրավում: Ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների մշտական փլուզման դինամիկան վկայում է այն մասին, որ Ադրբեջանը երբեք տրամադրված չի եղել խաղաղ բանակցությունների ճանապարհով հակամարտության հանգուցալուծմանը և ապագայում նույնպես չի փոխելու այդ մարտավարությունը: Քանի որ առ այսօր Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվել ետ գրավել Ղարաբաղը (իսկ նրա նպատակը միշտ եղել է Ղարաբաղի ամբողջական գրավումը), ուստի նա ընտրել է մի ճղճիմ, նենգ մարտավարություն. մշտապես՝ ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ ինքը պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան հակամարտության թնջուկը, սակայն երբ գալիս է կոնկրետ քայլերի ժամանակը, նա ուղղակի նենգաբար, ստոր կերպով ստում է, մշտապես փորձելով ինչ-ինչ արդարացումներ բարձրաձայնել և տապալել բոլոր պայմանավորվածությունները:

Բերեք հասկանանք, թե որն է այս ամենի հիմնական պատճառը: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան պատերազմում՝ առ այս պահը,  Ադրբեջանը պարտվողի կարգավիճակում է և ինչպես սովորաբար լինում է, պարտվողները միշտ ձգտում են արդարացումների: Պատերազմի սկզբից մինչև հիմա, Ալիևի ցանկացած ելույթ, կլինի դրսում, թե իր երկրում, միշտ եզրափակվում է հետևյալ շեշտադրումով. Ղարաբաղը մեր հողն է և ամեն գնով մենք այն ետ ենք բերելու (այնքան է ասել, որ ինքն էլ է արդեն հավատում): Տարիներ շարունակ հնչեցվող այդ մտքի շուրջը Ալիևը կրակն է ընկել, քանզի որքան էլ միամիտ լինի Ադրբեջանի ժողովուրդը, միևնույն է՝ մտածում է. այս մարդը շարունակաբար խոսում է Ղարաբաղի ետ բերելու մասին, անցել են արդեն տասնյակ տարիներ, սակայն իրական առաջընթաց չկա ու չկա (բացառությամբ՝ ապրիլյան պատերազմի, որի ընթացքում իրենք ևս տվեցին հերթական՝ մեծ թվով զոհեր): Այսինքն, Ադրբեջանի ժողովուրդն արդեն համոզվել է, որ Ալիևի ելույթներն ու հայտարարությունները պարզ բլեֆ են, սուտ, խաբկանք, որով փորձում է կերակրել իրեն՝ արդարացնելու բյուջեի միլիարդավոր դոլարների վատնումն ու տասնյակ հազարավոր զոհերի փաստը:

Ավելին, այդ ամենից Ալիևն այնքան է իրեն կորցրել, որ անկարողությունից՝ արդեն տարիներ շարունակ, բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, որպեսզի վախի միջոցով նրա հիշողությունից ջնջի ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր հայտարարությունները:  Որքան էլ, որ նա խորը քաղաքական գործիչ չլինի, այնուամենայնիվ, հասկանում է, որ բազմաթիվ անգամներ, տարբեր լսարանների առջև ի լուր աշխարհի հայտարարելով, որ անպայման ետ է բերելու Ղարաբաղը, սակայն անցել են տասնյակ տարիներ և ոչ մի էական առաջընթաց չկա, ուրեմն ինչ կմտածի ժողովուրդն իր նախագահի մասին: Ասվածը գալիս է վկայելու այն մասին, որ եթե նույնիսկ հաշվի չառնենք Ալիևի՝ թուրքին հատուկ սուտասան և ինտրիգան լինելու խառնվածքը, միևնույն է՝ նրա անկարողությունը և տարիների փուչ խոստումներն իր ժողովրդին, նրան բերել է մի վիճակի, որ նա ետդարձի ճանապարհ չունի և չի կարող գնալ խաղաղ բանակցություններով հակամարտության լուծման: Եվ նախկինում, և այս պահին նա ընդամենը խաղում է հայկական կողմի այն «միամիտ» հավատի վրա, որ նրանք ետ կվերադարձնեն որոշ տարածքներ՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց, որից ինքը հետագայում հեշտորեն կհրաժարվի՝ ի լուր աշխարհի հայտարարելով. ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը, երբ իրեն ընդամենը ետ են վերադարձել իր տարածքները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության այսքան տարիների ընթացքը պարզորոշ հուշում է, որ եթե նույնիսկ Ադրբեջանին ետ վերադարձվեն ոչ թե մի քանի տարածքներ, այլև ողջ Ղարաբաղը, Ալիևը երբեք չի համաձայնի Ղարաբաղի որևէ՝ նույնիսկ հեղհեղուկ, ընդամենը անկախության նշույլներ պարունակող կարգավիճակի, այնպես որ, այդ ճանապարհը Հայաստանի համար փակ է և պետք է որոնել հակամարտության կարգավորման այլ ճանապարհ… Գաղտնիք չէ, որ ցանկացած հակամարտություն խաղաղ ճանապարհով լուծելու համար փոխադարձ զիջումներ են անհրաժեշտ, սակայն սա այն դեպքը չէ, որ Ադրբեջանը՝ հանձին Ալիևի, գնա դրան: Ժողովրդական լեզվով ասած՝ Ալիևը հերթական անգամ փորձում է քցել մեզ…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ        

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930