Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օտարազգի նկարիչները ճանաչեցին Հայաստանի գույները

Սեպտեմբեր 25,2017 13:03

Լոռու մարզի Օձուն գյուղում շարունակվում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնած, ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող բացօթյա նկարչության «Համագործակցության և բարեկամության» ներկապնակ խորագիրը կրող  փառատոնը: Մեր թղթակիցը հանդիպեց նրանցից մի քանիսին և կարծիքներ լսեց փառատոնի մասին:

Միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած նկարիչները Լոռու չքնաղ  բնաշխարհի ժամանակավոր բնակիչներ են դարձել: Նրանք հնարավորություն են ունենում լինելու մարզի տարբեր տեսարժան վայրերում` մի օր Արդվիում ու Օձունում, մյուս օրը Ալավերդիում, Հաղպատում ու Ախթալայում: Եվ այսպես ամեն օր` լի նոր բացահայտումներով ու տպավորություններով: Նկարիչներից ոմանք առաջին անգամ չէ, որ Հայաստանում են: Ռուս գեղանկարիչ  Յուրի Վասիլևը Հայաստան է եկել Սանկտ Պետերբուրգից  և ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա, հիացած է Հայաստանի բնաշխարհով: «Ես շատ լավ եմ հիշում այն բոլոր վայրերը, ուր եղել եմ, որովհետև Հայաստանը մոռանալ հնարավոր չէ: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, բնությունը շնչում է ու կենդանի է ամեն բան»,- ասում է նկարիչը:

Իսկ բելառուս նկարիչ Անտոն Վիրվոն առաջին անգամ է Հայաստանում և նշում է, որ այստեղ ոչ միայն բնությունն է գեղեցիկ, այլև մարդիկ են հյուրընկալ ու բարի. «Ամեն անգամ, երբ  որևէ երկիր ես այցելում, հետաքրքիր է ծանոթանալ նրա մշակույթին և սովորույթներին: Ինձ շատ հմայեցին ճարտարապետությունն ու հինավուրց վանքերը: Ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ 4-8-րդ դարերի ճարտարապետությամբ: Այստեղ  ամենուրեք կարելի է դա տեսնել, ինչը թույլ է տալիս խորանալ ձեր պատմության մեջ և որոշ ժամանակով տեղափոխվել անցյալ: Որպես գեղանկարիչ ես միշտ եմ հետաքրքրվել հայկական գեղանկարչության դպրոցով: Դեռևս ուսանողական տարիներից ես ուսումնասիրում էի Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի աշխատանքները: Իսկ Զարդարյանի «Գարուն» կտավի վերարտադրանկարը իմ արվեստանոցի պատից է կախված: Ես շատ ուրախ եմ Հայաստանում լինելու և ստեղծագործելու համար: Բացօթյա նկարչության հարթակում աշխատելը բազմազան դարձրեց իմ ներկապնակը»:

Բելառուսից է եկել նաև Միխայիլ Կրոտը, որը ևս տպավորված է Հայաստանով: Նա Հայաստանը մինչ այս այցելությունը տեսել էր միայն կտավների ու քարտեզի վրա, լուսանկարներում ու  հեռուստացույցով. «Գիտեի, որ մայրաքաղաքը Երևանն է, լեռնային երկիր է, որն ունի հարուստ պատմություն և դարավոր մշակույթ: Երազում էի տեսնել Արարատը: Եվ երջանիկ պատահականությամբ ինձ բախտ վիճակվեց  հայտնվել այստեղ և այն իրականում տեսնել: Իհարկե, իմ պատկերացումները շատ համեստ էին` ի համեմատ նրա, ինչ ես տեսա և զգացի. տաք արևն օդանավակայանում ու Արարատի` կեսօրվա մշուշի մեջ հազիվ նշմարվող ուրվագիծը, երկար ճանապարհը մինչև Լոռի ու պատուհանից բացվող տեսարանը: Ասես մի ուրիշ մոլորակում լինեի: Երբ գնացինք նկարելու, նոր տեղանքներ, լեռնային նոր տեսարաններ ու հարթավայրեր, ընդարձակ տարածություններ, գունային բազմազան երանգներ տեսա, որոնց Բելառուսում երբեք չես հանդիպի: Փոքրիկ փողոցները, Օձունի  տներն ու տնակները, ցախատներն ու հինավուրց քարե վանքը, սրտաբաց, բարի ու հյուրընկալ մարդիկ. այս ամենը ոգեշնչում է, և ուզում ես ամեն բան կտավին հանձնել կամ  լուսանկարել: Չնայած այս բացօթյա նկարչության փառատոնը կարճատև է, բայց հնարավորություն է տալիս իրական դարձնել մտահղացումները և նոր էջ բացել ստեղծագործական կյանքում: Լիահույս եմ, որ ապագայում մի անգամ չէ, որ կայցելեմ Հայաստան, քանի որ շատ բան դեռ չեմ տեսել»:


Ղազախ նկարիչ Նուրջան Սաուտբեկովի այցը Հայաստան  ևս բացահայտումներով լի է եղել: Նա նույնպես ուսանողական տարիներից ուսումնասիրել է  հայ նկարիչների ստեղծագործությունները և նրանց վերագտել Հայաստանի արևոտ գույներում. «Տեսնելով Հայաստանի բնությունը` ես հասկացա Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Բաժբեուկ Մելիքյանին: Լեռները, գյուղերը, տեղանքները ամենուրեք հիշեցնում են Սարյանի «հնչեղ» բնապատկերները: Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին ջերմ ընդունելության և Հայաստանի չքնաղ ու սուրբ վայրերում լինելու հնարավորությունն ընձեռելու համար: Ամբողջ գեղեցկությունը բառերով նկարագրել հնարավոր չէ, բայց որպես նկարիչ փորձում եմ ներընկալել բնապատկերների հյութեղ միջավայրը: Ես վստահ եմ, որ այս ուղևորությունը դրականորեն կազդի իմ ստեղծագործության վրա»:

Էստոնացի նկարչուհի Աննա Պարմաստոն չի կարողանում մոռանալ այն հուզումնալից պահը, երբ առաջին անգամ տեսավ Արարատը: Նա այնպես է պատմում իր տպավորությունների մասին. «Ամեն բան հիասքանչ է: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե որքան ուրախ եմ: Աշխատանքային մթնոլորտը տրամադրող է, մարդիկ` հրաշալի: Շատ հետաքրքիր է նկարիչների հետ այս տարբերակով աշխատելը: Դու նկարում ես միայնակ, բայց երեկոյան մյուսների հետ քննարկում ես ու տեսնում նաև նրանց աշխատանքները, հարստանում գիտելիքներով ու ընկերներ ձեռք բերում: Հիանալի նախաձեռնություն է: Իմ զգացողությունները վառ գույներով են տպվելու հիշողությանս մեջ: Հինավուրց վանքերն ուղղակի  գեղեցիկ էին  ու տպավորիչ: Կարծում եմ՝ նկարելու շատ բան կունենամ նաև ցուրտ ու մոխրագույն Էստոնիա վերադառնալուց հետո:  Ես ինձ հետ շատ հայկական  ճեպանկարներ կտանեմ»:Նկարիչներն իսկապես հիացած են Հայաստանով, մարդկանց հյուրընկալ ու ջերմ վերաբերմունքով, և դա արտացոլում է նրանց վրձնահարվածներում՝  Հայաստանի հատուկ  տաք ու պայծառ գույներով:

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930