Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մայիլյանի շնորհիվ առաջին անգամ հայրենիքում ներկայացվեց իրանահայ ստեղծագործող Վարուժան Պարթեւը

Սեպտեմբեր 25,2017 13:30

Գինեսի ռեկորդների գրքում գրանցվում են նաեւ մարդկային գործունեության անհավանական դրսեւորումները եւս: Այն, ինչ վերջերս պատահել է ճանաչված ու սիրված երգչուհի Աննա Մայիլյանի հետ, կարող է տեղ գտնել հիշյալ գրքում: 

«Առավոտին» հասած լուրը, թե իրանահայ ստեղծագործող Վարուժան Պարթեւի կտակում ամրագրված է եղել նաեւ մի երազանք՝  իր վոկալ ստեղծագործությունները հայրենիքում երբեւէ հնչեն Աննա Մայիլյանի կատարմամբ, մեզ հետ զրույցում հաստատեց երգչուհին: Նա հայտնեց, որ Վարուժան Պարթեւի ստեղծագործական ժառանգությունը, այդ թվում՝ վոկալ եւ գործիքային ստեղծագործությունները, արդեն կան CD-ի տեսքով: Ստեղծագործությունների մշակումը կատարել է կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանը, ձայնագրությանը մասնակցել է կոնցերտմայստեր Էլեն Կիրակոսյանը: «Հանդես եմ եկել նաեւ համերգով՝ ընդգրկելով իրանահայ ստեղծագործողի ռոմանսները, այս անգամ դաշնակահարներ Հայկ Մելիքյանի եւ Կարեն Անանյանի մշակումներով: Ափսոսում եմ, որ Հայաստանում այս ստեղծագործողի անունը հայտնի չի եղել, իսկ դրանք կարծես մի հրաշք մեղեդիների կծիկ լինեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրությանը, թե Վարուժան Պարթեւի ստեղծագործությունները ինչ ճանապարհով են իրեն հասել, Աննա Մայիլյանը պատասխանեց. «Նրա չքնաղ դստեր՝ Փյունիկի միջոցով, ով հայրիկի փափագը իրականացնելու նպատակով հատուկ եկել էր հայրենիք ու գտել ինձ»:

Խնդրեցինք ներկայացնել Վարուժան Պարթեւ ստեղծագործողին: Տեղեկացանք, որ պարոն Վարուժանը ծնվել է Նոր Ջուղայում, 1928թ., ուսում առել Լոնդոնում, որպես շինարար-ճարտարագետ: 1950-ականների կեսերից աշխատել է Իրանի Ազգային նավթային ընկերության  Նավթաքիմիական հիմնարկում …«Նրա գործունեությունը կարելի է բաժանել 3 բնագավառի՝ գիտական, գրական եւ երաժշտական: Ստեղծագործել է 100-ից ավելի մանկական ու լիրիկական երգեր: 1950-ականներին ծննդավայրում ստեղծել է երգչախումբ, որ ունեցել է բազմաթիվ ելույթներ: 1980-ականներին, կարճ ժամանակահատված ղեկավարել է մեզ ծանոթ Թեհրանի Արարատ երգչախումբը, ապա գործունեությունը շարունակել ծննդավայրում, որտեղ եւ 2010թ. կնքել է մահկանացուն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930