Լրահոս
Օրվա լրահոսը

 «Եթե մի գործողություն արվում է արհեստականորեն, ուրեմն նպատակն է՝ այս դատական գործընթացը ձգձգելը» 

Սեպտեմբեր 25,2017 14:30

Փաստաբաններն արձանագրում են՝ արգելված իրերի ցանկ սահմանելն իրավիճակը չփոխեց

Սեպտեմբերի 20-ին մի շարք փաստաբաններ հերթական բողոքի ակցիայի դիմեցին՝ գործադուլ հայտարարելով: Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի պաշտպաններն այդ օրվա նիստում կրկին նույն խնդրին բախվեցին՝ ոմանք չկարողացան մուտք գործել նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում: Փաստաբանները դեռ չգիտեն՝ իրենց հետագա քայլերն ինչպիսի՞ն կլինեն, սակայն մեկօրյա գործադուլները չեն բացառում: «Իրավիճակը պետք է շփկվի եւ վերադառնա օրինական դաշտ, ինչպես նախկինում է եղել: Այդ ժամանակ, չնայած դատական ակտերի որակին, կողմերի հավասարությունը թեկուզ ձեւական, բայց ապահովվում էր: Հիմա նման իրավիճակի ստեղծման եւ խուզարկության վերածվող զննությունների  պատճառ չկա: Վաղ թե ուշ, այս ամենը պետք է կանոնակարգվի: Եթե մի գործողություն արվում է արհեստականորեն, ուրեմն նպատակն է՝ այս դատական գործընթացը ձգձգելը: Թե ինչու է սա արվում, ձգձգողներին պետք է հարցնել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վերջերս դատարանների նախագահների խորհրդի կողմից արգելված իրերի ցանկ սահմանելու փաստը, ըստ «Սասնա ծռերի» պաշտպանների, իրավիճակը չշտկեց:  «Պարզ էր, որ խնդիր կա, փորձեցին դրան լուծում տալ, բայց հաստատվեց մի ցանկ, որը պետք չէր հաստատել, եւ դա չարեց այն մարմինը, որն իրավասու էր այդ հարցում: Հայաստանում զննությունների ու ցանկի կարիքը չկար»,-համոզված է Երվանդ Վարոսյանը: Նրա բնորոշմամբ՝ տարբեր երկրներից ցանկեր են «խառնել» իրար, այդ պատճառով ցանկում հայտնվել են այնպիսի բաներ, որոնք Հայաստանի պայմաններում չպետք է հայտնվեին, ասենք՝ շյուղեր, թիեր, սողուններ: Նշենք՝ ըստ այդ ցանկի՝ արգելված է դատարան բերել նաեւ կենդանիներ, թռչուններ, սողուններ, զենքեր, թրեր, սրեր, ձկնորսության կարթեր, մահակներ…

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ցանկը պետք է լիներ կարճ եւ հստակ՝ առավել եւս, որ բոլոր փաստաբաններն էլ գիտեն՝ ի՞նչ չի կարելի բերել դատարան: Մեր զրուցակիցը վստահ է, որ դատարանի կարգադրիչների կողմից փաստաբանների նկատմամբ կամայական եւ տարբերակված վերաբերմունքը շարունակվելու է. մետաղորսիչ սարքն ազդանշան է տալու, եւ մի դեպքում մի փաստաբանին թույլ են տալու ներս մտնել, մյուսին՝ ոչ:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930