Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իգլա»-ն բերեցին դատարան. «Էտի հրթի՜ռ չի, «տրուբայա» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2017 12:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Վկաների հարցաքննություն ավարտված է, ուստի դատարանը որոշել հետազոտել գործում առկա իրեղեն ապացույցները, հետո՝ փաստաթղթերը: Դատարան բերվեց Վրաստանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված «Իգլա»-ն, ավելի ճիշտ՝ զինատեսակի արձակման խողովակը միայն:

Ամբաստանյալների՝ դահլիճում նստած հարազատները սկսեցին ծաղրել՝ «ամոթից են փաթաթել», «էտի հրթի՜ռ չի, «տրուբայա», «բա մյուս մասերն ո՞ւր են»…

Հատկանշական է, որ հետազոտման ժամանակ դատախազ Արամ Արամյանը փոքրիկ դանակը ձեռքին եւ առանց ձեռնոցների՝ դատարանի կարգադրիչների հետ միասին պատռեց «Իգլա»-ի փաթեթավորումը:

Հետո տեւական ժամանակ՝ ամբաստանյալների ժպիտների ներքո, կարգադրիչները փորձում էին «բացել» «խողովակը»՝ պարզելու համար՝ մեջը «հրթիռ» կա՞, թե ոչ:

Ամբաստանյալներից Սամվել Բաբայանը հայտարարության կարգով ասաց. «Սա զինատեսակ չի կարող լինել, մարտկոցը չկա: Եթե «պուսկավոյ» մեխանիզմը բերենք-դնենք վրան՝ չի կրակի: Այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում»:

Մյուս իրեղեն ապացույցներն էին պլանշետը, որով, ըստ գործում առկա նյութերի, լուսանկարվել է «Իգլա»-ն, գունավորված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկելու նյութերը, որոնց պատկանելիությունն ամբաստանյալ Ժորա Զաքարյանը չճանաչեց, եւ հենց թղթադրամները՝ 90-ից ավելի 50 գունավորված եվրո, որոնց պատկանելիությունն ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը ճանաչեց:

Դատարանն անցավ փաստաթղթերի հետազոտման փուլին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930