Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ բոլորը  մասնավոր ապրումներով ու զգացումներով են դիտել «Խոստում» ֆիլմը

Սեպտեմբեր 25,2017 10:30

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։

Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի խոսքերով։

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո բերվեցին հայրապետական պարգևները, որոնցով Ամենայն Հայոց Հայրապետը զարդարեց մեծարյալների կուրծքը։

Արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ առիթ է ընձեռվել Հայոց Եկեղեցու և աշխարհասփյուռ ժողովրդի անունից Սուրբ Էջմիածնում բարձր պարգևների արժանացնելու երկու անձանց, որոնք իրենց կարևոր աշխատանքով ներկայացան ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ աշխարհին՝ դրանով իրենց ներդրումը բերելով հայոց ազգի իրավունքների և նրա նկատմամբ արդարության հաղթանակի նվիրական ու սուրբ գործին։

Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի տեսիլքի իրագործման համար ներդրված ջանքերը։ Նորին Սրբությունը նկատեց, որ բազում փորձեր են արվել նկարահանելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ և բնավ դյուրին չէ նման մեծածավալ, մոնումենտալ մի գործ իրականացնել։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ բոլորը  մասնավոր ապրումներով ու զգացումներով են դիտել ֆիլմը, որովհետև ամենքի իղձն ու ցանկությունն էր ունենալ այնպիսի մի ֆիլմ, որը մարդկությանը ֆիլմարվեստի ճանապարհով կներկայացներ հայ ժողովրդի այն մեծ ողբերգությունը, որ իրագործվեց Օսմանյան Թուրքիայի կողմից, երբ մեկուկես միլիոն հայորդիներ նահատակվեցին իրենց պատմական հայրենիքում, իսկ մնացյալը հայրենազրկվեցին։

Նորին Սրբությունը շեշտեց, որ Աստծու ողորմությամբ հայ ժողովուրդը շնորհիվ իր հավատքի և մեծ կամքի կարողացավ վերապրել այդ ողբերգությունը և երեք տարի անց Սարդարապատում պարտության մատնել ցեղասպան թուրքի կանոնավոր բանակին։

Վերջում Հայոց Հայրապետն իր աղոթքն ու բարեմաղթանքներն ուղղեց ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին՝ նորանոր ներշնչանքներով արգասավորելու իրենց կյանքը և շարունակելու բարի գործեր մատուցել համայն մարդկությանը։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու շնորհավորանքները փոխանցեց կրթական կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին հաստատության նորամուտի առիթով՝ մաղթելով քաջառողջ կյանքի բազում տարիներ՝ վայելելու իրենց եկեղեցաշեն ու հայրենանվեր բարի իրագործումները։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ, մեծարյալների հարազատներ և մտերիմներ։

Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, ծանոթացան նորաբաց հաստատության պայմաններին։

Նույն օրը Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել էր հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգու խաղաղության համար։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930