Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությամբ անասնաբույծ ռեժիսորից մինչեւ անարդյունավետ կառավարողներ

Սեպտեմբեր 24,2017 17:48

Հաշված օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, կինոգործիչները արտահերթ համագումարում կընտրեն Հայաստանի կինոգործիչների միության նախագահին: Հիմնական թեկնածուներն ուրվագծված են՝ միության նախկին նախագահի որդին Վահե Գեւորգյանցը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Գոռ Վարդանյանը, Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը…Մյուսները կիսաձայն են խոսում միության նախագահ դառնալու իրենց փափագի մասին կամ սպասում են, թե որ կողմը կթեքվի «կշեռքի նժարը»:

Ովքե՞ր են այս մարդիկ, որոնք հայտարարել են իրենց՝ միության նախագահ դառնալու ցանկության մասին: Կարելի է ընդամենը ներկայացնել նրանց կենսագրությունը եւ կինոգործունեությունը, որն առկա է նաեւ համացանցում եւ կինոգործունեությունը կինեմատոգրաֆի խոշորագույն տվյալների բազա համարվող imdb.com կայքում: Նշենք, որ ոչ բոլորի անուններն են այնտեղ տեղ գտել:

Էդգար Բաղդասարյանի մասին Վիքիպեդիայում զետեղված է հետեւյալ տեղեկությունը: Նա կրթությամբ անասնաբույժ-անասնաբույծ է, մասնագիտացմամբ ռեժիսոր սցենարիստ, ունի եւ նաեւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, մի քանի ֆիլմ: Նրա մասին տեղեկություններ կան imdb.com-ում:

 Գեւորգ Գեւորգյանը պոլիտեխնիկական կրթություն ունի, մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, վարչապետի ու նախագահի շնորհակալագիր: Վիքիպեդիայում նշված է, որ «Հայֆիլմն» է ղեկավարել, մշակույթի նախարար եղել: Գեւորգ Գեւորգյանի անունն առնչվում է պետական միջոցներով նկարվող անավարտ մնացած ֆիլմերի, կինոկենտրոնի ոչ արդյունավետ կառավարելու հետ (վերջին բնորոշումը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է տվել) նաեւ «Ապոթեոզ» ընկերության հետ, որի հիմնադիրներից մեկն իր կինն է, մյուսը իր տեղակալ Վարդան Աբովյանի կինը: Այս ընկերությանը տարիներ շարունակ կինոկենտրոնից գումարներ է փոխանցվել եւ իրենց կանանց ընկերությունից մարդիկ տեխնիկա են տրամադրել կինոռեժիսորներին: Չմոռանանք հավելել, որ Վիքիպեդիայում նաեւ նշված է, որ Գեւորգ Գեւորգյանը ֆիլմերում էլ է նկարվել՝ «Հրդեհ»,Կա-կա-դու», «Լաբիրինթ»:

Գոռ Վարդանյանի մասին որպես ռեժիսոր տեղեկատվություն համարյա չկա համացանցում, մեկ-երկու տեղ նա հիշատակվում է որպես «Ակադեմիա» պատկերասրահի հիմնադիր, թեեւ պարոն Վարդանյանն Aravot.am-ին ասել էր, որ ինքը Շորբուլաղցի Գոքորը չէ եւ կինոյում է ծերացել:

Վահե Գեւորգյանցն ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, աշխատում է «Հայկ» կինոստուդիայում, մի շարք ֆիլմերի հեղինակ է կամ հոր հետ համահեղինակ, մրցանակներ ունի այդ թվում՝ Դուշամբեի, Բաթումիի եւ այլ փառատոներից: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Վահե Գեւորգյանցը հայտարարել էր, որ կինոմիությունում ոչինչ չի փոխվելու իր ընտրվելու դեպքում, ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես հոր օրոք էր: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գևորգյանցի նախագահության օրոք վաճառվել են Կինոյի տունը, Կինոյի տան հարակից տարածքները, Դիլիջանի ստեղծագործական տունը, ու այդքանից հետո կինոյի ենթակառուցվածքում ոչ մի ներդրում չի արվել: Կինոյի տան մեծ դահլիճը նույնիսկ չի բացվել կինոյի առաջ, Կինոյի տնից մնացած մի քանի սենյակում նույնիսկ մի միջոցառում չի արվել:

ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանն ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ Նա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրն է, նրան շնորհվել է «Մովսես Խորենացու» մեդալ, Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակ, Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Chevalier de l’Ordre des Arts et des Lettres շքանշան, ՀՀ նախագահի մրցանակը` «Սահման» ֆիլմի համար։ Նրա ֆիլմերը մասնակցել են հեղինակավոր միջազգային փառատոների: Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաքը» արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոնների ծրագրում, այդ թվում Ամստերդամի և Վենետիկի, «Վավերագրողը» Կարլովի Վարի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին է արժանացել: Նրա Պոետի վերադարձի» համաշխարհային պրեմիերան կայացել է Ռոտերդամի 35-րդ ՄԿՓ-ում, որից հետո ֆիլմը մասնակցել է աշխարհի մի շարք հեղինակավոր փառատոնների, այդ թվում Մարսելի վավերագրական ֆիլմերի և Էդինբուրգի կինոփառատոններին։ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նույնպես կայացել է Ռոտերդամի 38-րդ կինոփառատոնում, որից հետո այն դարձել է Փարիզ «Իրական կինո» փառատոնի բացման ֆիլմը, արժանացել է ԱՄՆ-ի  Հյուսթոն քաղաքի WorldFest-ի «Ռեմի պլատինիում» մրցանակին, մասնակցել է մոտ 20 կինոփառատոնների, ցուցադրվել նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը՝ www.yourluck.ru-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930