Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Շահինյան. «Վիվա Կալաս» ծրագիրը ներկայացնելու ենք Քարնեգի եւ Զիփփեր հոլերում»

Սեպտեմբեր 24,2017 17:10

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, որի ջանքերով «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնը՝ 12, իսկ Դասական երաժշտության Վերադարձի փառատոնը 8 անգամ ներկայացվել է ունկնդրին, այժմ նոր ծրագրեր է իրականացնելու արտասահմանում:

«Մեր փառատոներն ընդունված եւ սիրված էին: Մինչ օրս, երբ գնում եմ համերգների երաժշտասեր հանդիսատեսը մոտենում ու հետաքրքրվում է, թե երբ կկայանա հաջորդ փառատոնը: Այս հարցը հուզում է հանդիսատեսին, եւ ինձ է ցավ պատճառում, որովհետեւ չունենալով ֆինանսական աջակցություն, իսկ բարձր ատյաններում իմանալով այս ամենի մասին, այդպես էլ չարձագանքեցին:Այժմ փորձեցի իրականացնել այլ նախագծեր, որոնցից մեկը կոչվում է «Վիվա Կալաս»: Այն Շվեյցարիայում հիմնադրել է շվեյցարաբնակ մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը: Ես համագործակցել եւ շարունակական ծրագրեր եմ ներկայացրել Հայաստանում շվեյցարաբնակ մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանի հետ միասին, որը հանդիսանում է Վիվա Կալաս մրցույթի գլխավոր մրցանակակիրը: Ունենալով մեծ փորձ, շատ հետաքրքիր երաժիշտների հետ համագործակցություն` որոշեցի հիմնել «Վիվա Կալաս» ծրագիրը, որը ոչ միայն Հայաստանում պետք է ներկայացվի, այլեւ արտասահմանում: Եվ ահա ծրագիրը ներկայացվելու է ԱՄՆ-ում: Բազմաթիվ նամակներ ենք ստանում, հետաքրքրություն ենք տեսնում: Նաեւ միջազգային երաժշտական կարծիքները հաշվի առնելով՝ սեպտեմբերի 25-ին այս ծրագիրը կներկայացնենք Նյու Յորքի Կարնեգի հոլում: Ծրագիրը հագեցած է աշխարհահռչակ այն գոհարներով, որը ներկայացրել է Մարիա Կալասը: Հանդես են գալու Վարդուհի Խաչատրյանը եւ դաշնակահար Եվգենիա Պիլյավինան: Սեպտեմբերի 30-ին էլ ծրագիրը կներկայացվի Լոս Անջելեսի Զիփփեր հոլում»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Մարիամ Շահինյանը:

Նրա հավաստմամբ, իրեն հաճախ են հարցնում՝ արդյոք դասական երաժշտության հանդիսատես կա՞: «Նման դեպքերում ես միշտ ասում եմ՝ ինչ ներկայացնում ես, դրանով էլ կրթում ես: Ճիշտ է, մեր էստրադային երգիչները դահլիճներ են լցնում արտասահմանում, բայց պահանջարկը միայն այդ ժանրում չէ: Բավականին մեծ թվով նամակներ եմ ստացել կայանալիք համերգի առիթով, որտեղ մարդիկ ուրախությամբ նշում են, թե վերջապես կլսենք մաքուր դասական երաժշտություն, մեզ կզգանք մեր հայենիքում»,-ասում է մեր զրուցակիցը:

Նախագծի իրականացման համար Մարիամ Շահինյանը շնորհակալ է HI AM հիմնադրամին, որն աջակցում է սպորտին, դասական երաժշտությանը, նաեւ կրթական ծրագրեր է իրականացնում, Լիլիթ Հարությունյանին եւ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ եղել են իր եւ փառատոների կողքին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930