Լրահոս
Օրվա լրահոսը

Սնկով լցոնած նրբաբլիթներ

Սեպտեմբեր 24,2017 13:44

Աղացած մսի փոխարեն սնկով լցոնած այս նրբաբլիթները` «բլինչիկները», նույնքան համեղ են եւ կարող են ուրախացնել ձեր բուսակեր հյուրերին կամ ընտանիքի անդամներին:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

3 ձու

750 մլ կաթ

250 մլ հանքային ջուր

3 ճաշի գդալ բուսայուղ

2-3 բաժակ ալյուր

0,5 թեյի գդալ սոդա

0,5 թեյի գդալ աղ

Միջուկի համար

Սունկ- 0,5 կգ

Գլուխ սոխ- 1 խոշորը կամ 2 մանրը

Գազար- 2 հատ

Բուսայուղ- 3 ճաշի գդալ

Աղ, պղպեղ, համեմունքներ- ըստ ճաշակի

Թարմ սամիթ կամ համեմ- մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը

Նրբաբլիթի թերթիկները պատրաստելու համար հարեք հավկիթները, ապա ավելացրեք կաթը եւ բուսայուղը, շարունակեք հարել, ավելացրեք սոդան, աղը, ալյուրը, կրկին հարեք եւ քիչ-քիչ ավելացրեք հանքային ջուրը: Խմորը պետք է լինի ծորացող, բայց ոչ շատ ջրիկ:

Ոչ խորը թավան տաքացրեք միջինից քիչ ցածր կրակի վրա եւ 0,5 շերեփի չափով խմորը լցրեք մեջը` շատ արագ շարժելով թավան, որպեսզի խմորը տարածվի ամբողջ թավայով: Երբ խմորի եզրերը սկսեն գունափոխվել` շուռ տվեք նրբաբլիթի թերթիկը, կես րոպե էլ հակառակ կողմից տապակեք եւ վերցրեք կրակից, դրեք ափսեի մեջ: Այդպես պատրաստեք ողջ խմորը: Ստացվում է 20-30 հատ նրբաբլիթի թերթիկ` կախված ձեր թավայի չափից, նաեւ նրանից, թե որքան խմոր եք լցնում թավայի մեջ: Որպեսզի գործն արագ առաջ գնա` կարող եք միաժամանակ 2-3 թավաների վրա պատրաստել խմորը:

Նրբաբլիթի թերթիկները պատրաստելու ընթացքում, կամ դրանից հետո սկսեք պատրաստել նաեւ միջուկը:

Սունկը, գազարն ու սոխը մաքրեք, լավ լվացեք: Խորը թավայի մեջ տաքացրեք բուսայուղը, լցրեք մանր կտրատած սոխը, թողեք տապակվի մոտ 3-4 րոպե` թույլ կրակի վրա, ապա ավելացրեք քերած կամ մանր կտրատած գազարը, թողեք եւս 2-3 րոպե, որից հետո` մանր կտրատած սունկը: Ավելացրեք նաեւ համեմունքներն ու աղը: Լավ խառնելով թողեք եփվի մոտ 10 րոպե: Վերջում ավելացրեք թարմ կանաչին:

Ի դեպ, եթե ցանկանում եք` այս միջուկին կարող եք ավելացնել նաեւ խաշած կամ տապակած հավի կրծքամիս: Այդ դեպքում կդառնա` հավով եւ սնկով լցոնած նրբաբլիթ: Կոնկրետ այս դեպքում ես ունեի մի կտոր գրիլ արված կրծքամիս, որը կտրատեցի տապակած սնկի մի մասի հետ: Կարող եք սնկին ավելացնել նաեւ մանր կտրատած կամ աղացած ընկույզ:

Տապակած սունկը լցրեք որեւէ ամանի մեջ, որպեսզի արագ սառչի: Երբ բոլոր թերթիկները պատրաստ լինեն` սկսեք լցոնել դրանք: Մեկ ճաշի գդալ միջուկը դրեք մեկ թերթիկի եզրին, ապա այն տոլմայի պես փաթաթեք: Շարեք որեւէ տարայի մեջ: Կարող եք պատրաստի նրբաբլիթները սառնարանում պահել 1-2 օր` ոչ ավելի,իսկ սառցախցիկում` մի քանի ամիս: Բայց սառնարան կամ սառցախցիկ դնելուց առաջ դրանք պետք է շատ լավ փաթաթել պոլիէթիլենե թաղանթով կամ տոպրակով, որպեսզի նրբաբլիթները չչորանան եւ համ չկպչի:

Մատուցելուց առաջ նրբաբլիթները տապակեք բուսայուղով` բոլոր կողմերից: Կարող եք մատուցել թթվասերով կամ պանրի թանձրուկով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Araqel says:

    Հարգելի Մելանիա:
    Ձեր առաջարկները շատ գրավիչ-համով են:
    Լավ կլիներ որ հաշվարկեիք նաև ներկայացված ուտեստների կալորիաները

  2. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Հարգելի Առաքել, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Կալորիաները հաշվարկելու մասին Ձեր գաղափարը շատ հետաքրքրիր է: Բայց մի փոքր խնդիր եմ տեսնում. քանի որ իմ առաջարկած բաղադրատոմսերում «աչքաչափը» մեծ դեր ունի` մթերքները ոչ շատ ճշգրիտ հաշվարկով են, օրինակ` 3-4 գդալ, 5-6 բաժակ, եւ այլն, կալորիաների հաշվարկն էլ կստացվեր այդպես «միջինացված», ինչը կարծում եմ, հատկապես սննդակարգին հետեւողների համար այնքան էլ ցանկալի տեղեկատվություն չի լինի: Սակայն, ո՞վ գիտի… 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930