Տավուշի մարզի Հաղարծին գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ այսօր`սեպտեմբերի 23-ին Իջեւանից ժամանած 20-30 ավտոմեքենաների տերեր ժամը 20.30-ից 21.00-ի սահմաններում փորձել են Հաղարծին գյուղում փակել միջպետական ավտոճանապարհը, սակայն դա հաջողվել է կանխել:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացել ենք, որ սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզպետարանում կայացել է քննարկում, որին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, բնապահպանության նախարարի տեղակալը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Դիլիջան ազգային պարկի, Իջեւանի, Սեւքարի, Արծվաբերդի եւ Նոյեմբերյանի անտառտնտեսությունների տնօրենները, ի նշան բողոքի սեպտեմբերի 17-ին Հաղարծին գյուղում միջպետական ավտոճանապարհ փակած գյուղացիներ:
Այդ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Դիլիջանի ազգային պարկին հարակից գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան ազգային պարկից 8 խորանարդ մետր անտառի թափուկ անվճար ստանալ, Դիլիջանի ազգային պարկի եւ Տավուշի մարզի անտառտնտեսություններից տրվող վառելափայտի սակագները հավասարեցվելու են:
Քննարկման հարց է այն, թե Արցախից ներմուծվող վառելափայտի գինն ինչու է Հայաստանում ավելի էժան, քան Տավուշի մարզի անտառներից օրինական հիմունքներով պատրաստվող վառելափայտինը: Այդ հանդիպման ժամանակ նշվել է, որ Տավուշի անտառներում տապալված շատ վառելափայտ կա, որը պետք է իրացնել:
Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ այսօր երեկոյան Հաղարծին է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանը, վերջինիս եւ իր կողմից կատարված բացատրական աշխատանքի շնորհիվ միջպետական ավտոճանապարհի փակելը կանխվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ https://haynews.am-ի