Այսօր`սեպտեմբերի 23-ին Զարուhի Փոստանջյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում անցել է խանութից խանութ, խանութատերերին հայտնել, որ առաջիկայում լինելու է համազգային ընդվզման օր, որի ժամանակ Հայաստանում եւ սփյուռքում մարդիկ դեմ են դուրս գալու Հայաստանի իշխանություններին:
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքով ձգվող միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող խանութների տերերը քաղաքավարի, բայց զգուշավորությամբ են ընդունել Զ. Փոստանջյանի հեղափոխական կոչը:
Ուշագրավ է Նոյեմբերյանի Երեւանյան փողոցում գտնվող մսի վաճառակետի տեր Գեւորգ Ամիրաղյանի վերաբերմունքը: Վերջինս Նոյեմբերյան քաղաքի աղբահանություն կատարող քաղաքային տնտեսության նախկին տնօրեն Աշոտ Ամիրաղյանի որդին է: Աշոտ Ամիրաղյանն 2016թ. ազատվել է այդ պաշտոնից: Գեւորգ Ամիրաղյանը պատանի հասակում շատ նիհար էր, տեսքով շատ նման էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նրան նոյեմբերյանցիները Պուտին են կոչում:
Փոստանջյանը նրան հարցրել է, թե ինչպես է առեւտուրը, չի դժգոհո՞ւմ : Նա ասել է, որ չի բողոքում: Զ. Փոստանջյանը հայտնել է, որ ընդվզման օր են նախապատրաստում, ինչին «Պուտինը» արձագանքել է. «Ես իմ գործի տերն եմ, ով էլ որ լինի,ոնց էլ որ լինի…»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ