Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ ասոցացման համաձայնագիրը գալիս է փոխարինելու այն համաձայնագրին, որը ստորագրվել է 1996 թվականին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2017 18:33

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնն այսօր «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հոդված 3» ակումբում:

Քննարկման մասնակից, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը՝ կարծիք հայտնեց, որ այն հիմնավորումները, որոնք ՀՀ իշխանությունները բերում են, թե ինչու ենք անդամակցել, պարզապես կեղծիքներ են եւ առասպելներ: Ըստ Սաֆարյանի, այն հիմնավորումը, թե Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում, իրականությանը չի համապատասխանում: Սաֆարյանի ներկայացմամբ՝ կեղծիք է նաեւ այն հիմնավորումը, թե ԵԱՏՄ-ին անդամակցել ենք անվտանգության շահերից ելնելով:

«Կեղծիք է նաեւ այն, որ ԵՄ ասոցացման պայմանագրով նախատեսվում էր, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ պետք է լինի: Մյուս կեղծիքն այն էր,որ եթե մենք չընդունենք Ռուսաստանի պահանջը, մենք կարժանանանք Ուկրաինայի ճակատագրին: Մեզ մոտ երբեք չէր կարող տեղի ունենալ այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում: Իհարկե, կլինեին ռուսական ճնշումներ»,-ասաց Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, ԵԱՏՄ-ին անդամակցելով, ՀՀ-ն իր ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին շանտաժի եւ պարտադրանքի միջոցով:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանն էլ համեմատություններ անցկացրեց ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, նկատելով՝ ԵԱՏՄ մաքսային համակարգը հատուկ մտածված կոռուպցիոն համակարգ է:

Քոչինյանի կարծիքով՝ հիմնավորումը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելը անվտանգությունից ելնելով է կատարվել, թյուր է, եւ անվտանգություն ասելով՝ երկրի անվտանգությունը չէր սպառնալիքի տակ. «Կարծիքը, թե Հայաստանի վրա ճնշման արդյունքում է ՀՀ-ն մտել ԵԱՏՄ, ճիշտ չէ, իմ կարծիքով՝ ճնշումը եղել է ոչ թե Հայաստանի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի վրա, քանի որ այն ժամանակ նա լեգիտիմ իշխանություն չուներ ՀՀ-ում»:

Քննարկման մյուս մասնակցի՝ AEGEE-Yerevan ՀԿ գործադիր տնօրեն, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Արմենակ Մինասյանցն էլ նկատեց՝ այն հիմնավորումները, թե ԵԱՏՄ-ին անդամակցելով, ՌԴ-ից խոշոր ներդրումներ են բերելու եւ այլն, այնքան էլ տեղին չեն, քանի որ այսօր ԵՄ-ն ամենախոշոր ներդրողն ու դոնորն է Հայաստանում:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ նոյեմբերին կնքվող ասոցացման համաձայնագրին, բանախոսները հույս հայտնեցին, որ այն, այնուամենայնիվ, կկնքվի:

Իսկ թե ինչ պայմաններ կան կնքվելիք համաձայնագրում, Մինասյանցն ասաց, որ եթե ուսումնասիրենք Ուկրաինայի եւ Վրաստանի հետ կնքված ԵՄ համաձայնագրերը, որոնք արդեն հրապարակված են, գրեթե նույն պայմաններն են. «Պետք է պարզ ընկալել, որ ասոցացման համաձայնագիրը գալիս է փոխարինելու այն համաձայնագրին, որը ստորագրվել է 1996 թվականին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930