Broadway World կայքից տեղեկանում ենք, որ Լոս Անջելեսը կունենա նոր թատերական հարթակ, որը կոչվում է «Ամերիկայի ազգերի թատրոն»: Այն կղեկավարի ամերիկաբնակ մեր հայրենակից Արթուր Էլբակյանը:
«Ամերիկայի ազգերի թատրոն» հարթակը ստեղծելը հետապնդում է կարևոր նպատակ` էլ ավելի սերտացնել ԱՄՆ-ում ապրող, թատերական ոլորտում գործող ազգերի ներկայացուցիչների միջեւ կապերը: Տարբեր ազգերի ստեղծագործողներ, հայտնի և անհայտ, մրցանակներ ստացած, ինչպես նաև իրենց առաջին քայլերը անող բեմադրիչներ, դերասաններ, հեղինակներ, նկարիչներ, երաժիշտներ հավաքվում են մեկ հարկի տակ, որի անունն է «Ամերիկայի ազգերի թատրոն»:
«Այս հարթակը հնարավորություն է տալու թատրոնի աշխարհի մարդկանց միմյանց հաղորդակից դարձնելու իրենց ազգային թատրոնի անցյալի և նորօրյա միտումներին և թատերական նոր ուղղություններին»,- ասում է «Ամերիկայի ազգերի թատրոնի» ղեկավար Արթուր Էլբակյանը:
Ինչպես գրում է Broadway World-ը, նշանակալից է այն փաստը, որ « Ամերիկայի ազգերի թատրոնի» ծնունդը ազդարարելու է Արթուր Էլբակյանի «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացումը, որը կներկայացվի նոյեմբերի 9-ին` Գլենդելի «Ալեքս» թատրոնում:
Ինչպես տեղեկացանք Արթուր Էլբակյանից՝ «Ամերիկայի ազգերի թատրոն» հարթակի շրջանակներում գործելու է նաև Լոս Անջելեսի նորաստեղծ հայկական պրոֆեսիոնալ թատրոնը: Լոս Անջելեսի մեր հայրենակիցների համար սա լավ առիթ է այդ օրը մասնակիցը լինելու թատերական այդ տոնին և ականատեսը լինելու հայկական նոր թատրոնի ծնունդին:
Թեմայի վերաբերյալ Արթուր Էլբակյանի հետ զրույցն՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը ՝ broadwayworld.com-ից