Գրող Վահրամ Մարտիրոսյանը «Հայելի» մամուլի ակումբում նշեց, որ աննախադեպ հարձակում է սկսվել հայոց լեզվի վրա. «Ռուսները մեզ հետ էսպես են վարվում. մի բան եղավ ու դուրներս չեկավ, ուրեմն մենք ձեզ պետք է պատժենք: Հայաստանում դիմադրողականություն կա, որ ռուսերենը պաշտոնական լեզու հռչակվի, ուրեմն իրենք Մոսկվայի Լազարյան ճեմարանը պետք է փակեն հայերի համար: Իրենք ուզում են որ Հայաստանում բնակվող 3 միլիոն հայ խոսեն իրենց լեզվով, բայց իրենց սրտին չի նստում, որ 300 հայ երեխա Մոսկվայում հայերեն խոսի»:
Մոսկվայում Լազարյան եղբայրների անվան արեւելյան լեզուների՝ մասնավորապես հայերենի, ուսուցման դպրոցի փակման վտանգի մասին խոսելով` գրողը նշեց, որ էս ռուսները ասում են՝ հենց մի սխալ արեցիք՝ մենք ձեր գլխին բամփելու ենք:
«Նրանք նահանջելով Եվրոպայում հիմա ուզում են կորցնել իրենց հենակետը Կովկասում: Մի խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով, ուժի կիրառումը ծնում է հակահարված: Ինչքան էլ հայերի մեջ այսօր լինի ռուսամոլություն, ստրկական մտածողություն դուք ինքներդ դառնում եք ձեր ամենամեծ թշնամին տրամադրելով հայերին ձեր դեմ»,-նշեց Վահրամ Մարտիրոսյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ