Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին արձանագրված հրդեհի բռնկման պատճառները և հետևանքների մոնիթորինգի նախնական արդյունքները

Սեպտեմբեր 23,2017 17:31

Հրավիրվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է նախարար Արծվիկ Մինասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների առաջարկով օրակարգային առաջին հարցի շրջանակներում ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին արձանագրված հրդեհի բռնկման պատճառները և հետևանքների մոնիթորինգի նախնական արդյունքները:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով հրդեհի բռնկման ու տարածման ժամանակագրությունը, վնասված տարածքների չափերը, փաստել է, որ այրված տարածքներում բազմաթիվ են չվնասված կղզյակները, որոնք ոչ միայն կենդանիների ապաստարան են հանդիսացել, այլ հետագայում կնպաստեն կենսաբազմազանության արագ վերականգնմանը: Ընդհանուր վնասված 2200 հեկտար տարածքից, չվառված տարածքները կազմում են 365 հեկտար:

Ըստ բանախոսի, քամու հետևանքով արագ տարածված կրակը մեծամասամբ չի վնասել բույսերի արմատային համակարգը և հրդեհից արդեն 20 օր անց արձանագրվել են խոտերի և ծառերի բնական վերականգնման բազմաթիվ դեպքեր, սակայն վնասի վերջնական չափը հնարավոր կլինի գնահատել միայն հաջորդ տարվա գարնանը:

Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը ներկայացրել է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ ստացված արբանյակային լուսանկարների վերլուծությունը, ինչպես նաև արգելոցում և Արտավանի անտառներում Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների դիտարկումների նախնական տվյալները: Վերջիններս արձանագրել են բուսականության արագ վերականգնում և հողերի վերին շերտի ոչ խորքային ջերմային վնասում, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ բուսական աշխարհի վերականգնումն արագ է տեղի ունենալու, բացառությամբ գիհի ծառատեսակի, իսկ կենդանական աշխարհի էական վնասներ չեն արձանագրվել: Խումբը պաշտոնական ամբողջական եզրակացությունը և առաջարկները երկու երկրների կառավարություններին կներկայացվի ավելի ուշ:

Բանախոսը խորհրդի անդամներին հայտնել է, որ ըստ արբանյակային լուսանկարների` հրդեհի բռնկման 5 օջախ է արձանագրված, որոնցից մեկը մյուս 4-ից գտնվում է զգալի հեռավորության վրա և հավելել է, որ այդ լուսանկարները կօգնեն քննություն վարող լիազոր մարմնին բացահայտել հրդեհի բռնկման պատճառները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է աղետի ժամանակ լիազոր գերատեսչությունների կատարված քայլերը և կատարած հետևությունները` հայտնելով, որ հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս էր, այլ նաև ոլորտում ի հայտ բերեց հիմնարար բացեր: «Հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն էր և այդ մասին զեկուցվել է ՀՀ Նախագահի ու վարչապետի մոտ կայացած քննարկումների ընթացքում: ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի կապի օպերատորների հետ քննարկել և հարցին լուծում տալ, ինչին արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ներկայում այնպիսի կապի համակարգ է դիտարկվում, որով արգելոցում նվազագույն միջամտությամբ կապահովվի օդային կապ, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման, այլ նաև մոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել է Ա. Մինասյանը և տեղեկացրել, որ նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել նաև կադրային և կառուցվածքային հիմնարար փոփոխություններ` լուծելու օպերատիվ արձագանքման, արագ գործողություններ իրականացնելու և պահպանության /24 ժամյա/ մակարդակը բարձրացնելու հարցերը:

Նախարարն առաջնային է համարել նաև տեխնիկական զինվածության հարցերի լուծումը, ինչի ուղղությամբ բանակցություններ են տարվում գործընկեր պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով երկրում ունենալ հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգեր:

Տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 19-ին բնապահպանական անդրսահմանային նախագծի մեկնարկը տալու նպատակով Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ դիտարկվել է նաև նման տարածաշրջանային կենտրոնի ձևավորման հեռանկարը:

Հայտնելով իր մտահոգությունը հրդեհի պատճառների հարցով` ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ստացված արբանյակային լուսանկարները և ձեռք բերված փաստերը կփոխանցվեն քննչական կոմիտե` լիարժեք քննության համար: Միտումնավոր հրդեհման վարկածի հաստատման դեպքում մեղավորները պետք է խիստ պատժի ենթարկվեն, իսկ ոչ միտումնավոր մարդկային գործոնի հաստատման դեպքում պետք է պարզվեն պատճառները:

Ըստ Ա. Մինասյանի, մարդկային գործոնի հավանականությանը նպաստում են նաև արգելոցի կտրտված սահմանները, և այժմ խնդիր է դրված նոր կառավարման պլանով նաև այդ հարցը լուծել` «Խոսրովի անտառ» արգելոցում ներառելով նրա սահմաններ սեպաձև մտած տարածքները` նվազագույնը բուֆերային գոտիների և արգելավայրերի տեսքով: Այս գործողություններն իրականացնելու համար նախարարությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների և հանրության լայն շերտերի աջակցությունը:

Թվարկված խնդիրների լուծման համար պահանջվում են զգալի միջոցներ ներգրավել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումից և «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» գործընթացից:

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նաև մասնակիցների բարձրացրած այլ բնապահպանական հարցեր: Առաջարկություն է եղել դրանցից որոշները դարձնել հասարակական խորհրդի առաջիկա նիստերի օրակարգային հարցեր, ինչն արժանացել է հասարակական խորհրդի նախագահի դրական արձագանքին:

Բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930