Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին:
Հանդիսությանը ներկա էին ԻԻՀ պետական այրեր, Իրանում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ղեկավարներ ու անդամներ, իրանահայ համայնքի անդամներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով անդրադարձավ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղություններին, ձեռնարկվող միջոցառումներին ու տեղի ունեցող կարևոր գործընթացներին:
Դեսպան Թումանյանը ներկայացրեց ԵԱՏՄ, ԵՄ և տարածաշրջանի մի շարք երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ-Իրան արտոնյալ առևտրի պայմանների ստեղծման ուղղությամբ ընթացող բանակցությունները: ՀՀ դեսպանը խոսեց ԻԻՀ հետ հարաբերությունների ընդլայնման հեռանկրաների, քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտների համատեղ ծրագրերի մասին: Անդրադարձ եղավ նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ բազմակողմ համագործակցության ծրագրերին՝ կապված համատեղ առևտրատնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային մի շարք նախագծերի իրականացման հետ: Հատուկ ընդգծվեցին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծումը և այդ համատեքստում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը եղել և մնում է խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից: Դեսպան Թումանյանը հատուկ ընդգծեց ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը: Դեսպան Թումանյանը առանձնահատուկ կարևորեց իրանահայ համայնքի դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԻԻՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Դայեմին և ԻԻՀ մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազանալի Սոբհանիֆարը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մատուցված պատարագի ընթացքում տեղի ունեցավ հանրապետական մաղթանքի արարողություն, որն իրականացրեց Մակար եպիսկոպոս Աշգարյանը: Պատարագին մասնակցում էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ