Այսօր, «Հայելի» մամուլի ակումբում «Ելք» դաշինքից ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմելով երկրի նախագահին՝ ասաց, որ էն որ դրսերում հպարտությամբ ասում եք՝ մեզ մոտ խոսքի ազատություն է, բայց ասողին լսող է պետք. «Պարոն նախագահ, Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է ում համար ո՛չ վարչապետ, ո՛չ նախարար՝ ինքը չի լսում ոչ մեկի, չգիտեմ ինքը ձեզ ինչքանով է ընդունում, հարգում»:
Անահիտ Բախշյանի խոսքերով՝ Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի դպրոցի պատմությունը դեռեւս անցած տարվա նոյեմբերից է սկսվում: Դպրոցի տնօրենի հավաստագրման 5 ամյա ժամկետը ավարտվելուց հետո պետք է ընտրություն լիներ, որը մինչ այսօր այդպես էլ չի կայացել եւ տիկին Բախշյանի խոսքերով՝ ակնհայտ է մարզպետի, այսպես ասած՝ ճնշող ձեռքը այդ գործընթացի վրա:
Անահիտ Բախշյանը նշեց, որ տնօրենի հավակնորդները մինչեւ այժմ էլ պայքարում են իրենց իրավունքների դեմ, դիմել են փոխվարչապետին, բայց ոչ մի արձագանք:
Տիկին Բախշյանի խոսքերով՝ մինչ սույն թվականի սեպտեմբերի 4-ը մարզպետը այնպես է արել, որ մրցույթը տեղի չունենա, թեպետ 2 թեկնածու է եղել՝ մեկը լեզվի ու գրականության եւ մյուսը ֆիզկուլտուրայի ուսուցիչներ. «Պարոն նախագահ, պարոն վարչապետ լսո՞ւմ եք ինչ ենք ասում, մարզպետի բիզնեսն է դպրոցի տնօրեն նշանակելը, չե՞ք վիրավորվում, էդքան կոռուպցիայի մասին խոսում եք, կոռուպցիայի դեմ պայքար ե՞ք տանում պարոն վարչապետ, մի ամիս է այսպես «կտցահարում» եմ, ասում եմ՝ Արմավիրի մարզպետը ձեր որոշումների վրա խաչ քաշած ունի, ինչի՞ չեք բանի տեղ դնում, ինչի՞ չեք մի հատ արձագանքում, ինչքան կարելի է: Հիմա դուք կոռուպցիային կո՞ղմ եք, թե՝ դեմ, ասեք, հասկանանք»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ