Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի գործով վկան խոստովանեց. «Քննիչը «դավադիտ» ա արել, ստիպել, որ գրեմ հրթիռի մասին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2017 16:40

«Իգլա»-ի գործ անունը ստացած հայտնի դատական նիստում այսօր հարցաքննվեց նաեւ վկա Աշոտ Շուշանյանը: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Աշոտ Շուշանյանը դատարանին պատմեց՝ ամբաստանյալներից ճանաչում է Սանասար Գաբրիելյանին, որն իր մտերիմն է եւ մարտական ընկերը: Շուշանյանը Գաբրիելյանի հետ է եղել, երբ ոստիկանությունը Սեւանի ավտոճանապարհին ձերբակալել է վերջինիս, ինքն էլ գնացել է «ՕՐՕ» դաշինքի Էջմիածնի շտաբ, որտեղ իրեն ներկայացրել են Սամվել Բաբայանին: Շուշանյանը կատարվածի մասին պատմել է Բաբայանին եւ հեռացել: Վկան պնդեց, որ իրեն միայն այդքանն է հայտնի, Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի կողմից ՀՀ «Իգլա» բերելու մասին ոչինչ չգիտի:

Ապա Աշոտ Շուշանյանը դատավոր Արշակ Գաբրիելյանին վրդովված ասաց, որ իր նախաքննական ցուցմունքում հրթիռի մասին հիշատակված է, սակայն ինքնակամ չի գրել, այլ գրել է քննիչի ստիպելով. «Դավադիտ արեց-թողեց, առավոտից իրիկուն սոված պահել ա…ասեց՝ մինչեւ չգրես, չես գնա: Ասեց՝ գրի հրթիռի մասին, ես էլ «կանտուզիա» տարած մարդ եմ, գլխիս «պրիստուպը» բռնեց, գրեցի, թողեցի-գնացի…ստեղս ա հասցրել քննիչը: Ասեց՝ հրթիռը գրական բառ ա, գրի…»:

Վկան դատարանում դիտելով իր նախաքննական ցուցմունքը՝ նաեւ հայտարարեց, որ դրա մի մասն իր ձեռագրով չի գրված, այլ քննիչ Գրիգորյանի: Աշոտ Շուշանյանը պնդեց՝ Սանասար Գաբրիելյանը հրթիռ չի բերել: Տղամարդը հերքեց նաեւ այն, որ Սամվել Բաբայանի հետ հրթիռի մասին է խոսել: Ասաց, որ դա էլ է քննիչի ստիպելով գրել:

Մեղադրող-դատախազի միջնորդությամբ հրապարակվեց Սամվել Բաբայանի աշխատասենյակում տեղի ունեցած այդ կարճ զրույցի սղագրությունը (Բաբայանին գաղտնալսել են՝ օպերատիվ-հետախուզական գործողության շրջանակում): Ըստ դրա՝ Բաբայանը Շուշանյանին հարցրել է՝ «Վրաստան գնացի՞ր Սանոյի հետ», «էն «տրուբեն» բերեցի՞ք»…Շուշանյանն էլ ասել է, որ ինքը Սանասարի ընկերն է եւ դրանից տեղյակ չի: Աշոտ Շուշանյանը հայտարարեց, որ նման խոսակցություն իր եւ Սամվել Բաբայանի միջեւ չի եղել:

Այս գործով վկաներ այլեւս չկան, հաջորդ նիստում՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, դատարանը կանցնի փաստաթղթերի հետազոտման փուլին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930