Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզադյանն անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մամուլի ասուլիսին:
Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է. «Եթե մեկը փորձում է ասելիքը, որը նույնիսկ համոզմունք էլ չէ, առաջ տանել կեղծ հիմնավորումներով, նշանակում է՝ թերագնահատում է դիմացինի մտավոր ունակությունը։ Իսկ եթե այդ մեկը նախարար է, և նրա կեղծ խոսքի հասցեատերը հանրությունն է, ապա մեղմագույն ձևակերպմամբ անկիրթ է կեղծարարը, անգամ եթե նա կրթության նախարարն է։
Լևոն Մկրտչյան նախարարը չհասկանալու է տալիս քննադատությունը՝ քանիցս շեշտելով, որ ռուսերենը ևս օտար լեզու է, բայց, նրա ձևակերպմամբ, օտար լեզուների մի «բլոկի» հայեցակարգը ևս քննարկման է դրվել, ինչո՛ւ են քննադատողները բևեռվել ռուսերենի վրա։ Հարցին, թե բա որ օտար է, ինչո՞ւ է մյուս լեզուներից առանձին ներկայացված, աշխարհում չլսված հիմնավորում է տալիս նախարարը. «Օտար լեզուների նախորդ բլոկը ներկայացրել ենք լատինատառ հենքով, այս մեկը կիրիլիցայի հենքով է, հեռավորարևելյան՝ չինական կամ ճապոնական լեզուներն էլ առանձին բլոկով կներկայացնենք»…
Լեզվաբանական, լեզվատիպաբանական, լեզվահոգեբանական, լեզվամշակութային, հանրալեզվաբանական, լեզվակրթական ու հարակից այլ ոլորտներում գոյության իրավո՛ւնք իսկ չունեցող լեզուների այս հիմնազուրկ խմբավորումը չեմ մեկնաբանում, որովհետև ի տարբերություն նախարարի՝ չեմ կարող ընթերցողիս չհարգել։
Հիմա մասնակի բավարարում տամ նախարարի հարցին, թե ինչու են ռուսերենի վրա բևեռվել մարդիկ։
Ա) Օտար լեզուների հայեցակարգի մեջ չկան ռուս օտարին համարժեք այսպիսի ձևակերպումներ.
1) «Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս»:
2) Ռուսերենի մակարդակը պետք է «բարձրացնել կրթական համակարգի բոլոր աստի¬ճաններում»՝ ներառյալ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԸ»։
3) «Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին»։
4) Նախատեսվում է «ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ) ԹՎԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում»:
5) Հարկ է կատարել ««Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում»:
Ահա հայ երեխային ուծացման մղող վերոբերյալ կետերը չկան մյուս հայեցակարգում։
Բ) Նախարարի ձևակերպմամբ՝ «լատինատառ հենքով» օտար լեզուների հայեցակարգում ևս, այնուամենայնիվ, կա մի քանի կետ, որոնք նույնպես մերժելի են։ Ահա՛ դրանք.
1) Նախատեսվում է օտար լեզվի օգտագործումով որևէ հանրօգուտ գործունեության ծավալում (օրինակ՝ նախագծային աշխատանք, համայնքային ծառայություն կամ ծառայության միջոցով ուսումնառություն):
2) Ենթադրվում է «երկլեզու ուսուցիչների (ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-գերմաներեն, ռու¬սերեն, ֆրանսերեն) պահանջարկ» «նաև աշակերտ¬ների քիչ թվա-քանակ ունեցող, հատկապես սահմանամերձ և լեռնային գյուղերի դպրոցներում» (ուշադրություն դարձրեք՝ երկլեզվության բևեռներից մեկը միշտ ռուսերենն է. հենց սա՛ է անթույլատրելին, որովհետև մյուս օտար լեզուների ուսուցումը ապահովվում է ռուսերենի՛ հենքով)։
Գ) Ընդհանուր վտանգ ներկայացնող ամփոփում կա թե՛ «լատինատառ», թե՛ «կիրիլիցայի» «հենքով» օտար լեզուների հայեցակարգում, որին անդրադարձել եմ իմ նախորդ գրառումներից մեկում, և որն է՛ն գլխից ռուսերենի հայեցակարգերում է եղել.
«Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն և գործունեություն ծավալելուն նախապատրաստելով»։
Դ) Մի ճիշտ բան կա գրված («լատինատառ հենքով») օտար լեզուների հայեցակարգում.
«…. Մայրենի լեզվի ծրագիրն արդեն պետք է ներառի այն լեզվական երևույթները, որոնք կնախորդեն մյուս լեզուների ուսուցման ծրագրերում դրանց կիրառությանը»։
Հարց՝ նախարարին. այդ դեպքում՝ 1) ինչո՞վ է արդարացված օտար լեզվի (ռուսերենի) դասավանդումը 2-րդ դասարանից սկսելը. 2) ինչո՞վ է արդարացված երկրո՛րդ օտար լեզուն ևս 3-րդ դասարանից 2-րդ իջեցնելը։
Ե) Շարունակում է անբացատրելի մնալ նախարարի՝ ռուսերենի «հագուկապը» գովերգելու պատրաստաբանությունը, ասենք, «մեր հարևան երկրներում, օրինակ՝ Պարսկաստանում, սկսել են հետաքրքրվել ռուսերենով» ձևակերպմամբ։ Նախ՝ Պարսկաստանում նոր չեն հետաքրքրվում ռուսերենով և, ի տարբերություն Հայաստանի, հետաքրքրվում են այն ամենով, ինչը հետաքրքիր է այդ պետությանը (նաև հայերենով)։ Ապա՝ մեր հարևան Վրաստանում գրեթե զրոյացել է հետաքրքրությունը ռուսերենի նկատմամբ։ Հիմա՝ ի՞նչ, հարգելի՛ նախարար, ասեմ՝ Վրաստանի՞ն հետևենք։ Պատմաբան ես ու վստահ եմ՝ պատմական անցքերից ինձնից հարյուրապատիկ լավ ես գլուխ հանում։ Հայերենով այլոց հետաքրքրվածությունը հնադարից է գալիս։ Նույնիսկ երբ լեզվաբանությունը 19-րդ դարասկզբին ձևավորվեց իբրև ինքնուրույն գիտություն, սկզբից ևեթ ուշադրության առարկա դարձավ հայերենը, ավելի՛ շուտ, քան ռուսերենը։ Սա՞ էլ հիմք ընդունենք՝ ի հակակշիռ ասածիդ, ու մենք էլ հոխորտանք, թե ռուսերենը պետք չէ՞։ Բայց այսքան նվաստացումից հետո էլ հանդուրժում ենք (առայժմ)։ Հաջորդ «հիմնավորումն» այն է, թե ռուսերենը անգո ԱՊՀ-ի աշխատանքային լեզուն է։ Չլինի՞ մեր օրենսդրությամբ այդպիսի կետ եք ամրագրել. ասեք՝ իմանանք… Աշխատե՛ք ձեր դրսերում, ինչով ուզում եք, բայց կարող եմ մի ձրի մեթոդական խորհուրդ տալ. այդ աշխատանքներին աշխատեք թարգմանիչներո՛վ ներկայանալ. հավատացե՛ք, ռուսները կսկսեն հարգել ձեզ…
Ի լրումն ռուսերենի վարկի փառաբանության՝ ասուլիսին հռետորական հարց է տալիս նախարարը լրագրողին և, հակառակ հռետորական բնույթին, ինքն էլ պատասխանում է. «Ի՞նչ խնդիր ունեք ռուսերենի դեմ»։ Սեփական հարցի սեփական պատասխանն էլ սա է. «Ես խնդիր ունեմ այն ժողովրդի հետ [ուշադրությո՛ւն դարձրեք, ասում է՝ ժողովրդի – Դ. Գ.], որն իր պետականության միջոցով, իր լծակներով ազդում է իմ պետականության վրա» (երևի ուզում էր ասել՝ պետության)։ Այս ինքնապատասխանը լսելով՝ մի պահ թվաց՝ իր ասածի հակառակն է ասելու՝ նկատի ունենալով Ռուսաստանը, որովհետև չկա այլ պետություն՝ սրանից բացի, որ քիթը մինչև վերջ երկրիս ներքին հարցերը խոթած չլինի, այսօր էլ կիսով չափ մեր ինքնիշխանությունը չեզոքացրած չլինի։ Բայց չէ՜, նախարարի կուսակցական պատկանելությունն այլ տեղ է մատնացույց անում…
Զ) Մի ճիշտ բան ասաց նախարարը. օտար լեզուն գործիք է, պիտի մի տեղ գործադրենք։ Առհասարակ լեզուն իրոք գործիք է, պարզապես ազգի համար ազգային գործիքը ոգու և ինքնության պաշտպանության զենք է, մյուս լեզուները սովորական գործիքներ են և պիտի ծառայեն մեր զենքի կատարելագործմանը։ Եթե պատմաբան նախարարը նեղություն քաշի վերհիշելու մեր Ոսկեդարի պատմությունը, աշխարհի տարբեր ծագերից ու իր գերատեսչության չապաևյան աշխատակիցներից ի մի ժողոված ծռտի-պռտի նախագծերով չի առաջնորդվի, այլ ՄԱՇՏՈՑԻ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, որ իր սաներից մի ընտիր խումբ կազմեց ու թարգմանել տվեց ժամանակի փիլիսոփայական, տրամաբանական, գիտական մտքի գանձերը։ Այնպես որ, նախարարն ապրած կենա, օտար լեզուների իմացությունն այս երկրում սրա՛ համար է ամենից շատ անհրաժեշտ, որը, ի դեպ, օրենսդրական պահանջ է։ Քո գործը չէ՝ ո՛ր մասնագետն ինչքան է տիրապետում լեզուներին. դու նրան սովորելո՛ւ հնարավորություն տուր՝ ո՛չ հայերենի հաշվին, և նույն մասնագետներից այլ լեզուներով արժեքավոր ուսումնասիրությունների հայերեն թարգմանություններ պահանջիր։
Է) Նախարարը քանիցս հղում արեց լեզվի օրենքին՝ հիշեցնելով, որ մեր պետական լեզուն հայերենն է։ Մի ձրի խորհուրդ էլ տամ։ Դա բոլորը գիտեն, որ նաև Սահմանադրությամբ է ամրագրված։ Այսուհետ օրենքին հղում անելիս մյուս դրույթը կհիշատակես, որով Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական լեզու է հռչակված ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԸ։ Սա հաճախակի՛ պիտի հիշես ոչ միայն նրա համար, որ լեզվական օրենսդրության հսկողությունը քո գերատեսչությանն է հանձնված, որի համար ոչինչ չես անում, այլև սեփական խոսքիդ նկատմաբ հսկողական վերաբերմունք մշակելու։ Լավ չեմ զգում, երբ երկրիս կրթության բարձրագույն մարմնի ղեկավարը «ա» օժանդակ բայով է խոսում, օտար լեզվի հայեցակարգի վտանգավոր դրույթներին էլ հակազդում է ոչ այլ կերպ, քան հետևյալ ձևով. «Մեզ պետք ա՞ օտար լեզու։ Եթե պետք չի, էկեք բարբառով խոսալով քայլենք»։ Իհա՛րկե պետք է, հարգելի՛ նախարար, բայց անկախ օտար լեզվի պիտանության չափից՝ կվայելեր, որ նստած վիճակումդ էլ ՀՀ պաշտոնական լեզվով խոսեիր, որի չապահովումն ինքնին օրենքի խախտում է, առավել ևս՝ վեհիդ պարագայում։ Վատ եմ զգում, որ երկրիս կրթության նախարարի խոսքը հակոտնյան է հայերենի գրական հնչարտաբերության, որ մի ամբողջ հարացույց է կազմում, և օգտակար կլինի՝ մեր ուսուցիչներն այդ ցանկը ներկայացնեն գրատախտակին՝ որպես վարժություն՝ պահանջելով դրանց ուղղախոսությունը։ Սա՛ էլ ձեզ՝ ցանկը.
Ձիպլոմային աշխատանք, Ձիպլոմներ
ՄաԾեմաՑիկա
Ծիեխնկական-ոչ կումունիկաԾիվ
ԱքսիոմաԾիկ
ՄեթոդիՁիկա
ԱԾԻեստատ
ՊեԾԻեռբուռգ
ԱկԾիվացում
ԾԻեխնոլոգիա
ՖակուԼՅԾԻետները
Կասկածողները թող միացնեն տեսագրությունը։
Գրառածս օտարաբանություններից.
Նեդաբոռի մեջ են
Օպտիմիզացիա
Ֆիլֆակ
Բլոկ
Ը) Անդրադառնալ եմ ուզում նախարարի մի երկու մտքի։
1) Արդարացի ափսոսանք հայտնելով, որ ֆրանսերենը դուրս է մղվում դպրոցներից՝ ցնցող ընդհանրացում է անում. «Ֆրանսերենի կորուստը վտանգ է Հայաստանի ինքնիշխանությանը»… Եվ այս ասող նախարարը զարմացած է հայերենին սպառնացող վտանգներից տագնապողների վրա։
2) Իր խոսքում մի երկու անգամ ընդգծեց բնագիտական առարկաների կարևորությունը։ Լա՜վ, որ այդքան կարևոր է, ինչո՞ւ է գերատեսչությունդ ավագ դպրոցի ոչ բնագիտական հոսքում մի՛ բնագիտական առարկա թողնում՝ աշակերտների ընտրությամբ։ Հիշում եմ՝ դեռ 5 տարի առաջ տղաս 10-12-րդ դասարաններում ոչ ֆիզիկա էր անցնում, ոչ քիմիա։ Իբր թե կենսաբանությունն էին «ընտրել»…
Եվս մի նկատում։ Ո՞վ է որոշել, որ հասարակագիտական հոսքում մաթեմատիկան ընդամենը 1-2 ժամով պիտի անցնեն։
3) Նախարարը հայտարարեց, թե ինքն անձամբ ուժեղացրել է հայագիտական «բլոկը»։ Իբրև ապացույց հիշատակեց հայոց եկեղեցու պատմությունը և հայ դատի պատմությունը։ Մխիթարեմ նախարարին. երկուսն էլ անպետք առարկա են հատկապես գրքերի բովանդակությամբ։ Առաջինն առհասարակ պիտի հանվի դպրոցից՝ անկախ բովանդակությունից, և եթե եկեղեցու հետ կապված բախտորոշ անցքեր կան, արդեն ունենք հայոց պատմության դասընթաց. լիուլի բավական է։ Ինչ վերաբերում է երկրորդին, հարգելի՛ նախարար, կցանկայի, որ չհիշեցնեիր Ռուբինա Փիրումյանի կազմած խայտառակությունը։
Թ) Միատարր Հայաստանում օրենքի խախտումով անհաշիվ ռուսալեզու դասարաններ ունենք։ Քանաքեռում ռուսաց դեսպանատունը ռուսական դպրոց է բացել, որի աշակերտության ճնշող մեծամասնությունը հայ է, հայերեն էլ այդ դպրոցում չեն անցնում։
Նախարարս ասում է՝ շուտով Ռուսաստանի կրթության նախարարն է գալու Հայաստան, և ինքը՝ Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն է հայտնելու նրան, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մեկական հայկական դպրոց կա։
Նախ՝ խիստ եմ կասկածում, թե այդ դպրոցներն իրոք հայկական են. ռուսներին ճանաչելով՝ գիտեմ, որ այլալեզու կրթություն թույլ չեն տա երբեք։ Ամենայն հավանականությամբ միայն հայոց լեզու և գրականություն են անցնում այնտեղ։ Բայց անգա՛մ եթե բոլոր առարկաները հայերեն անցնելիս լինեն, շնորհակալությունդ ինչի՞ համար է՝ երկու միլիոն հայերի համար երկու հայկական դպրոց թույլատրելո՞ւ…
Հարգելի՛ հայոց նախարար, ռուսաց նախարարը գործընկե՞րդ է, թե՞ դու ԱՊՀ նախարարության մասնաճյուղի նախարարն ես…
Ժ) Կարող էի այս մի կետը չգրել, որովհետև բոլորն են նկատել։ Բայց ախր շա՜տ է խորհրդանշական. «Պետք չի հարցը քաղաքականացնել»…