Երևանի քաղաքապետարանի 2017թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի 67 բազմաբնակարան շենքերում նախատեսվել էր նորոգել 151 վթարային շքապատշգամբ: 2013 թվականին սկսված այս ծրագրում ամեն տարի ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումը հրատապ է առաջին հերթին բնակիչների ու անցորդների անվտանգության, ինչպես նաև շենքերի բարեկարգ և պատշաճ արտաքին տեսք ապահովելու առումներով: Այս տարվա ապրիլից մեկնարկած շքապատշգամբների նորոգման գործընթացը նախատեսված էր ավարտել սեպտեմբերի վերջին, սակայն աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից շուտ, ընդ որում`շուրջ 10 տոկոս գերակատարմամբ: Մասնավորապես, նախատեսված 151-ի փոխարեն փաստացի նորոգվել է 162 վթարային շքապատշգամբ:
Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մաս` շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների միջոցներով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր բնակիչներն են սեփական միջոցներով ի վիճակի դա իրականացնել, Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների դիմում-խնդրանքներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն