Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որտեղի՞ց քուրդ ճարեի». «Իգլա»-ն ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու համար (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2017 12:49

«Իգլա»-ի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց նաեւ վկա Ռուստամ Սադոյանը: Հիշեցնենք՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Ռուստամ Սադոյանը դատարանին պատմեց՝ ճանաչում է ամբաստանյալներից Հրաչ Մայիլյանին, որի հետ գնացել է Թբիլիսի՝ ոչխար գնելու: Այդ ընթացքում էլ հանդիպել է գործով մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանին, հայտնի որպես «Ժորիկ», ընթացքում ծանոթացել է նաեւ Ռոբերտ անունով մեկի հետ, որն Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին է: Ռուստամ Սադոյանի խոսքով՝ ինքը ոչինչ չի իմացել այն մասին, որ գործով մեղադրյալները ցանկացել են Վրաստանից «Իգլա» տեսակի հրթիռ տեղափոխել ՀՀ: Նրա խոսքով՝ երբ Ռոբերտն իմացել է, որ ինքը եզդի է, ենթադրել է, որ քրդերի հետ էլ կապ ունի, ուստի ասել է՝ «եթե լինեն քրդեր, որոնք կուզենան կռվելու համար ուսին դրվող եւ ինքնաթիռ խոցող զենք՝ «Իգլա» առնել, ինձ ասա»:

«Ես էլ ասեցի՝ ես որտեղի՞ց քուրդ ճարեմ…,-զարմացած ասաց Ռուստամ Սադոյանը: Մեղադրյալներից Սանասար Գաբրիելյանը հարց տվեց՝ այդ Ռոբերտին նիստերի դահլիճում տեսնո՞ւմ եք: Վկան ասաց, որ ոչ: Գաբրիելյանը հեգնեց՝ իրենք էլ չեն տեսել: Ռուստամ Սադոյանի խոսքով՝ ինքը Ռոբերտի ասելուց էլ չի պատկերացրել, թե «Իգլա»-ն ի՞նչ զենք է, իսկ հարցաքննության ժամանակ քննիչը նկարագրել է, ինքն էլ համաձայնել ու այդպես գրել ցուցմունքը:

Հիշեցնենք՝ ըստ գործով վկաներից մեկի ցուցմունքի՝ ՀՀ-ում հրաժարվել են Ռոբերտի միջոցով գտնված «Իգլա»-ն գնել, քանի որ զենքը պակասող մասեր է ունեցել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930