Այսօր` Ստեփանակերտ քաղաքի օրվա կապակցությամբ, առավոտից մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում և Ստեփան Շահումյանի անվան օղակաձև այգում անց են կացվել տարբեր մշակութային ու մարզական միջոցառումներ և ձեռագործ իրերի, կտավների, արցախյան գորգերի ցուցահանդես-վաճառք:
Այդ ընթացքում նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ` Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, Երևանի քաղաքապետարանի պատվիրակության հետ միասին, ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին, ապա շրջել և ծանոթացել ցուցահանդեսին:
Երևանի քաղաքապետարանի պատվիրակության ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բոլոր երևանցիների անունից նախ շնորհավորեց ստեփանակերտցիներին օրվա առթիվ` մաղթելով խաղաղություն և ավելի հարմարավետ ու ավելի գեղեցիկ Ստեփանակերտ:
«Դեռևս 2012 թվականին Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի միջև ստորագրված հուշագիրը հենց այդ օրվանից վերածվեց ընկերության և բարեկամության: Մենք միայն չբավարարվեցինք հուշագրով և այս տարիների ընթացքում փորձել ենք համատեղ այցերով և համատեղ ծրագրերով էլ ավելի խորացնել մեր բարեկամական հարաբերությունները տարբեր բնագավառներում»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը:
Իր խոսքում Դավիթ Օհանյանը նաև նշեց, որ այցելել է Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտում կառուցվող Ազատամարտիկների այգի, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, և ամենայն հավանականությամբ հաջորդ տարի գարնանը այն պատրաստ կհանձնվի ստեփանակերտցիներին:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ