Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից. այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով

Սեպտեմբեր 23,2017 12:04

Ազգային Ժողովում երկրորդ ընթերցման է պատրաստվում «Երևանի տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակել   են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: «Մշակել» բայը հատուկ եմ շեշտում, որովհետև օրենքի հիմնավորման մեջ այդ բառն են օգտագործել նախագծի հեղինակները:

Ինչպես գրված է ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով  ընդունված Հայաստանի Հանրապետության նոր  Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումների   եւ ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների  տրամաբանության հետ համապատասխանեցմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում»: «Ամրագրել» բայն էլ ունի  մեկ իմաստ, Սահմանադրության պահանջը վերցնել ու ամուր գրել, այսինքն «գրել» այս օրենքում և հատկապես այս պարագայում, չի կարող փոխաբերական իմաստ ունենալ:

ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածները տեղական  ինքնակառավարման ոլորտում այն չնչին բարեփոխումներն էին, որն առաջարկում էր նոր Սահմանադրությունը, բայց արի ու տես, որ ՀՀ Մայր օրենքում գրված իրավական պահանջները, որոնք որպես իրավունք պետք է տրվեն համայնքի բնակիչներին՝ տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցությունն ապահովելու համար, որոնք պետք է հստակեցնեն ու գծեն համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակը, որպեսզի ինքն իրեն համայնքի միանձնյա տեր ու  տիրական չզգա ու հասկանա, որ պատասխանատու է ավագանու առջև, հերթական անգամ, կարծես դիտավորյալ, պարզապես ներառված չեն այս փոփոխություններում: Նախագծի հեղինակներն այս գործն արել են, որ ընդամենն ասեն՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցրել ենք, բայց դե «գեղից մարդ չկա» սկզբունքով  մտածել են, ո՞վ պիտի կարդա ու խորանա բովանդակության մե՞ջ:

Գործող իշխանության կողմից Օրենքի նկատմամբ քամահրական  վերաբերմունքի  հերթական օրինակն է սա, ընդունված գործելակերպ, ու փաստ է, որ սահմանադրական ցանկացած պահանջ միայն Սահմանադրության գրքի թղթերի վրա են գրված  բավական չէ, դրանք   Երևանի մասին օրենքի թղթի վրա անգամ չեն ուզեցել ամրագել: Նախագծի «փոփոխության» մշակներն ընդամենը մեխանիկական փոփոխություններն են արել ու չնայած գրել են «անխուսափելիորեն պետք է ամրագրվեն», այդպես էլ չեն ամրագրել ՀՀ սահմանադրության հետևյալ կարևոր կետերը.

87-րդ հոդվածը .

Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները: Չկա:

179-րդ հոդվածը. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Չկա:

183-րդ հոդվածը.«Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»: Չկա:

182-րդ հոդվածի 4-րդ կետը. «Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև»: Չկա:

Այնինչ, այսօր համայնքների ղեկավարներն իրենց ապօրինի  կարգադրություններով ուղղակի սահմանափակում են  ավագանու անդամի իրազեկված, տեղեկացված լինելու ու իրավունքը:

Էլ չեմ ասում այն մասին, որ չնայած հիմնավորման մեջ  գրել են, թե սույն օրենքի նախագիծն անդրադառնում  է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին», երևի, ուղղակի մոռացել են  անդրադառնալ ու ավագանու և համայնքի ղեկավարի ՏԻՄ օրենքով սահմանված նոր լիազորություններն ուղղակի չեն ամրագրել այս նախագծում:

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներն այս օրենքի  նախագծում արդեն ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ ու   մենք ամբողջ թիմով հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք  անխուսափելիորեն ամրագրվեն այս օրենքում և ավագանին, որպես  Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին , որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, իսկապես դառնա համայնքի ղեկավարի գործունեությունը վերահսկող:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930