Սրտանոթային հիվանդությունները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։ ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրային դրույթներով, նախաձեռնել է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների մշակման գործընթաց։
Համապետական նշանակություն ունեցող այս ծրագրերի հիմնական նպատակն է էապես բարելավել կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման գործընթացները, ինչի արդյունքում կնվազեն մահացության և հիվանդացության ցուցանիշները, կավելանա առողջ կյանքի միջին տևողությունը:
Ծրագրերի մշակման մեկնարկի մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մշակող հանձնաձողովի անդրանիկ նիստի ժամանակ։
Բացելով հանձնաժողովի անդրանիկ նիստը` Լևոն Ալթունյանընախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին` հանձնաժողովի նախագահությունը սիրով և մեծ պատրաստակամությամբ ստանձնելու համար։ Նշվել է, որ հանձնաժողովում կաշխատեն առաջատար, ճանաչված մասնագետներ` խորհրդատուն Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի առաջատար սրտային վիրաբույժ (ԱՄՆ) Հրայր Հովակիմյանն է, իսկ աշխատանքների համակարգողը` ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։
Ողջունելով հանձնաժողովի անդամներին` նախարարը նշել է.
«Մեր երկրում, իհարկե, ունենք անհրաժեշտ ներուժ, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, արդյունավետ բուժման որոշակի փորձ։ Սակայն աշխարհում ճանաչում ունեցող Բագրատ Ալեքյանի ներկայությունն ինքնին հաջողության լուրջ երաշխիք է»,-ընդգծել նախարարը։
Այնուհետև Բարգրատ Ալեքյանը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող նմանատիպ ծրագրերի արդյունքները։ Նա հավելել է, որ այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում արդեն սուր ինսուլտների բուժումից հետո 50 տոկոս դեպքերում մարդիկ վերադառնում են աշխատանքի։
«Հայաստանն այսօր իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպային։ Բացի այդ, հանրապետությունում սրտի անհետաձգելի վիրահատության հաջող ընթացքը հուսադրում է, որ այս նպատակը ևս կիրագործվի»,-ասել է Բագրատ Ալեքյանը։
Սրտաբանը կարևորել է հիմնական 3 ուղղություն` Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող սրտամկանի սուր ինֆարկտի բուժման` կորոնար անոթների ստենտավորման մոդելի կատարելագործում, ինտերվենցիոն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բազայի վրա նյարդաբանների և անոթաբանների մասնագիտական խմբերի ստեղծում` իշեմիկ ինսուլտների, ինչպես նաև պերիֆերիկ անոթային հիվանդությունների էնդովասկուլյար մեթոդով բուժման նպատակով:
Հանձնաժողովի անդամներին առաջարկվել է ուսումնասիրել և վերլուծել սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային փորձը և Հայաստանում հիվանդության տարածվածությունը ըստ ախտահարված օրագան-համակարգերի և տեսակների:
«Մեր հիմնական նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման գործընթացները միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելն է»,-ասել է նախարար Ալթունյանը` ընդգծելով, որ աշխարհում այդ ճանապարհով նվազել են մահացության և հիվանդացության ցուցանիշները, ավելացել առողջ կյանքի միջին տևողությունը:
Ընդգծենք, որ նախարարության հերթական այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք համագործակցության ընդգծված օրինակ է, երբ մեր արտերկրի հայրենակիցներն առողջապահության ոլորտում իրենց գիտելիքով ու փորձով են նպաստում շրջադարձային փոփոխությունների իրականացմանը:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն