Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոհեր` Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ավարտին. «Ազգ»

Սեպտեմբեր 23,2017 11:33

Նախ պետք է նշել, որ կազմակերպիչների թեթեւ` շատ թեթեւ ձեռքով Արամ կաթողիկոսին տրվել էր Սփյուռքը միանձնյա ներկայացնելու դերը, որը նա կատարեց նախանձելի վարպետությամբ, իր խոսքի մեջ խտացնելով այս պահին չխոսկան հարսի կարգավիճակում գտնվող ՀՅ Դաշնակցության տեսակետը նաև` համահայկականության սոուսի մեջ: Անշուշտ, Արամ կաթողիկոսը, օգտվելով իրեն տրված պատեհությունից ու մանավանդ Ամենայն հայոց հայրապետի` խոսքը գործի վերածելու հնարավորություններից զրկված լինելու կաշկանդումներից, ճիշտ ախտաճանաչումներ կատարեց` հատկապես ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, «փտածության» (կոռուպցիա) աննահանջ ընթացքին, Հայաստանի նկատմամբ Սփյուռքի եւ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի պատասխանատվության բացակայությանը եւ նման հարցերի: Սակայն կաթողիկոսը հակասության մեջ էր ինքն իր հետ (միշտ ասել եմ` Արամ կաթողիկոսի ճառերն ու քարոզները պետք է կարդալ եւ ոչ թե լսել), երբ ասում էր, թե գեղեցիկ լոզունգներով պետք չէ խանդավառվել, սակայն առաջինը ինքն էր խանդավառորեն գեղեցիկ լոզունգներ արտասանում:

Ու երկրորդ` խոսում էր արտագաղթը կանգնեցնելու մասին, սակայն երկրորդական էր համարում բիզնեսի զարգացման առաջնահերթությունը մեր երկրում, որը, ավելորդ է բացատրել, գլխավոր զենքն է աղքատության դեմ պայքարի, որը, հասկանում ենք, հիմնական պատճառն է արտագաղթի: Երրորդ` ամպագոռգոռ հայտարարություններ էր անում ազգային միասնականության մասին, սակայն, հակառակ «եղբայրականության» երեւույթին, գործնական կյանքում անզիջում կեցվածք է դրսեւորում ազգի տարանջատվածության գլխավոր պատճառներից մեկի` Հայ եկեղեցու երկփեղկվածության նկատմամբ, հատկապես գրավված եւ մրցակից թեմերի հարցում: Ինչպես ասում են` զանգ կախելը միշտ ավելի հեշտ է, քան հարց լուծելը:

Գալով մեր` ի պաշտոնե «հարց լուծողներից» երկրորդին` վարչապետ Կարեն Կարապետյանին, երկրի տնտեսական զարգացման եւ դրա մեջ Սփյուռքի ներգրավման դրույթների նրա ներկայացումը, մանավանդ ցարդ արձանագրված քաջալերական ցուցանիշների մատուցմամբ, ըստ ամենայնի գրավիչ ու համոզիչ էին: Սակայն դրանց հետագա իրագործման եւ տեւական զարգացման (sustainatility) խնդիրը, հատկապես ներհայաստանյան անվստահության ներկա մթնոլորտում, եթե ոչ կասկածելի, ապա տարակուսելի է դժբախտաբար:

Մնում է հուսալ, որ առաջիկա ամիսներին ականատես կլինենք երկրի խելամիտ կառավարման եւ ազգ-պետություն գաղափարի իրականացմանը տանող գործնական քայլերի:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930