Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զարմանալին ոչ թե պարոն Նալբանդյանի ասածներն էին, այլ դրանց՝ այս անգամ քնից զարթնած քննադատների ցասումը»

Սեպտեմբեր 23,2017 15:30

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հիշեցրեց, թե Սերժ Սարգսյանը և նրա ՀՀԿ-ական թիմն ու կառավարությունն այս ընթացքում մշտապես տարածք հանձնելու մասին են խոսել:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ամփոփելով Հայաստան-Սփյուռք եռօրյա համաժողովի արդյունքներն ու դրա համար ծախսված գումարները, տխուր երևույթ համարեց պետական անպատասխանատվության ու աչքակապության քաղաքականությունը:

«Առավոտի» հիշեցմանը` տեղեկությունների կան, որ Հայաստան-Սփյուռք եռօրյա համաժողովի համար ծախսվել է 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար, և հարցին` այն արդյունքը, որը տվեց համաժողովը, արդյոք համարժե՞ք է ծախսված գումարին, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ` պետությունն իր վրա է վերցրել փաստացի ծախսերի մի մասը միայն, որովհետև եթե պարտավորված լիներ հոգալու բոլոր հրավիրվածների ճանապարհածախսը, հյուրանոցի և կեցության հետ կապված վճարումները, ապա այդ՝ Ձեր կողմից նշվող գումարը կարող էր առնվազն քառապատիկ ավելին լինել: Գուցե փաստացի ծախսերի զգալի մասը հոգացել են մասնավոր անձինք: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պետության կողմից ծախսված գումարը արդարացվո՞ւմ է համաժողովից ակնկալվող արդյունքներով, ապա նախ՝ պետք է հասկանանք, թե կազմակերպիչները, այս գումարը ծախսելու հրահանգը տվողներն ինչ նպատակներ էին հետապնդում համաժողովը նախաձեռնելով: Եթե ելնենք այն կանխավարկածից, որ գործող իշխանությունը նպատակ ուներ ամրապնդել դիրքերը Սփյուռքում և հաստատել սեփական լեգիտիմության գաղափարը սփյուռքահայության առնվազն մի զգալի մասի շրջանում, ապա դա, անշուշտ, նրան հաջողվեց: Եվ անգամ վեհաժողովի ընթացքում հնչեցված զգայական քննադատական ակնարկները ծառայեցվեցին այդ նպատակին»:

Մեր այն դիտարկմանը` ըստ էության հողերի հանձնման մասին արդեն խոսվում է ՀՀ առաջին դեմքերի շուրթերով, ոչ թե կուլիսներում. շատերը վկայակոչում են Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համաժողովում, ուստի ի՞նչ մտահոգություններ ունի այդ ելույթի հետ կապված, պարոն Մելիքյանն արձագանքեց, թե կոնկրետ այդ ելույթի հետ կապված որևէ մտահոգություն չունի. 2007 թվականից ի վեր կտրականապես դեմ է արտահայտվել Մադրիդյան սկզբունքներով նախատեսված հակամարտության կարգավորման ծրագրերին հենց այն պատճառով, որ դրանց կիրառումը կործանարար է լինելու մեզ համար. «Այս իրավիճակում զարմանալին ոչ թե պարոն Նալբանդյանի ասածներն էին, այլ դրանց՝ այս անգամ քնից զարթնած քննադատների ցասումը: Այո՛, պարոն Սերժ Սարգսյանը և իր ՀՀԿ-ական թիմն ու կառավարությունն այս ընթացքում մշտապես տարածք հանձնելու մասին են խոսել: Բայցևայնպես, թեկուզ ուշացած, սակայն հողատվությանը դեմ գնալու հանրային տրամադրություններն անհրաժեշտ է մղել դեպի հայկական կողմերի պաշտոնական քաղաքականությունն արմատապես փոխելու համընդհանուր պահանջի հստակ ձևակերպումը: Հակամարտության խաղաղ կարգավորման առանցքը չպետք է տարածքային խնդիրը լինի, քանի որ այն դեպի նոր լայնածավալ պատերազմ է տանելու կողմերին: Տևական խաղաղության հասնելու համար այլ բանաձև կարելի է կիրառել»:

Մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վերջին հայտարարությունները ևս կարծես հող նախապատրաստեին հասարակության շրջանում տարածքների հանձնման տարբերակն ընդունելի դարձնելու համար: Նա հայտարարեց` ոչ մի թիզ հող գաղափարախոսությունն ապուշություն է և ոչ մի տեղ չի տանում: Հարցին` այս հայտարարություններում ի՞նչ վտանգ է տեսնում, Արման Մելիքյանը պատասխանեց. «Ժամկետանց հայտարարություններ, ժամկետանց քաղաքական փիլիսոփայություն ու մոտեցումներ: Ամեն դեպքում, հաշվի առնելով նաև այն, որ պարոն Միհրանյանը ռուսաստանյան փորձագիտական այն շրջանակների ներկայացուցիչներից է, որի ակտիվ մասնակցությամբ մշակվող այդ երկրի պետական քաղաքականությունը մի շարք ցավալի ձախողումներ է արձանագրել ի թիվս այլոց նաև Հարավային Կովկասում, ապա նրա ասածներին, բոլոր դեպքերում, անհրաժեշտ է լուրջ վերապահումներով վերաբերվել»:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից բավականին խիստ ելույթ ունեցավ: Այն արդյոք համարժե՞ք է հողեր հանձնելու գաղափարախոսությանը, որը վերջին շրջանում տարածվում է հայ հասարակության մեջ: Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարարի` ելույթը կոշտ էր, սակայն արդյունավետ քաղաքական գաղափարներ և մոտեցումներ չէր պարունակում: Կարելի է ասել, որ դա առճակատում ազդարարող ելույթ էր. «Այս կարգի ելույթներն իրենք իրենցով են ազդանշան տալիս հակառակորդներին, դրդում նրանց կոշտ գործողությունների և հակաքայլերի նախապատրաստվել: Այն համոզմանն եմ, որ կոշտ հռետորաբանության փոխարեն շատ ավելի արդյունավետ կլիներ կիրառել արտաքուստ «փափուկ», սակայն լուրջ քաղաքական, իրավական, տնտեսական ու ռազմական արդյունքներ և առավելություններ ապահովող գործողություններ: Բայց, դատելով ամեն ինչից, մեր իշխող վերնախավն այդպիսի գործելակերպ հանդես բերելու համար դեռևս չի հասունացել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 22.09.2017 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930