Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանը՝ Հայաստանում բիզնես գործունեության մասին

Սեպտեմբեր 23,2017 15:00

«Պետք է հաշվի առնել, որ 30 տարի մարդիկ չեն աշխատել, աշխատանքային կուլտուրա, աշխատանքային կարգապահություն նոր-նոր է ստեղծվում»,-ասում է Տավուշի մարզում բանվորական ձեռնոցների արտադրություն հիմնած «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի, բայց շատերն անգործ նստած են: Ռուսաստանաբնակ գործարարը մտածված է բիզնեսը սահմանամերձ տարածքում հիմնել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան, արտագաղթելու մասին չմտածեն: Գործարանը սկսել է արտադրանք տալ  2016-ի մայիսից, այս տարի արդեն երկու միլիարդ դրամի ապրանք է արտահանել: Սուրեն Երիցյանի ներկայացմամբ՝ իրենց հիմնական սպառման շուկաները Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանն են եւ քիչ քանակությամբ նաեւ` եվրոպական երկրները: Եկող տարի, գործարանի սեփականատիրոջ համոզմամբ, արտահանման 100 տոկոսանոց աճ կունենան, այսինքն` կրկնակի ծավալներով կարտահանեն:

Ներկայումս երկու մեծ գործարանի շինարարություն է տեղի ունենում. մեկը՝ Արծվաբերդ գյուղում, մյուսը՝ մարզկենտրոնում՝ Բերդում, 600 աշխատատեղով: Արծվաբերդի գործարանը կիսով չափ արդեն աշխատում է: Միջին աշխատավարձը, հարկերով վերցրած, 150 հազար դրամից բարձր է: Պարոն Երիցյանի խոսքով՝ տավուշցի երիտասարդները մեկ հերթափոխում 6-7 հազար դրամ են աշխատում:

Թե բիզնես գործունեության ընթացքում ռուսաստանաբնակ գործարարն ինչ խնդիրների է առնչվում, պարոն Երիցյանն այս հարցին պատասխանում է, որ հարկային, մաքսային ու մնացած այլ կառույցների հետ առանց խոչընդոտների աշխատում է, սակայն ուժային կառույցները` ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, նրա խոսքով, ինչպես որ եղել են խորհրդային տարիներին, այդ գործելաոճով էլ աշխատում են:

«Հարկայինն արդար է աշխատում, շատ մաքուր են աշխատում նաեւ մաքսային ծառայությունները: Այդ ծառայությունները աշխատում են մի գլուխ բարձր, քան Ռուսաստանում: Մենք էլ ենք պարզ, թափանցիկ աշխատում»:

Սուրեն Երիցյանի համոզմամբ՝ Հայաստանում բիզնես սկսելու նախապայմաններից մեկը պետք է լինի երկրի նկատմամբ հավատը. «Բիզնեսն այնպիսի բան է, որ եթե շահավետ է, անպայման կգա, ամենակարեւորը, որ վստահություն ունենան գործարարները տվյալ երկրի նկատմամբ»: Նա ռուսաստանցի իր հայրենակիցներին կոչ է անում Հայաստանում բիզնես սկսել, քանի որ այստեղ Ռուսաստանի համեմատ բիզնես սկսելու ավելի նպաստավոր պայմաններ են. «Այստեղ, բոլոր դեպքերում, սպիտակն ավելի սպիտակ է, սեւն էլ ավելի սեւ է, ոչ ոք չի փոխում այդ գույները: Հայաստանում աշխատելն ավելի հեշտ է, քան Ռուսաստանում: Եկեք` փորձեք»:

Պատմում է, որ «Տավուշ տեքստիլը» զրոյից է իր գործունեությունը սկսել եւ մեկ տարվա ընթացքում լուրջ արդյունքներ արձանագրել: Ներկայումս ամսական 3 միլիոն զույգ ձեռնոց է արտահանում: Նույն բիզնեսով պարոն Երիցյանը զբաղվում է Ռուսաստանում, այնտեղ ձեռնոցների արտադրության ձեռնարկությունը գործում է 1994 թվականից:

Հայաստանում բիզնեսը հիմնելու համար ներդրել են հինգ միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար, եւ նախատեսվում է այդ գումարի եռապատիկի չափով էլ ներդրում անել ծավալները մեծացնելու նպատակով:

ԵԱՏՄ-ում գտնվելով՝ ինչպիսի՞ օգուտներ են ստացել Հայաստանից արտահանողները, արդյո՞ք այս միությունում գտնվելը ճիշտ որոշում է՝ հարցերին պարոն Երիցյանը պատասխանեց. «Եթե մենք պատրաստվում ենք արտադրություն ունենալ, մեր շուկան շատ փոքր է: Պետք է անպայման շուկաներ ունենանք: Պատմականորեն 60-70 տարիների ընթացքում մեր շուկան Ռուսաստանն է, եկեք սկսենք գոնե մի քիչ արտադրություն ստեղծել, ոտքի կանգնել, նոր հետո ասենք` ԵԱՏՄ-ի հետ մենք չենք կարում: Հիմա տնտեսական բոլոր կապերը Ռուսաստանի հետ են»: Գործարարի խոսքով՝ այսօր իրենց ձեռնարկությունը նոր շուկաներ դուրս գալու ծրագրեր էլ ունի. մտադիր է ապրանք արտահանել Ամերիկա, Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հարցին, թե ԵԱՏՄ մտնելուց հետո որպես արտադրող Ձեզ համար հեշտացվե՞լ են ինչ-որ բաներ, գործարարը պատասխանեց. «Ավելացված արժեքի հարկը ինչպես որ նախկինում կար, այդպես էլ մնացել է, եւ այսօր էլ վճարում ենք, իհարկե որոշ բաներ փոխվել են. օրինակ, իմ կարծիքով, մեր տնտեսական անկախությունը մի քիչ տուժել է դրանից: Հարկերը նույնն են մնացել: Բայց ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստան չէ, կան էլի հանրապետություններ, այսօր մենք մեծ հաջողությամբ հումքը ներկրում ենք Միջին Ասիայի երկրներից: Ես կարծում եմ, որ արտադրողների համար շատ կարեւոր է մեկ ընդհանուր շուկա ունենալը: Ես համարում եմ, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար ամենակարեւորը պետք են շուկաներ, եւ, իհարկե, պետք են բարենպաստ պայմաններ, որ այդ դրսի արտադրություններն այստեղ զարգանան: Մենք մեծ ուժ ունենք՝ անգործ նստած: Ունենք մի գործարան, որի մեքենաները կանգնած են, ամեն ինչ պատրաստ է, բայց ոչ մի բան չի աշխատում, տեսեք` ինչքան մարդ կա անգործ, ես չեմ կարող ասել՝ ինչն է խանգարում, այսօր ես սկսել եմ աշխատել, եւ ինձ ոչ մի բան չի խանգարում»:

Այն հարցին, թե Ռուսաստանում մասնակցո՞ւմ են պետական պատվերների մրցույթներին, պարոն Երիցյանը պատասխանեց, որ չեն ուզում մասնակցել, քանի որ իրենց ապրանքով այլ ընկերություններ են այդ գործով զբաղվում:

«Ռուսաստանի աշխատանքի անվտանգության կազմակերպող լավագույն ընկերությունները մեր գնորդներն են, եւ մենք ուղղակի չենք մտնում այդ ամենի մեջ, քանի որ իմ ապրանքը 20 տարի է՝ նրանք են ծախում: Հիմա կան ավելի ժամանակակից աշխատելու ձեւեր: Միջազգային լուրջ կազմակերպությունները գրեթե չեն զբաղվում վաճառքի հարցերով»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

 22.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930