Կիտրոնի մեջ պարունակող ֆլավանոիդները իջեցնում են արյան ճնշումը եւ պաշտպանում են արյունատար անոթները: Կիտրոնը օժտված է ընդհանուր կազդուրիչ, հակաբորբոքային, հակամանրէային, հակասկլերոտիկ եւ վերքերը վերականգնող ազդեցությամբ: Եթերային յուղն ունի արտահայտված հակավարակային ազդեցություն, կիրառվում է արոմաթերապիայում, ունի հակաայտուցային, խորխաբեր, ախտահանիչ, հիպոլիպիդեմիկ (իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ¤ ազդեցություն:
Անգինաների՝ նշագեղձերի բորքոքման ժամանակ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացնել 1 բաժակ տաք երիցուկի թեյ, խմել տաք վիճակում՝ քնելուց առաջ: Օգտակար է նաեւ նոր սկսվող անգինայի դեպքում ուտել կես կիտրոն՝ կեղեւով, 2-3 ժամ հետո ուտել մնացած կեսը:
Օգտակար է նաեւ 1 բաժակ կիտրոնի թարմ հյութը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ չհասցնելով եռման, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, խառնել: Ընդունել տաք վիճակում՝ 2-ական ճաշի գդալ՝ 2-3 րոպե բերանում պահելով:
Աթերոսկլերոզի դեպքում 1/2 կիտրոնի հյութը խառնել 0.5 բաժակ եռացրած ջրին, ավելացնել 1 թեյի գդալ մեղր: Ընդունել քնելուց առաջ:
Խորհուրդ է տրվում նաեւ 2-3 միջին չափի կիտրոններն անցկացնել քերիչով, ավելացնել 3 պճեղ սխտոր՝ ճզմած, եւ 2 բաժակ եռացրած ջուր: Ծածկել կափարիչով, թողնել սենյակային ջերմաստիճանում 24 ժամ: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:
Սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացնել 4 ճաշի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղ: Ընդունել 1 թեյի գդալ՝ սոված փորին:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.09.2017