Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ

Սեպտեմբեր 23,2017 14:00

«Օլիմպավանում» անցկացված «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինարին մասնակցելու էր հրավիրվել Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության ֆակուլտետի դեկան, Արեւելաեվրոպական տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ եւ Վրաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Պավլե Կասրաձեն:

Միջոցառման շրջանակներում պրոֆեսոր Կասրաձեն հանդես եկավ զեկույցով, որի թեման էր «Պլազմոլիֆտինգի օգտագործումը մարզական վնասվածքների բուժման նպատակով»:

«Առավոտի» հետ զրույցում Պավլե Կասրաձեն խոսեց Հայաստանի եւ Վրաստանի հակադոպինգային կազմակերպությունների սերտ ու փոխշահավետ համագործակցության մասին: «Արդեն վաղուց մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների, մասնավորապես, Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի եւ ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ: Հաճախ նորագույն մեթոդների հետ կապված կարծիքներ ենք փոխանակում եւ դրանք կիրառում մեր գործունեությունում: Սպորտային բժշկության ոլորտում եւ դոպինգի օգտագործման դեմ համատեղ ու համաձայնեցված պայքարում փորձի փոխանակումը շատ կարեւոր է: Վրաստանում մենք նոր մեթոդ ենք կիրառում, որը կոչվում է պլազմոլիֆտինգ», – ասաց վրացի մասնագետը:

Պավլե Կասրաձեն սեմինարի մասնակիցներին մանրամասն պատմեց պլազմոլիֆտինգ երեւույթի մասին: Պլազմոլիֆտինգը բժշկական ներարկման ընթացակարգ է, որը ենթադրում է մարզիկների՝ սեփական արյան տրոմբոցիտներով հարուստ պլազմայի ենթամաշկային ներարկում՝ վնասվածքների բուժումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով:

Այս մեթոդը գիտական չափանիշներով Եվրոպայում ծագել է ոչ այնքան վաղ՝ 2004 թվականին: Վրաստանում այն շուրջ ինը տարի գործնականում հաջող կերպով կիրառվում է: Եվ Պավլե Կասրաձեն ցանկանում է, որ Հայաստանում եւս սկսեն կիրառել այդ ընթացակարգը: «Նման անհրաժեշտություն կա, եւ մենք պատրաստ ենք այդ հարցով սերտ համագործակցել», – ասաց պրոֆեսոր Կասրաձեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930