Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանախախտները ոստիկաններին դիմել էին ապաստան հայցելու խնդրանքով

Սեպտեմբեր 23,2017 14:30

Հայ-թուրքական պետական սահմանը լողալով հատել էին՝ առանց փաստաթղթերի

Երկու տարի առաջ հոկտեմբերի 6-ին Թուրքիայից Հայաստան սահմանը հատեցին երկու անձ: Երրորդ անձը փախել է: Ռուսաստանի Դաշնության ԴԱԾ «Արարատ» ուղեկալի հայ զինծառայող վկայի ցուցմունքի համաձայն, 2015թ. հոկտեմբերի 6-ին ծառայություն է իրականացրել հայ-թուրքական սահմանին: Իր աշխատանքային ծառայությունների մեջ է մտնում հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անձանց հայտնաբերելը և բռնելը: Ժամը 16:00-17:00-ի սահմաններում նկատել են մի անձնավորության. «Նա լողալով մուտք է գործել հայկական սահման, որից հետո ինքն օգնել է նրան բարձրանալ գետից, դրանից հետո մյուս անձնավորությունը նույնպես լողալով Թուրքիայի սահմանից անցել է Հայաստանի սահման: Նրան նույնպես բռնել են, իսկ երրորդ անձը փախել է Թուրքիայի տարածք: Հայ-թուրքական սահմանին, Արաքսի երկայնքով տեղադրված են մի շարք սահմանային նշաններ, որոնք նախազգուշացնում են, որ նշված վայրում հայ-թուրքական սահմանն է: Այդ քաղաքացիները ներկայացան որպես Աֆղանստանի քաղաքացիներ, որոնց անունները չի հիշում: Նրանք Թուրքիայի սահմանով, Արաքս գետի երկայնքով քայլելով հնարավոր չէ տեսած չլինեին, որ գետն անցելուց հետո այլ պետություն է: Որպես զինծառայող հայտնում է, որ նրանք դիտավորյալ են հատել ՀՀ պահպանվող սահմանը, քանի որ դժվար չէ հասկանալ, որ չթույլատրված գոտի է, որովհետև Արաքս գետի երկայնքով տեղակայված են սահմանային նախազգուշացնող նշաններ»:

Ռուսաստանի Դաշնության ԴԱԾ սահմանապահ զորքերի հրաձիգ հայ վկան նկարագրել էր սահմանը հատելու պահը. «Նկատել են, որ մի անձնավորություն փորձում է անցնել սահմանը դեպի Հայաստան: Այդ անձը լողալով անցել է դեպի ՀՀ սահմանը և ափին իրենք օգնել են նրան բարձրանալ գետնից: Նրա ընկերը նույնպես լողալով եկել է դեպի ՀՀ սահման: Չթողնելով նրան խեղդվի, հանել են ջրից: Նրանց հետ կար ևս 3 անձ, ովքեր չանցան սահմանը և փախան դեպի Թուրքիա: Սահմանն անցած անձինք ներկայացան որպես Աֆղանստանի քաղաքացիներ` Շոքաթ և Սեդիղոլլահ անուններով: Այդ անձանց իրենք ձեռքով չեն կանչել դեպի իրենց, նրանք իրենց կամքով են անցել ՀՀ պետական սահմանը, բացի այդ, սահմանին առկա են նշաններ, որոնք նախազգուշացնում են, որ հայ-թուրքական սահմանն է»:

Օրեր առաջ՝ մայիսի 12-ին, ՀՀ վճռաբեկ դատարանը ամբաստանյալ Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 9-ի որոշման դեմ բերված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Ն. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով Շոքաթ Ղոլամնաբի Ամինզային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Երկրորդ ամբաստանյալին՝ Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման նույնպես 3 տարի ժամկետով:

Երկուսի պատժի սկիզբը 2015թ. հոկտեմբերի 6-ից է՝ ձերբակալման պահից:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2015թ. հոկտեմբերի 6-ին հարուցվել էր թիվ 58214215 քրեական գործը:

Ըստ մեղադրական եզրակացության, Շոքաթ Ղոլամնաբի Ամինզային մեղադրվել էր, որ «նախնական համաձայնության գալով Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի թիվ 5/5 սահմանային նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան, որտեղ բռնվել է սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից»:

Այս քրեական գործը ուղարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալների շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը: Նկատենք, որ պաշտպանի վերաքննիչ բողոքի կապակցությամբ գրավոր պատասխան չի ներկայացվել:

Բողոքաբեր կողմը նշել էր, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է խրախուսական նորմ, որի ուժով անձը ազատվում է պետական սահմանի ապօրինի հատման համար սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե այլ պետության սահման առանց համապատասխան փաստաթղթի մուտք է գործել ապաստան հայցելու համար»:

Ն. Բաղդասարյանը հղում էր կատարել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, ինչպես նաեւ ամբաստանյալների ցուցմունքներին, նշելով, որ այս գործով հաստատված է, որ սահմանախախտները ոստիկաններին դիմել են ապաստան հայցելու խնդրանքով, հետեւաբար, տվյալ դեպքում նրանց նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը:

Վերաքննիչ բողոքում պաշտպանն անդրադարձել է նաև իր պաշտպանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին և նշել էր, որ առկա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների պարագայում մարզի ընդհանուր իրավասության դատարանն ունենալով բավարար հիմքեր՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

Պաշտպանը պահանջել էր, որպեսզի բեկանվի քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացվի նոր դատական ակտ, ամբաստանյալներ Շոքաթ Ղոլամնաբի Ամինզային և Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեին դատարանը ճանաչի անպարտ, դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը, ամբողջովին կարճել քրեական գործի վարույթը։

Ամբաստանյալ Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեն նախաքննության և դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ցուցմունք է տվել, որ «Աֆղանստանում ձգձգվող պատերազմի պատճառով հնարավորություն չի ունեցել ապրելու և աշխատելու և որոշել է ուսման նպատակով գնալ Թուրքիա, ապա որևէ երկիր, որտեղ հնարավորություն կունենա շարունակել ուսումը: Այդ պատճառով Աֆղանստանում ծանոթացել է ազգությամբ իրանցու հետ, ում անունը չի հիշում: Նա իրեն վստահեցրել է, որ մոտ 1, 5 մլն իրանական թումանով, ինչը համարժեք է 500 ԱՄՆ դոլար գումարին, իրեն կտանի Թեհրան: Դրանից մի քանի օր անց ավտոբուսով ինքը մեկնել է աֆղանա-իրանական սահման: Սահմանին հանդիպել է մի խումբ անձանց, որից հետո ոտքով իրենք ապօրինի մուտք են գործել Իրան»:

Ըստ ամբաստանյալի, Թեհրանում գտնվելու ժամանակ ծանոթացել է մի աֆղանցի անձնավորության հետ, որը իմանալով Թուրքիա գնալու իր մտադրության մասին, խոստացել է օգնել սահմանը հատելու համար: «Գնացել են Ազադի ավտոկայան, որտեղ հանդիպել է 20 հոգանոց խմբի և նրանց հետ միասին մոտավորապես մեկ օրից գնացել Մաքու: 2015թ. հոկտեմբերի 5-ին ուղեկցողը տեղյակ լինելով, որ գնում են Թուրքիա, իրեն մատնացույց է արել Թուրքիայի կողմը, հայտնելով, որ պետք է 2-3 ժամ ոտքով գնալ, որտեղ կա գետ, որը պետք է լողալով անցնել: Միասին անցել են Թուրքիայի տարածք, որտեղ թուրքական սահմանապահները ձերբակալել են խմբին, սակայն ինքը, Սեդիղոլլահն և Զաիվառդին դիմել են փախուստի: Երկար քայլելուց հետո հանդիպել են գետի»: Ամբաստանյալները կատարածի համար զղջացել են և խնդրել մեղմ պատիժ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երկու օր առաջ Արտաշատի մոտակայքում, Եղեգնավան բնակավայրում, ռուս սահմանապահները ձերբակալեցին մի անծանոթի, որը փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը։ Ձերբակալվածը ասել էր՝ հովիվ է:

«Առավոտ» օրաթերթ

 22.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930