Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը, դերասանուհին, գրողը

Սեպտեմբեր 23,2017 13:30

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի համար տարին հոբելյանական է: Ներկայացնում ենք կարծիքներ նրա դերասանական արվեստի եւ գրականության մասին տպագրված, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական կարծիք կազմել Անահիտ Թոփչյանի անցած ուղու մասին:

Ան՝ բեմ կբարձրանա հանճարներուն հատուկ սրբազան երկյուղ մը սրտին մեջ և անոնց պես վստահ հաղթանակին: Ուժերու գերագույն լարում: Մտքի և հոգիի հազվագյուտ կեդրոնացում: Նպատակին ինչ գնով ալ ըլլա հասնելու ոչ միայն վճիռ և գիտակցություն, այլ նաև կամք, ամբողջ ներքին աշխարհը իրեն հպատակեցնող ուժ:

Անահիտ Թոփչյանը կը հաջողեր սրահը ենթարկել իրեն, հմայել իր արվեստով և ստիպել հանդիսականները, որ ալեկոծվին իրենց սրտերը, ընդունին որ ինք ստեղծված է Փառանձեմի դերը կատարելու համար և ընդունին որ անկարելի է մտահղանալ և մարմնավորել ավելի կատարյալ, ավելի կենսունակ Փառանձեմ մը: Սիրելի դերասանուհի՝ Անահիտ Թոփչյան, Ժամանակը քեզ պիտի դարձներ Հայաստանի դերասանուհիներու թագուհին, ան՝ Ժամանակը պիտի տար քեզի՝ կոչումներեն բարձրագույնը, անմահության վկայականը, նախախնամության դրած կնիքով:

Վահան Նավասարդյան, «Հառաջ», Փարիզ, 30 հունիս, 1990 թ.

Անահիտ Թոփչյանն իր ամբողջ տաղանդը, իր ամբողջ ոգին ու հույզն է դրել այդ հոյակապ մենախոսության մեկնաբանության մեջ: Գրենոբլի հանդիսատեսը բարձր գնահատեց նրա ներկայացումը, քանզի Անահիտը գերող, ցնցող և հզոր տաղանդի տեր դերասանուհի է:

Իշխան Մարտիրոսյան, «Կամք», Փարիզ, 14-15 մայիսի, 1990 թ.

Անահիտ Թոփճյանի տաղանդը գերող է, ապշեցնող, կ’ապրի իր մարմնավորած անձին հոգեվիճակը, և կբնորոշե բացառիկ ճկունություն: Անվարան կրնանք զինքը սեպել Հայաստանի դերասանուհիներու թագուհին:Եթե հայ ժողովուրդը ունենա մի քանի տասնյակ Անահիտ Թոփչյաններ, հայ կինը կդառնա ազգային փրկարար կարևոր լաստ:

Մանուէլ Գազանճեան, Լիբանան, «Նոր կեանք», 1993
Համլետի երկխոսությունը մոր հետ ներկայացման գագաթնային, լավագույն տեսարանն է: Մարում է լույսն ամբողջովին և ընդամենը մի շող է լուսավորում Թագուհու` Անահիտ Թոփչյանի սքանչելի դեմքը, որի վրա զարհուրելի փոփոխություն է տեղի ունենում: Հաղթանակող, անձն ամբողջությամբ համակող ինքնավստահությունից դեպի սոսկումը և դեպի այնպիսի դաժան ցավը, որ իսկապես. «Դու ուղղում ես իմ աչքերը հոգուս խորքը, // Եվ տեսնում եմ այնտեղ մի սև դատարկություն…»:

Օլգա Կուչկինա, «Կոմսոմոլսկայա պրավդա», Մոսկվա, 15.04.1981թ.

«Խոստովանություն» ֆիլմում, ինչպես վերջերս իմացա, ռեժիսորն իր մոր դերում երազում էր նկարել հրաշալիորեն օժտված կնոջ, բացի այդ, գեղեցկուհի, դրամատիկ դերասանուհի Անահիտ Թոփչյանին: Փարաջանովը, որն առավել քան ոչ ոք, գիտեր գնահատել ու հիանալ գեղեցկությամբ, հատուկ վերաբերմունք ուներ նրա հանդեպ : Չեմ կասկածում, եթե նկարելու լիներ «Սասունցի Դավիթը» և «Արա Գեղեցիկն ու Շամիրամը», իր համար պատիվ կհամարեր Անահիտին դերեր առաջարկել այդ ֆիլմերում: Ես նրան հրաշալի պատկերացնում եմ՝ ասորական իշխանատենչ և քմահաճ տիրուհու դերում:

Կարեն Քալանթար, «Նովոյե վրեմյա», Երևան, 9 փետրվարի 1999թ

Հայ մարդու, հայ արվեստագետի և հայ գրողի խորքային գիտակցությամբ ապրող ու ստեղծագործող Անահիտ Թոփչյան, հավաքական կերպարն է հայու այն որակին, որով կհատկանշվի մեր ազգային կենսակերպը:

Սալբի Գասպարյան, «Զարթոնք», Բեյրութ, 20 հունվարի 2002թ.

Անահիտ Թոփճյանի առավելությունը այն է, որ ան ո՛չ միայն կը մերվե կերպարին հետ, այլ նաև յուրաքանչյուր նոր կատարում իր հետ կը բերե նրբություններու նոր մեկնաբանություններ ու հետևաբար նաև գեղարվեստական ուժ ու հմայք: Ան իր բեմական գեղարվեստական ուժով ու հմայքով կարողությունը ունի ելեկտրականացնելու պահը և գրավելու հանդիսատեսը: Պարզ է, որ նման հատկանիշներով օժտված դերասանուհին դյուրությամբ պիտի կարողանար հաջողիլ նաև մենակատարման մեջ:

Մովսես Ծիրանի, «Ազդակ», Բեյրութ, 15 օգոստոսի 2005թ.

Անահիտ Թոփչյան, արդեն բազմավաստակ դերասանուհի, կրնանք անվարան զինք կոչել մեր արդի թատրոնին փայլուն աստղը, որպես մենակատար-հեղինակ, իր սքանչելի խաղարկութեամբ, ժամ մը ամբողջ, մագնիսացուց, ցնցեց ու վերացուց հանդիսատես թատերասերներու բախտավոր այն ընտրանին , որ փութացած էր մասնակից դառնալու հոգեկան այս խրախճանքին:

Սարգիս Վահագն, «Նոր Օր», Լոս Անճելես, 27 մայիսի 2000թ.

Անահիտը… Խոսքը չի վերաբերիր Անահիտ մայր դիցուհիին, այլ` հայրենի բեմի ամենեն կարկառուն դեմքերեն` Անահիտ Թոփճյանին, որուն շատեր պիտի չվարանեին անվանել նաև Հայ Բեմի դիցուհի, թե՛ իր բացառիկ կատարումներուն և թե մա՛նավանդ իր բեմական հմայքին ու կանացի գեղեցկության համար:

Մովսես Ծիրանի, «Ազդակ», Բեյրութ, 15 օգոստոսի 2005թ

….Մեծ դպրոց անցած մեծ դերասանուհին, ի վերուստ օժտված լինելով բնատուր տաղանդով, խոսքի և պլաստիկայի վարպետ ներդաշնակումով, կարողացավ ալեկոծել, քարացնել ունկնդրին: Նա խաղում է պարզ, մաքուր, առանց ճիգ ու ջանքի, հավաստի ու բնական, կերպարի ճշմարիտ զգացողությամբ:

Անահիտ Չորբաջյան, «Հորիզոն», Մոնրեալ, Կանադա, 15 մարտի, 2006թ

Շատ է գրվել ու խոսվել Անահիտի գեղեցկության մասին, սակայն պետք է զանազանել կյանքի գեղեցկությունը, կամ, ինչպես սփյուռքահայ արվեստաբան Մովսես Հերկելյանն էր գրում` «Անահիտի երկնապարգև գեղեցկությունը» («Ազդակ», Բեյրութ, 15 օգոստոսի 2005թ) բեմական, կերպարային գեղեցկությունից: Կյանքի գեղեցկությունը բնությունից ստացածն է, իսկ բեմական գեղեցկությունը տաղանդի նշան է: Եվ հետո, Անահիտի գեղեցկությունը լի է բովանդակությամբ: Դա իմաստավորված գեղեցկությունն է` վսեմ արվեստի արտահայտություն:Եվ Անահիտ Թոփչյանը եղավ մեկը նրանցից, ովքեր ապացուցեցին, որ հայ մշակույթն իրոք հասել է բարձր` միջազգային մակարդակի:

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Կինո», N3(21), 2013թ

Արվեստագետի, գրողի, դերասանի անհատականության շեշտված մի տեսակ կա, որ կյանքի ինչ հանգամանքներով, ուր էլ որ լինի՝ ինչ դաշտում էլ իրագարծի ստեղծագործական իր գաղափարները, ինչ մետամորֆոզների միջով էլ որ անցնի, առաջադեմ և անգամ՝ համարձակ, իր մարդկային արժանապատվության և սեփական դիմագիծն անխաթար պահելու շնորհիվ, մշտապես նախ ազգային արժեք է : Իմ խորին համոզմամբ ա՛յս արժեքի մեջ է Անահիտ Թոփչյանը : Մագնիսացնող հմայքի տեր դերասանուհի, անշփոթելի ձայնով, դերասանական անմոռաց խաղով, թատրոնի և կինոյի հարյուրից ավելի կերպարներում՝ իր առաջին բեմական Եվայից՝ եվա, և, ամենատարբեր եվաների հոգեբանության ամենանուրբ բացահայտումների հեղինակ՝ ինքնատիպ արձակագիր, որի հերոսուհիները գալիս են համալրելու դերերի հարուստ պատկերասրահը, իսկ գրքերն արժանիորեն գնահատվում ու սիրվում են ոչ միայն հայրենիքում :

Գոհար Գալստյան, 2017թ.

Անահիտ Թոփչյանը հեռու էր ստերեոտիպ դարձած հայ հերոսուհու կերպարից: Նրա արիստոկրատիզմը և «անհարկի» ինտելեկտը որոշակիորեն չէին մերվում մեր ռեժիսորների՝ հայուհու կերպարի պատկերացման մեջ: Հայտնվելով Փարիզում, Անահիտն անսպասելի բացահայտեց իր տաղանդի մեկ այլ կողմը: Պարզվեց, որ նա թատրոնին կարող է ծառայել ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես չափազանց ինքնատիպ դրամատուրգ: Ժողովածուի մեջ ամփոփված նրա պատմվածքները յուրատեսակ մոնոներկայացումներ են՝ լի հումորով և միաժամանակ ողբերգականությամբ: Այսինքն, դրանք պետք չէ պատմել, այլ պետք է կարդալ: Գրքում արտացոլված է Հայրենիքից հեռացած, բայց իր անհատականությունը պահպանել ձգտող մարդու դառը փորձը:

Արմեն Վաթյան, «Ռեսպուբլիկա Արմենիի», 10 նոյեմբերի, 1998թ.

Նրան կարող եմ անվարան համարել հմայիչ կին, գեղեցիկ դերասանուհի, տաղանդավոր գրող: Երեք տարբեր բնույթի տաղանդ է տեղավորվել նրա հոգում: Աստված թող շատ չհամարի, սակայն կարծում եմ՝ դեռ քիչ եմ ասում Անահիտ արվեստագետի մասին:Անահիտ Թոփչյանը ամեն առումով մեր գրական և արվեստի բնագավառում կմնա իբրև անկրկնելի երևույթ:

Անահիտ Երեմյան, «Մասիս» օրաթերթ, Փասադենա, 20 մայիսի,  2000 թ.

Նման պատմվածքներ հազվադեպ կարելի է ընթերցել մեր օրերում՝ որտեղ սրամտության քողի տակ սրտակցություն կա` մարդկային չստացված ճակատագրերի հանդեպ, ճիշտ ընտրված կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիվ պատմությունը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների՝ Սարոյանին, Մարկեսին, Կորտասարին, Օեին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերավորություն:

Վ. Թաթիկյան,  «Ազգ», 10 դեկտեմբերի 1998թ.

Այս բոլորին մեջ ամենեն հուզիչը, ուշագրավն ու քաջալերականը հոն է, որ տաղանդաշատ դերասանուհին, փոխանակ փարիզյան խստաշունչ կլիմային տակ խամրելու, ներքին իր կրակեն ու հրայրքեն պարպվելու` իր գրական շնորհները բացահայտեց պատմվածքներու բավական լուրջ հատորով մը հանդես գալով, ուր հասուն արձակագիրի ինքնուրույն ոճ կը դրսևորե:

Պողոս Գուբելյան,  «Ասպարեզ», Գլենդեյլ, 22 դեկտեմբերի 2006թ.

Անահիտ Թոփչեանը իր նոր վեպով սփիւռքահայ և հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վեպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է:

Պողոս Գուբելյան, «Ասպարեզ», Գլենդեյլ, 1 նոյեմբերի, 2010թ.

Անահիտ Թոփչյանի հերոսը՝ օրավուր ահագնացող բարոյալքման ու ոգեզրկման միջավայրում՝ անզիջում անհատն է, ինքնապավեն պայքարի մարտիկը՝ ընդդեմ կեղծ բարեպաշտության, ընդդեմ ցինիզմի ու ընդդեմ մարդու ոգեղեն թռիչքները կասեցնող ամեն տեսակի խաթարումների… Ընդդեմ նախանձի ու չարության, առանց պատճառի ատելության, հանուն սիրո, հանուն ինքնակատարելության, հանուն ճշմարտությա՛ն ի վերջո, որի խեղաթյուրված շահարկումների դեմ բացահայտում անելու միանգամայն մարդկային ձգտումը ևս ներքին բարոյականության պահանջն է, եթե ո՛չ ամենից կարևորը:

Գոհար Գալստյան, «Հորիզոն», գրական հավելված, դեկտեմբեր, Մոնրեալ, 2011թ.

Անահիտի «Անհետացում» վեպն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային հնչեղություն և տարողություն, ի մասնավորի մեր ժամանակներուն համար, ուր գրեթե համատարած երևույթ դարձեր են սուտին ու կեղծիքին խնկարկումն ու փառաբանումը և արժանավորին անտեսումն ու ոտնահարումը… Հուսկ՝ միջակություններու տիրապետումը և լավագույններու լուսանցքայնացումն ու անհետացումը:

Երան Կույումճյան, «Ազատ ձայն», հունվար, 2011թ., Կիպրոս, Նիկոսիա

Անահիտ Թոփչեան՝ իր «Տագնապ» վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորաթափանց հոգեբանի հայացք, յանդգնութիւն՝ ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ… և, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական և խորագոյն իմաստով:

Երան Կույումճյան, «Ազատ Խոսք», Կիպրոս, 17, սեպտեմբեր, 2012թ.

«Առավոտ» օրաթերթ

 22.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930