Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում՝ Չորաթան, Արծվաբերդ գյուղերում, Բերդ քաղաքում աշխատանքային ձեռնոցի արտադրամասեր, բազում աշխատատեղեր ստեղծած «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն լավ գործ է արել: Ընկերության տնօրեն, ծագումով Արծվաբերդ գյուղից գործարար Սուրեն Երիցյանի նախաձեռնությամբ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնին նվիրվել է 1.5 միլիոն դրամ արժողությամբ PSA սարքավորում:
Իմունոֆերմենտային անալիզատոր սարքը հորմոնների անալիզատոր է, այն վահանաձեւ գեղձի, կանացի հորմոնների, սրտամկանի ինֆարկտի տարբերակիչ ախտորոշում է կատարում, շականագեղձի ուռուցքներ հետազոտում: Բերդի ԲԿ տնօրեն Արմեն Մարդանյանից տեղեկացանք, որ սարքավորումը գործարկող մասնագետն արդեն համապատասխան վերապատրաստում է անցել, սարքավորումը սեպտեմբերի 21-ին բերվել է Բերդի բժշկական կենտրոն, այն սեպտեմբերի 24-ից կաշխատի:
Արմեն Մարդանյանը հայտնեց նաեւ, որ Բերդի տարածաշրջանից սերված, Ռուսաստանում բնակվող գործարարների հետ նախնական պայմանավորվածություն կա նրանց օգնությամբ Բերդի ԲԿ-ում լրացուցիչ վիրահատարան գործարկելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ