Այսօր մամլո ասուլիսում խոսելով օտար լեզուների դասավանդման մասին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը հիշեց իր մանկությունը. «Օրինակ, ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որտեղ բոլոր առարկաներն անցնում էինք հայերեն, բայց Անգլիայի և Ամերիկայի գրականությունը` անգլերեն»:
Նախարարը նախ և առաջ պարտավոր է պաշտպանել Լեզվի մասին ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածում գրված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է»:
Ի դեպ, նույն Լեզվի մասին ՀՀ օրենքի խախտման առիթով վերջերս հրապարակային, նաև նամակով դիմել էինք նախարարին` կապված Բարձրագույն կրթության նախագծի հետ:
Պարզվում է` ԿԳ նախարարությունն այս անգամ ևս փորձում է անտեսել ՀՀ Լեզվի մասին օրենքը, որն ակնհայտ է նաև օտար լեզուների քննարկման ներկայացված հայեցակարգերում:
Այդ կապակցությամբ նախարարը հայտարարեց, թե հանրակրթության ոլորտում «Այժմ էլ մենք պատրաստում ենք երեք բլոկ` անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը` լատինատառ հիմքի վրա, կիրիլիցայի հիմքի վրա ռուսերենի հայեցակարգը, ունենալու ենք նաև չինական խորացված ուսուցմամբ դպրոց, հնարավոր է` արևելագիտության ուղղությամբ»:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Հստակ է, որ արգելվում է ՀՀ-ում օտարալեզու կրթությունը հանրակրթության ոլորտում` բացառությամբ ազգային փոքրամասնությունների, մինչդեռ օտար լեզուների հայեցակարգում գրված է. «Օտար լեզվի խորացված ուսուցումը այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն), այսինքն՝ մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենի զուգահեռ դասավանդում նաև օտար լեզվով ավագ դպրոցում» (տե՛ս https://www.e-draft.am/projects/345/about):
Նույնը վերաբերում է նաև Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի հետևյալ դրույթին. «Ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում» (տե՛ս https://www.e-draft.am/projects/415/about): Որքան էլ հայեցակարգի քննարկման առաջարկների մասին ամփոփաթերթում նշվում է, թե դրանք վերաբերում են խորացված ուսուցմամբ դպրոցներին, միևնույնն է, այդ դեպքում ևս այն հակասում է Լեզվի մասին և Հանրակրթության մասին ՀՀ օրենքներին, ուստի առաջարկում ենք հանել այդ դրույթներն առհասարակ:
Մեր կարծիքով՝ ցանկացած օտար լեզվի ուսուցում հնարավոր կլինի լիարժեք և որակյալ իրականացնել միայն այն դեպքում, երբ ուսուցումը կատարվի բացառապես մայրենի լեզվով, որն էլ հենց Լեզվի մասին ՀՀ օրենքի պահանջն է:
Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Զարմանալին այն է, որ ՀՀ կրթության նախարարը ներկայացնում է ՀՅԴ-ն, որը համարվում է ազգային ավանդական կուսակցություն: Բայց Լ. Մկրտչյանի նախարարարական կենսագրությունը ցույց է տալիս նրա անտարբեր, ապազգային և օտարահաճո հայացքները: Բայց ասուլիսների ժամանակ նա փորձում է գեղեցիկ երանգներ տալ իր քայլերին: Եվ ինչպես ասվում էր մի հումրիստական հաղորդման մեջ` ոնց է կրուտիտ ըլնում:
Տարօրինակ է նաև որ իր կուսակցության` օտարալեզու կրթության ջատագով անդամի քայլերի մասին ՀՅԴ-ն լռում է: Եթե կուսակցությունը համամիտ է, թող հայտարարի, որ դա նաև իրենց կուսակցության ծրագրով է այդպես, եթե ոչ` թող հետ կանչի նրան նախարարի պոստից: