Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի պատասխանները զայրացրել են ադրբեջանցի լրագրողներին. նրանք խեղաթյուրել են հայ պատվիրակների խոսքերը  

Սեպտեմբեր 22,2017 20:14

Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի  համաժողովի ընթացքում այսօր հայկական  պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես պատվիրակության ղեկավար, եւ պատգամավոր Մանե Թանդիլյանը, հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Արմեն Աշոտյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ասուլիսը բավականին երկար է տեւել, հայկական պատվիրակության հանդեպ ուշադրությունն ակնհայտ էր՝ մեծ թվով լրագրողներ կային:

«Հարցադրումները սուր էին, մեր պատասխաններն էլ՝ համարժեք: Ադրբեջանական լրատվամիջոցները փորձեցին շահարկել ներքին տեղահանվածների խնդիրը՝ ներկայացնելով ուռճացված թվեր, խոսելով իրենց խնդիրների եւ իրավունքների մասին: Ստիպված եղա իրենց հիշեցնել, որ իմ մայրական արմատն էլ է այս քաղաքից, եւ Բաքուն ժամանակին եղել է բազմազգ քաղաք, որտեղ հայերը, հույները, հրեաները, ռուսները մասնակից են եղել այդ քաղաքի կերտմանը: Հայկական հետքը Բաքվում այսօր էլ է առկա: Այն պատմական եւ մշակութային ժառանգություն է,  որը ստեղծել են մեր հայրենակիցները տարիներ շարունակ»,-մեզ հետ զրույցում փոխանցեց Արմեն Աշոտյանը:

Նա փաստեց, որ ադրբեջանական մամուլն իր քարոզչամեքենային ձեռնտու կերպով է իր պատասխանները ներկայացրել, սակայն ասուլիսի տեսագրությունն առկա է, եւ առայժմ չի հրապարակվում՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Որոշ հարցերի պատասխաններն էլ Բաքվի քարոզչամեքենան առհասարակ չի հանրայնացրել: «Խոջալուի դեպքերի հետ կապված իմ հարցի պատասխանն առայժմ չեմ գտել ադրբեջանական լրահոսում: Իրենք փորձեցին խոսել Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանության» մասին, ես էլ իրենց խորհուրդ տվեցի կարդալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը Комсомольская правда թերթին, որում նա պարզ նկարագրում է՝ այդ դեպքերը կազմակերպվել են «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» կողմից, որպեսզի իշխանափոխություն իրականացնեն: Իմ պատասխանը զայրացրեց որոշ լրագրողների, որոնք թողեցին-հեռացան»,- պատմեց պարոն Աշոտյանը:

Արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ էլ Արմեն Աշոտյանն ընդգծել է՝ այս պահին քննարկման առարկա պետք է լինեն Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները՝ հետաքննության մեխանիզմների ներդրում եւ վստահության միջավայրի ապահովում. «Ներկայում դրանք իրականություն չեն դառնում Ադրբեջանի պահվածքի պատճառով: Նաեւ թվարկեցի հիմնական սկզբունքները՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, անվտանգություն: Ադրբեջանական մամուլը փոխեց դրանց հերթականությունը՝ առաջինը նշելով տարածքային ամբողջականությունը»:

Ադրբեջանական մամուլի խեղաթյուրումներից չի խուսափել նաեւ մյուս պատվիրակը՝ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Արմեն Աշոտյանը նշեց. «Նրա բովանդակային եւ թեմատիկ զեկույցը խեղաթյուրումներով ներկայացվեց: Տիկին Թանդիլյանի զեկույցի տեսագրությունը մենք եւս ունենք»:

Արմեն Աշոտյանը նկատում է՝ Ադրբեջանում հայատյացության քարոզչությունն անժխտելի փաստ է եւ այն բավականին ակտիվ է արտահայտված. հայ պատվիրակների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար բավականին մեծ թիմ է աշխատում. «Մենք երեկ անգամ հնարավորություն ունեցանք զբոսնելու քաղաքի կենտրոնում, այցելելու սրճարան, ճաշելու: Այսինքն, անվտանգային միջավայրը ստեղծված է, բայց այդ ուղղությամբ բավականին մեծ թիմ է աշխատում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուդիկ says:

    Փաստորեն գեներալ Մանվելը թեյ չխմեց, բայց Մանեն ու Աշոտյանը սուրճ խմեցին…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930