Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» բողոքի ցույց է կազմակերպել՝ Հայաստանի խորհրդարանի անդամների՝ Բաքու կատարված այցի դեմ, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը Բաքվում մասնակցում են «Եվրանեսթի» նիստին:
Կազմակերպության ակտիվիստները հավաքվել են երկրի Միլի մեջլիսի շենքի առաջ, որտեղ տեղի է ունենում հայ խորհրդարանականների մասնակցությամբ միջոցառումը՝ հանդես գալով «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անհապաղ լքեն Բաքուն» կարգախոսներով:
Բացի այդ, ցույցի մասնակիցները ոտնակոխ են արել հայկական դրոշը, փորձել այրել այն, սակայն դա կանխվել է ոստիկանության աշխատակցների կողմից: Ավելի ուշ իրավապահները դուրս են տարել ցույցի մասնակիցներին:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում անցկացվող «Եվրանեսթ»-ի նիստին հայ խորհրդարանականներին հրավիրելը վիրավորում է ադրբեջանցի շեհիդների և ամբողջ ադրբեջանցի ժողովրդի հիշատակը:
«Քանի դեռ մեր հողերը գտնվում են օկուպացված, պատանդ են պահվում մեր մայրերն ու դուստրերը, մեր համերկրացիները՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Ղուլիևը, ցանկացած առիթով հայերի այցը Բաքու անթույլատրելի է: Պետք է մեկընդմիշտ վերջ տալ նման փորձերին: Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի օկուպանտ վարչակարգի ներկայացուցիչներն անհապաղ հեռացվեն համաժողովից և լքեն Ադրբեջանի տարածքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ