Սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էր Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահ Սիրանուշ Խաչատրյանը:
Սիրանուշը նախորդ անգամ Սևան էր այցելել 2016թ. օգոստոսին Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախմբի հետ. նա նաև երգչախմբի մասնակից է:
Այս անգամվա այցը Սևան ուներ մի քանի շարժառիթ. նախ` ծանոթանալ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ, ապա` արդեն իրականություն դարձած ծրագրերին անդրադառնալ` խոսելով ապագա աշխատանքների մասին:
Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ» և թիվ 4 «Գալիք» մանկապարտեզներում և Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում իրականացվել է արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիր, որը իրականություն է դարձել Գրենոբլի քաղաքապետարանի և Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախմբի հովանավորությամբ:
Մինչ համայնքի ղեկավարին հյուրընկալվելը Սիրանուշ Խաչատրյանը համայնքապետարանում հանդիպեց թիվ 1 «Բողբոջ» և թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների տնօրեններ Ծովինար Բադալյանի և Սվետլանա Կարապետյանի հետ: Նրանք իրենց, մանկապարտեզի աշխատակազմի և փոքրիկների կողմից պատրաստված պաստառները հանձնեցին Սիրանուշին, որոնք իրենց տեղը կգտնեն Գրենոբլի մշակույթի տանը:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ հանդիպումը կառուցողական էր և նպատակային:
Հանդիպման սկզբում Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք Սևանի համար ունեն իրական նշանակություն և հեռանկարային են, մասնավորապես` այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներ, Սևանի հաստատություններում և մասնավոր սեկտորում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ:
Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահը սևանցի գործընկերներին ներկայացրեց Գրենոբլում գործող հայկական համայնքը, դրա դերակատարումը քաղաքում, համագործակցված աշխատանքը ֆրանսիական կողմի հետ, ունեցած ձեռքբերումները, հայապահպան գործունեությունը:
«100 տարուց ավելի հայերը Ֆրանսիայում են, միշտ աշխատել են, հարգել հյուրընկալող երկրի օրենքները: Օրինապահ և լավ քաղաքացի լինելու դեպքում այս երկրի դռները միշտ ել բաց են, առաջ գնալու հեռանկարներ կան, որոնք պետք է օգտագործել խելամտորեն»,- ասաց Սիրանուշ Խաչատրյանը:
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, գնահատելով գործնական-ընկերային հարաբերությունների դերը համայնքային կյանքի աշխուժացման և զարգացման գործում, կարևորեց Սևան-Գրենոբլ համագործակցությունը, համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, միաժամանակ անդրադարձավ Պրահա-Վինոր մեկամյա համագործակցությանը, որն արդեն տալիս է իր առաջին լուրջ պտուղները:
«Գործի մեջ պետք է սիրտ և հոգի դնել, որի արդյունքում աշխատանքը կլինի տեսանելի: Ես սիրում եմ իմ ղեկավարած համայնքը, և բնակիչներն էլ արդեն նկատել են կատարված աշխատանքը` սոցիալականից մինչև տնտեսական, ենթակառուցվածքների վերականգնումից մինչև ապակենտրոնացված համագործակցություն,- նշեց համայնքի ղեկավարը` հավելելով,- ծրագրեր շատ կան, անգամ միջազգային կարգի, որոնց իրականացման ականատեսն ու կրողը կդառնանք 2018թ-ին»:
Համայնքի ղեկավար Մուրադյանը, խոսելով համայնքային առաջնահերթությունների մասին, առանձնացրեց օրակարգային կարևոր մեկ հարց` ուսանողական ավտոբուսի գործարկումը, որի կարիքը շատ կա:
Ավտոբուսի կամ ավտոբուսների գործարկումը լինելու է անվճար, ծառայելու է համայնքի ուսանողներին, որի շնորհիվ լուծվելու է սոցիալական ևս մեկ հրատապ խնդիր:
Սիրանուշ Խաչատրյանը խոստացավ համայնքի ղեկավարի խնդրանք-ցանկությունը հայտնել Գրենոբլի հայ համայնքին և ստանալ նրանց աջակցությունը:
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հրաժեշտից առաջ նշեց. «Բարձր եմ գնահատում և արժևորում եմ այն ամենը, ինչն արդեն իրողություն է, ինչ արդեն ունենք: Պետք է աշխատել ստեղծելու մնայուն գործեր, որոնք կունենան առավել շատ շահառուներ և համայնքային կյանում լուրջ դերակատարում: Հենց դա էլ կլինի արդյունավետ համագործակցության լավագույն արդյունքը»:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ