«Եվրամիությունը ցանկանում է կառուցել բարգավաճման գոտի իր սահմանների կողքին: ԵՄ-ն չունի ոչ մի թաքնված օրակարգ, պարզապես ուզում է, որ իր հարակից երկրները դիմակայեն իրենց առջև կանգնած խնդիրներին և զարգանան: Հայաստանը ԵՄ-ի հետ սահման չունի, բայց սա վերաբերում է նաև Հայաստանին: ՀՀ-ն Եվրոպայի անքակտելի մասերից է, և մենք ցանկանում ենք այս տարածաշրջանում շատ ակտիվ քաղաքականություն վարել: Սա է ԵՄ տեսակետը»,- այսօր «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Եվրոպան սկսել է նոր քննարկումներ, որոնք կհստակեցնեն միավորման նոր ձեւը: Դեսպանը դա կարեւոր է համարում նաեւ Հայաստանի համար: Այս տարածաշրջանում ԵՄ-ն պատրաստվում է ակտիվ քաղաքականություն վարել:
Իր նոր քաղաքականությունում ԵՄ-ն շատ ավելի մեծ տեղ է հատկացնում հարևան երկրների հետ հարաբերություններին`հավաստիացնում է դեսպանը`նկատելով`սա Հայաստանի համար էլ դրական ազդակ է: ԵՄ-ն իր քաղաքականությունը հարեւանների նկատմամբ վերանայել է ուկրաինական ճգնաժամի համատեքստում:
Դեսպանը հավաստիացնում է`ԵՄ-ն հաղթահարում է նաեւ տնտեսական ճգնաժամը: ԵՄ անդամ մի շարք երկրներ անցնող տարում սկսել են տնտեսական աճ գրանցել: Սա եւս դրական հեռանկարներ է խոստանում ԵՄ-ին:
Իսկ որքա՞ն կարեւոր է ԵՄ-ն Հայաստանի համար`իր իսկ հարցին դեսպանը պատասխանեց, որ ինքը կցանկանար, որ այդ կարեւորության գիտակցումը լիներ իրականում այնպիսին, ինչպես որ է, թեեւ որոշ փաստաթղթերում դա այդպես արտացոլված չէ: Օրինակ, կառավարության արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրում, ԵՄ-ի հետ հարաբերությունները ներկայացված են իբրեւ բազմակողմ հարաբերություններ:
Դեսպանի կարծիքով, Հայաստան-ԵՄ հարաբերություններն այժմ երկկողմ են: Նաեւ` շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել նոյեմբերին, նույնպես վերաբերում է երկկողմ հարաբերություններին: «Հուսով եմ, որ ապագայում Հայաստանը ԵՄ-ն կդիտարկի մի ամբողջական հարաբերությունների մաս ԵՄ անդամ պետությունների հետ առանձին հարաբերություններում: Կարծում եմ, Հայաստանի համար կարևոր է, որ ԵՄ-ն չդիտարկվի պարզապես միջազգային կազմակերպություն, անհրաժեշտ է ԵՄ-ն դիտարկել որպես կարևոր գործոն»,- ասաց նա:
Որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարությունը հստակեցրեց-հրապարակեց իր առաջնահերթ տնտեսական գործընկերների ցանկը: Դեսպանը նկատում է` այդ ցանկում ՀՀ-ի եվրոպական կարեւոր գործընկեր Ֆրանսիան 7-րդ տեղում է, ներդրումների եւ առեւտրի առումով Հայաստանի ամենամեծ գործընկեր Գերմանիան` 8-րդ տեղում, Իտալիան`9-րդ: Առաջին տեղում ՌԴ-ն է, երկրորդ տեղում ԱՄՆ-ը, թեեւ այդ երկրի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելի փոքր է, քան Գերմանիայի հետ:
Այս ցանկից ելնելով, դեսպանը ենթադրում է, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական ներուժը շատ հեռու է ամբողջովին օգտագործված լինելուց, թեպետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալների մասով Եվրամիությունը առաջին տեղում է:
Ի դեպ, վերջերս խորհրդարանում էլ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով ՀՀ-ից արտահանումների ծավալն անհամեմատ մեծ է դեպի ԵՄ երկրներ, քան ԵԱՏՄ երկրներ:
Մեջբերելով վարչապետին`Պյոտր Սվիտալսկին փաստում է, որ ԵՄ-ն թիվ մեկ ներդրողն է Հայաստանում: ՀԲ-ի տվյալներով, տարբեր խողովակներով`վարկեր, դրամաշնորհներ եւ այլն, Հայաստան մտնող գումարների մոտ 60 տոկոսը գալիս են ԵՄ-ից կամ նրա անդամ պետություններից: Միայն Բրյուսելից 50 միլիոն եվրո է տրամադրվել ՀՀ-ին:
Ըստ դեսպանի, անցյալ տարի այդ առումով ռեկորդային է եղել. Բրյուսելից Հայաստանի կառավարական եւ ոչ կառավարական հաշիվներին փոխանցվել է 63 միլիոն եվրո: Այս ամենով հանդերձ, Պյոտր Սվիտալսկին նկատում է. «Մեզ համար ավելին է, որ հայաստանյան մեր գործընկերները, ներկայիս կառավարությունը ԵՄ-ն Հայաստանի համար դիտարկում է ավելին, քան պարզապես տնտեսական կամ ֆինանսական աջակցություն տրամադրող կամ քաղաքական դերակատար»:
Իր կարծիքով, ՀՀ կառավարությունում ԵՄ-ն դիտակում են որպես արդիականացման եւ բարեփոխումների աղբյուր: «Կարծում եմ՝ Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ որոշակի իրազեկվածության պակաս կա: Այստեղ լավ չգիտեն, թե ինչպես է ԵՄ-ն գործում, որն է այն ազդեցությունը, որ ԵՄ-ն ունենում է իր անդամ պետությունների վրա: Հայաստանը հիմա հնարավորություն չունի ԵՄ-ին միանալ, Հայաստանն անգամ ասոցացման ուղու վրա էլ չէ, բայց, այնուամենայիվ, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ԵՄ-ն գործում: ԵՄ ազդեցությունը Հայաստանի վրա զգալի է՝ դրական իմաստով»,- ասաց դեսպանը`հավելելով, որ Հայաստանի համար կենսական է, որ ԵՄ-ն ուժեղ լինի:
Խոստովանում է, վերջին տարիները Եվրամիության համար դժվար են եղել՝ փախստականների ճգնաժամ, Brexit, Ուկրաինայի ճգնաժամ, բայց համոզված է՝ ԵՄ-ն՝ լավ ապագայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ