Հայաստանի նոր կառավարությունը մի շարք շատ կարեւոր քայլեր է արել`ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման համար: Համենայնդեպս, այս կարծիքին է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա այսօր մասնակցում էր «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովին: Իբրեւ օրինակ, դեսպանը նշում է այն, որ հաշիվները, որոնք դուրս էին գրվում ԵՄ-ում, այսուհետ ընդունվելու են մաքսազերծման հիմք: «Նոր կառավարությունը հաստատեց, որ դա հնարավոր է եւ կարեւոր»,- ասաց դեսպանը`հավելելով, որ կառավարությունը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, ինչը կարեւոր է նաեւ հայաստանցի գործարարների համար:
ԵՄ-ում կարեւորում են Հայաստանի կառավարության կամքը`կոռուպցիայի դեմ պայքարում: Դրական են գնահատում Հակակոռուպցիոն գործակալության հիմնումը, պաշտոնյաների ունեցած ակտիվների հայտարարագրումը եւ այլն: «Դրանց շատ երկար էինք սպասել, շատ լավ է»,- ասում է Պյոտր Սվիտալսկին: Վստահ է, որ սահմանադրական անցումային այս փուլում կհաջողեն նաեւ Հայաստանում արդարադատության ոլորտի անկախության հասնել: Արդարադատության նախարարության հետ ակտիվ երկխոսության մեջ են:
Դեսպանն ընդգծում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը: Ասում է`հատուկ ծրագիր ունեն այս ոլորտում ՀՀ-ի հետ: Հիշում-հիշեցնում է`ԵՄ-ն աջակցել է հայաստանյան ընտրություններին` 90- տոկոս ֆինանսավորելով տեխնիկական աջակցության համար ՄԱԿ-ի զարգացման ծագրի շրջանակներում: Կարծում է, որ ՀՀ-ն փայլուն աշխատանք կատարեց այդ ընտրություններում`տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման առումով, այն էլ`այսքան կարճ ժամանակահատվածում: «Ուրիշ որեւէ երկրի այսպես չի հաջողել»,- ասում է նա:
Այժմ համատեղ աշխատում են այն թերությունների վերացման վրա, որոնց մասին ընտրություններից հետո բարձրաձայնեց ԵԱՀԿ\ԺՄԻԳ-ը, նաեւ ինքը`դեսպանը:
«Ես հավատում եմ Հայաստանի ապագային եւ լավ ապագային: Հայաստանն ունի շատ բարձր ինտելեկտուալ ներուժ: Հայաստանի էմբլեմատիկ բնութագրերից է հայերի ձեռնարկատիրական ձիրքը: Հայաստանում գիտեն թե ինչպես բիզնես անել`չնայած ֆինանսական միջոցների դժվար հասանելիությանը: Միատարր ազգ եք, համերաշխության զգացողությունը մեծ է, դուք գիտեք թե ինչպես աշխատեք, որպես ազգ, կրոնական եւ էթնիկ խումբ: Դուք ունեք մի կողմից փակ սահման, մի կողմից պատերազմ, հեշտ չէ, բայց այս ամենով հանդերձ ներկայիս քաղաքական զարգացումներով դուք կարող եք դրական ելք ունենալ: Դուք կարողացել եք ստեղծել պետություն եւ պահպանում եք այն: Մենք ձեզ չենք կարող լավ ապագա բերել, բայց մենք կարող ենք օժանդակել ձեզ: Ձեր ձգտումները հավակնոտ են, բայց դուք կարող եք հասնել դրանց: Խնդիրը երիտասարդ հայերին Հայաստանում պահելն է»,- ասաց դեսպանը:
Դեսպանը հավատում է նաեւ ՌԴ-ի եվրոպական ապագային: Ինքը հավատում է, որ ՌԴ-ն եվրոպական ուժ է, թեեւ ունի հսկայական ընդլայնում դեպի Ասիա: Ասում է`ՌԴ-ն կունենա իր եվրոպական ապագան: Նկատի չունի տեսանելի ապագայում ՌԴ-ի անդամակցությունը ԵՄ-ին, նկատի ունի ռուսների եվրոպական ապրելակերպը: Եվ քանի որ ԵՄ-ՌԴ հակամարտությունն ազդում է Հայաստանի վրա, դեսպանը նկատում է. «Սա է լավագույն ելքը Հայաստանի համար: Հայաստանին անհրաժեշտ է ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը, բայց բաց հորիզոններ են պետք`այլ պետությունների հետ հարաբերությունների համար: Նայեք որքան հայեր են ապրում եվրոպական երկրներում, նայեք հայերի կապերին`Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերին»:
Ասաց նաեւ, որ ԵՄ-ն պատրաստ է տնտեսական համագործակցությունների ԵԱՏՄ-ի հետ. «ԵՄ-ն ճանաչում է ԵԱՏՄ-ի դերակատարությունը, այդ թվում նաեւ Հայաստանում: Գուցե շփումները շատ ինտենսիվ չեն, բայց մենք գնում են դեպի ապագա`հասկանալու ԵԱՏՄ-ի նպատակը: Կան մի շարք տարրեր, որոնք խանգարում են ավելի լավ հարաբերություններին, բայց ես լավատես եմ: Մնացածը պետք է որոշեն ԵԱՏՄ-ի ղեկավարները`թե ի՞նչ հավակնություններ ունեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ