«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց նաեւ Սահակ Սահակյանը: Նա դատարանին հայտնեց, որ գործով մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանն իր ընկերն է, որին տվել է սեփական ավտոտնակի բանալին՝ այդտեղ ինչ-որ իր դնելու համար: Սահակյանը հետագայում՝ քննիչի մոտ է իմացել, որ այդ իրը զենք է եղել: «Ասեց՝ «վեշ» պետք ա դնի, ես էլ բանալին տվեցի ու գնացի: Փաթաթած բան էր, թե ինչի մեջ՝ չեմ հիշում…մեկ-երկու օր մնաց ավտոտնակում»,-պատմեց Սահակ Սահակյանը: Նա չի էլ փորձել հետաքրքրվել, թե այդ «վեշն» ինչ է եղել. ընդ որում, նրա ընկեր Հովհաննեսը նախկինում չի խնդրել ավտոտնակում ինչ-որ բան պահել:
Այս նիստին այլ վկաներ չէին ներկայացել, նրանց թիվն ընդհանուր առմամբ 14 է: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ ուրբաթ՝ 11. 00-ին:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ