Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն առանձնապես լավատես չէ. ըստ նրա՝ երկու նախագահների՝ ՄԱԿ-ում հնչեցրած ելույթներից հետո երևաց, որ ոչ միայն հույս չկա բանակցային գործընթացի հաջողության, այլև այն վերսկսելու և տրամաբանական հունի մեջ դնելու:
«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մելիք Շահնազարյանը, վերլուծելով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների ելույթները ՄԱԿ-ում, ասաց՝ դրանք ապացուցեցին, որ երկու նախագահները հակադիր դիրքորոշում ունեն:
Այս համատեքստում ըստ քաղաքագետի՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաղը սպասվող հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկան:
Անդրադառնալով կոնկրետ Սերժ Սարգսյանի ելույթին՝ պարոն Մելիք-Շահնազարյանն ասաց. «Երևաց, որ Սերժ Սարգսյանը խոսում է առանց դիվանագիտական չակերտների: Հստակ ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը խստացնում է իր դիրքերը բանակցային գործընթացում: Սերժ Սարգսյանի ելույթի երկրորդ ուղերձը վերաբերում էր Թուրքիայի հարաբերություններին՝ փաստի առաջ կանգնեցնելով այդ երկրին և նպատակ ունենալով կտրել Հարավային Կովկասում ավելի ակտիվ դերակատարություն ունենալուց: Պաշտոնական Երևանը որոշակի վտանգ է տեսնում արևմտյան հարևանից, փորձում քաղաքական եղանակով այդ ակտիվությունը կանգնեցնել տարածաշրջանում»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ քաղաքագետն այն համարեց Սերժ Սարգսյանի գնահատականներին նյարդային արձագանք. «Իլհամ Ալիևը փորձեց միջնադարյան մոտեցումներով առաջնորդվել ու մեղադրանքներ հնչեցրեց: Սա ցույց տվեց, որ Ալիևի քաղաքական օրակարգն ընդամենն արձագանքելն էր: Անձնական մեղադրանք հղելով Սերժ Սարգսյանի հասցեին՝ նա ցանկացավ սրությունը պահել: Ալիևի ելույթից մեկ հետաքրքիր փաստարկ կարելի է նշել. նա խոսեց ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կորուստների մասին: Այս ելույթից կարելի է նկատել, որ պատերազմ է նախատեսվում, և քաղաքական դաշտում ասելիքները սահմանափակվում է իր ստանդարտ մոտեցումներով»:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան-սփյուռք համաժողովին տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին, որոնք արվեցին ոչ թե բուն հայտարարության ժամանակ, այլ հետո հարցերի պատասխանների ներքո, պարոն Մելիք-Շահնազարյանը նկատեց. «Այն քննադատությունը, որը հետևեց այդ հայտարարություններին, վկայում է այն մասին, որ Արցախում որևէ մեկը տրամադրված չէ տարածքներ զիջելու: Պաշտոնական Երևանն էլ նման տրամադրվածություն չունի: Այս պարագայում կամ ԱԳ նախարարի անզգուշության հետ գործ ունեցանք, կամ էլ Նալբանդյանը խոսում է այն տրամաբանության մասին, որը գոյություն ուներ մինչև 2017-ի օգոստոսյան սրացումները, ինչն ամրագրվեց ապրիլյան պատերազմով: Մադրիդյան սկզբունքների արդյունքը ապրիլյան պատերազմը եղավ»:
Պարոն Մելիք-Շահնազարյանը զգուշացրեց, եթե բանակցությունները շարունակվեն նույն մոտեցումներով և սկզբունքներով, որևէ հույս չկա, որ արդյունքն այլ կլինի, քան մեկ այլ պատերազմ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ