Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր ընթանում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով հերթական դատական նիստը, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց՝ Ժիրայր Սեֆիլյանը մի շարք հասարակական-քաղաքական գործիչների կոչ է հղել՝ «վերջ տալ ինքնախաբեությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ»:
Հասցեատեր գործիչների թվում են Կարեն Անդրեասյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Վահան Բադասյանը, Ապրես Զոհրաբյանը, Դանիել Իոաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արա Պապյանը, Եղիշե Պետրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը:
Թե ինչպես պետք է գործեն այդ անձինք, Ժիրայր Սեֆիլյանի կոչում ասված է.
-համախմբել ժողովրդին եւ կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա ծռերի» եւ բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք,
-հեռացնել գաղութային վարչակազմին,
-ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից ՀՀ-ին, ներառյալ՝ Արցախը, ազատագրելու գործընթացի մեկնարկը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ