Լրահոս
Օրվա լրահոսը

«Լապշինը մինչեւ հիմա չի ասել այն, ինչ չգիտենք, ասել է այն, ինչ մենք գիտենք». իրավաբան

Սեպտեմբեր 22,2017 13:38

Իրավաբան Արա Ղազարյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը համարում է չհաջողված հետապնդում:

«Միջազգային հանրության հետաքրքրությունը շատ մեծ էր այդ գործի նկատմամբ, իրավապաշտպան կառույցներն իրենց ուշադրության կենտրոնում էին պահում Լապշինի գործը, եւ ամենակարեւորը, որ այդ հետապնդումը չտվեց իր արդյունքը, որեւէ կանխարգելիչ հետեւանք չունեցավ դեպի Արցախ զբոսաշրջիկների այցի վրա կամ Արցախի անկախության վերաբերյալ բարյացակամ կարծիքներ արտահայտելու վրա: Դրա փոխարեն մարդու իրավունքների խողովակով քաղաքական ճնշման նորանոր լծակներ էին հայտնվում եւ արդեն անհեռանկարային էր դարձել Լապշինին ադրբեջանական բանտում պահելը»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց իրավաբանը:

Լապշինի ինքնասպանության փորձի մասին լուրն էլ, ըստ պարոն Ղազարյանի, եւս մեկ ահազանգ էր, որ ամեն ինչ այնքան լավ չէ, ինչպես ներկայացնում էին Ադրբեջանի իշխանությունները. «Իրականում լուրջ խնդիրներ կային, դրա համար շատ հապճեպ որոշում կայացվեց նրան երկրից վտարելու վերաբերյալ»:

Բլոգերի գործով, ըստ բանախոսի, միջազգային կառույցները սկզբում հապաղեցին, որովհետեւ քրեական գործը չէր գնում ազատ խոսքի հիմքով, այլ մեկ այլ արհեստական հիմքով՝ անօրինական երկիր մուտք գործելու հիմքով. «Դեռ պետք էր համոզվել, որ իրականում հիմքում ազատ խոսքն է ընկած, բայց գուցե քաղաքական գործոնները կամ Ադրբեջանի լոբբիստական հնարավորություններն էին պատճառը, որ արձագանքը շատ թույլ եղավ: Բայց հիմա, երբ ազատվել է ու որոշել է խոսել, եթե շարունակի այսկերպ տեղեկատվություն տրամադրել, ապա որպեսզի համոզվենք, որ այն, ինչ ասում է, իսկապես ազնվորեն արտահայտում է իր նպատակը, նա պետք է դիմի միջազգային դատարան եւ գանգատ ներկայացնի: Լապշինը մինչեւ հիմա չի ասել այն, ինչ չգիտենք, ասել է այն, ինչ մենք գիտենք: Միայն դատարան դիմելու դեպքում կհամոզվենք, որ նա գտնում է, որ ինքը անօրինական է դատապարտվել: Եթե դատարան չդիմի, անհասկանալի կլինի, թե հիմա ինչու է ասում, որ անօրինական է դատապարտվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930