Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մեկնարկել են Հայաստանի թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները:
«Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը եւ բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձեւավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային եւ տեղական մասնագետների,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ ժամանակակից թվային օրակարգի ձեւավորումը պահանջում է միասնական մասնագիտացված ու համակարգված մոտեցումներ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչեւ նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ու Թվային Հայաստան հիմնադրամների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալներն ու օժանդակությունը:
«Հատուկ խնդրում եմ ուշադրության ներքո պահել, այդ պլատֆորմը ստեղծելու ժամանակ մենք ունենալու ենք շատ հետաքրքիր վերլուծություն՝ որոշում կայացնելու համար անհրաժեշտ նյութ»,- ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաեւ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կառավարության անդամներին տրված հանձնարարականներին:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից զեկուցվել է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տրվել է թվով շուրջ 260 հանձնարարական:
«Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի եւ հիմնախնդիրների կարեւորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը եւ արձանագրված արդյունքներին»,-ասաց նա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ