Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 21-ի «գլխավոր թեման»

Սեպտեմբեր 22,2017 10:00

Երբ գալիս է սեպտեմբերի 21-ը, «բարձրաշխարհիկ» հասարակության մեջ քննարկման թեմա չեն դառնում անկախությունը եւ մեր անցած ճանապարհի ձեռքբերումները, սխալները, ձախողումները, դասերը եւ այլն: Եթե նույնիսկ դրանք քննարկվում են, ապա խոսքը սովորաբար սահմանափակվում է «բա մեզ պե՞տք էր էս անկախությունը» դժգոհ բացականչությամբ: Բայց պարզվում է, որ ամենակարեւոր թեման այն է, թե ով ինչով պարգեւատրվեց, եւ արդյոք պարգեւատրվածները արժանի՞ են պարգեւի, թե՞ ոչ: Նույն տրամաբանության մեջ Էդուարդո Էռնեկյանը արժանի չէ ազգային հերոսի կոչմանը, որովհետեւ նա… հարուստ է:

Այս խոսակցությունները ծայր են առել 1997 թվականից, երբ սկսվեց, ավելի ճիշտ` վերսկսվեց շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ բաժանելու խորհրդային ավանդույթը: Հիշո՞ւմ եք, Առաջին նախագահը շքանշան շնորհեց նշանավոր դերասան Սոս Սարգսյանին. կոնկրետ նրա պարգեւատրմանը ոչ ոք, բնականաբար, դեմ չէր, այդ դերասանին բոլորն են սիրում: Բայց այդ մակարդակի արվեստագետներ Հայաստանում գրեթե չկան, իսկ սեպտեմբերի 21-ը գալիս է ամեն տարի: Ի՞նչ անել: Ամեն տարի Սոս Սարգսյան չես գտնի, ի վերջո՝ ստիպված ես նշաձողն իջեցնել: Մյուս կողմից՝ մշակույթի գործիչները խանդոտ մարդիկ են եւ պարտադիր կհարցնեն` բա ի՞մ հերթը երբ է հասնելու:

Հայտարարել այսօր, որ վերջ՝ այլեւս մեդալներ եւ կոչումներ չեն շնորհվելու… չգիտեմ, դրա համար, հավանաբար, քաղաքական մեծ կամք է պետք: Որովհետեւ միաժամանակ պետք է «հեչ անել» բոլոր անցած կոչումներն ու մեդալները եւ խորհուրդ տալ բոլոր մեդալակիրներին եւ կոչումակիրներին դրանք այլեւս չհիշատակել: Այդ ամենը բավականին ուտոպիստական է հնչում: Համենայնդեպս, այսօր:

Միակ լուծումը, որը ես հիմա տեսնում եմ, դրան շատ լուրջ չվերաբերվելն է: Խոսքը թե՛ ստացածների, թե՛ չստացածների եւ թե՛ «կողքից մեկնաբանողների», որպես կանոն՝    չարախոսողների մասին է: Սիրելի ստացածներ եւ չստացածներ, այս կյանքում շատ ավելի կարեւոր բաներ կան, քան այդ զանգուլակները: Մի պահ փակեք ձեր աչքերը եւ փորձեք օբյեկտիվորեն գնահատել՝ դուք կկարողանա՞ք ապրել առանց մեդալների: Ինձ թվում է՝ 2-3 անգամ խոր շունչ քաշելուց հետո դուք այդ հարցին դրական պատասխան կտաք: Ստացածներ, մի՛ մեծամտացեք, չստացածներ, մի՛ նախանձեք, մի՛ բամբասեք, «աբիժնիկի» կեցվածք մի՛ ընդունեք: Դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն այս թեմային:

Սիրելի «կողքից մեկնաբանողներ», հասկանում եմ ձեր ձգտումն ամեն տեղ մեծ քաղաքականություն տեսնելու: Բայց հավատացնում եմ ձեզ՝ եթե մարդն այդ պարգեւը ստանում է, դա մեխանիկաբար չի նշանակում, որ նա «ռեժիմի սպասարկու» է: Նա կարող է իսկապես շնորհալի, տաղանդավոր մարդ լինել: Եվ այս «սեզոնում» նույնպես եղել են գոնե ինձ համար անվիճելի հեղինակություններ, օրինակ՝ գրող Լեւոն Ջավախյանը կամ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Մաղձ թափելու եւ «ընդդիմադիր երեւալու» շատ ավելի լուրջ պատճառներ կան, քան կոչումների-մեդալների պատմությունն է:

Դարձյալ առաջարկում եմ՝ ավելի թեթեւ նայել կյանքին եւ որեւէ բան չբացարձակացնել: Նույնիսկ սեփական համոզմունքները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Զանգուլակ բառը դուրս շատ եկավ, կարծես երևույթի խտացված բացատրությունը լիներ:

  2. Լավատես says:

    Ա Պետական անկախության բնազդն ունեն միայն երիտասարդները, իսկ մեծ տարիքի քաղաքացիների մոտ այդ բնազդն ունեն միայն բացառությունները,
    Բ Կոչումներն ու պաշտոնները լավ բաներ են, որոնք պետք է ստանան պետությանը լավ ծառայած, պետության ուժի ու շնորհքի ու հարստությանը նպաստող քաղաքացիները եւ միայն այդ քաղաքացիներից ընտրել պետական ծառայողների,
    Գ Դպրոցներում ու մանկապարտեզներում դաստիարակել իսկական քաղաքացի՝ ինչպես Խորհրդային Միությունում դաստիարակում էին հոկտեմբերիկներին ու նման բաներ:

  3. Ruben says:

    Քանի դեռ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է էժան գներով, մի-մի հատ էլ Սերժ Սարգսյանը թող շնորհի Հայաստանի Հանրապետության «Հանրապետական (իշխող) կուսակցության» հիմնադիր Աշոտ Նավասարդյանին եւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին (գոնէ հետմահու):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930