Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարմացած ռուսներն ու միամիտ ՀՀԿ-ականները

Սեպտեմբեր 22,2017 12:00

ՀՀԿ-ում չեն բացառում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու համարում են, որ այդ կերպ կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ԼՂ-ում

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հարցրել է, թե ինչո՞ւ է Հայաստանի հետ ռազմական նույն միավորումում (ՀԱՊԿ) գտնվող Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք մատակարարում Ադրբեջանին, եւ ո՞րն էր 2016թ. ապրիլյան պատերազմի նպատակը։ Լավրովը, որն, ըստ Միհրանյանի, մեծ հումորի զգացում ունի, իր հարցերին արձագանքել է. «Դե գուցե ինքդ էլ պատասխանե՞ս այդ հարցին: Ասացի՝ ոչ, մենք մի քիչ անհավասար վիճակում ենք: Այսօր դու նոր Բաքվից ես վերադարձել եւ Ալիեւի հետ առիթ ես ունեցել խոսելու: Դու պետք է ավելի խորքից իմանաս, թե ինչը դրդեց Ալիեւին այդ օրերին այդ պատերազմը սկսել»: Միհրանյանը խոստովանել է. «Ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել զենքի վաճառքի մասին հարցը տալ, բայց անցյալ տարի ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո Լավրովին՝ իմ համակուրսեցուն, հարց եմ տվել: Նա զարմացել էր»:

Ապրիլյան պատերազմից մի քանի օր հետո` ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որի հետ զրույցի տեսագրությունը տարածվեց, Սերժ Սարգսյանը եւս նմանատիպ հարց էր ուղղել Լավրովին` մասնավորապես նշելով հետեւյալը. «…Ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռեւս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը եւ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատեւ բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»:

Ապրիլյան պատերազմից օրեր անց, իհարկե, հումորի ժամանակ չէր, ու Լավրովը պատասխանեց. «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը»:

Միհրանյանն այսօր վստահեցնում է, թե Ռուսաստանն իր դաշնակցական պարտավորությունները լավ հասկանում է, եւ նա կկատարի իր պարտականությունները անհրաժեշտության դեպքում, բայց. «Իհարկե, կա մի կնճռոտ հարց: Երբ Հադրութ-Մարտակերտ ճակատում են տեղի ունենում բախումներ, ֆորմալ իմաստով սա կապ չունի ՀԱՊԿ-ի եւ ՀՀ-ի հետ, քանի որ ֆորմալ իմաստով Ղարաբաղը գտնվում է Հայաստանից դուրս. դա չճանաչված մի տարածք է: Եթե ունենայինք գոնե միջանկյալ կարգավիճակի ճանաչում, սա կլիներ ուրիշ բարձր մակարդակի վրա երաշխիք, որ նույնիսկ այդ ճակատում տեղի ունեցող իրադարձությունները միայն Արցախի գործը չեն լինի, այլ ՀԱՊԿ-ի: Քանի որ այդ կարգավիճակը դրված է միջազգային իրավունքից դուրս, սա դառնում է Հայաստանի խնդիրը»:

Ռուսաստանյան շրջանակներից հստակ միտում է նկատվում, նախանշվում են Մոսկվայի այս ձգտումները` «գոնե միջանկյալ կարգավիճակի ճանաչում…», «թեկուզ մի փոքր նախանշեինք ընդհանուր սկզբունքներ…», «կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթեր…»: Այս եւ այլ «ցանկություններով» Ռուսաստանից մեզ ինչ-որ առումով շտապեցնում են, կարծես անուղղակիորեն իրենց ցանկության կատարման բացակայությունը որպես հետեւանք ներկայացնելով ապրիլյան պատերազմը: Մոտավորապես նույնն էլ Բաքուն է ասում` «բանակցություններում առաջընթաց չկա», «քսան տարուց ավելի հարցը չի լուծվում», իհարկե, չեն խոստովանում, որ «դրա համար էլ ապրիլին հարձակվեցինք»:

Հավանաբար, Բաքվում էլ Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ Լավրովն ասում է` «այ, եթե Ադրբեջանն անդամակցեր ԵԱՏՄ-ին, այդ կառույցի շրջանակներում փոխվստահություն կստեղծվեր, եւ ավելի հեշտորեն հնարավոր կլիներ լուծել ԼՂ խնդիրը…»: Հիշեցնենք, որ պաշտոնական մակարդակով Լավրովն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին, Բաքվից էլ մի քանի անգամ այդ հնարավորության անդրադարձել են, ըստ էության, չբացառելով:

Երկու շաբաթ առաջ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին «Արարատ» ԹՎ-ի «Հետհաշվարկ» հաղորդման ժամանակ հարց ուղղեցին` «իսկ եթե Ալիեւը նեղանում է ԵՄ-ից, թակում է ԵԱՏՄ-ի դռները եւ ընկնում է Պուտինի գիրկը, սպառնալիք չկա՞»: Շարմազանովը պատասխանեց. «Եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ` կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Իսկ ո՞վ է ասել, որ կամ Թուրքիային, կամ Ադրբեջանին կատվի նման գցենք անկյուն, կատվին եթե գցում ես անկյուն, ինքը ճանկռում է: Մեր նպատակը չի եղել իզոլացնել Ադրբեջանին կամ Թուրքիային: Մեր նպատակը եղել է նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, որոնց արդյունքում հայ-թուրքական հարաբերություններում մենք կհասնեինք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, ադրբեջանա-ղարաբաղյան գործընթացում մենք կհասնենք նրան, որ Ադրբեջանը, որպես կոնֆլիկտի կողմ, կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

https://www.youtube.com/watch?v=kPySRw4LePQ&feature=share

Փաստորեն, իշխող ՀՀԿ-ում էլ արդեն չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին: Դա դեռ ոչինչ, որ չեն բացառում, ամենացնցողն այն է, որ ՀՀԿ-ում հույս ունեն, որ եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին` «կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: ՀՀԿ-ականներն ու որոշ կրեմլամերձ շրջանակներ նույն կերպ էլ 2013 թվականին` Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության վաղ շրջանում էին համոզված, որ կանխվել է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականությունը: Բայց դրանից հետո եւս Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին, իսկ 2016-ի ապրիլին Ալիեւը համարեց, որ իրեն ազատություն է տրված ռազմական գործողություններ սկսելու համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ , 21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930