Լրահոս
Օրվա լրահոսը

Տխրահռչակ ակտիվիստի գործով երկու ամիս անցկացրեց քրեակատարողական հիմնարկում

Սեպտեմբեր 22,2017 14:00

Մինչ Բաքվում հայտնվելը երբեմնի ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որը դրվել էր Դավիթ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում:

Ըստ տուժողի կարգավիճակում հայտնվածի, 2015թ. ապրիլի 22-ին 077-02-18-55 բջջային հեռախոսահամարով իրեն է զանգել նախկինում անծանոթ Դավիթ Սիմոնյանը, ներկայացել է Տիգրան անունով եւ առաջարկել է իրենից գնել «Սամսունգ» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ 60.000 ՀՀ դրամ նախապես վճարելու պայմանով։ Ապրիլի 23-ին պայմանավորվել են հանդիպել Խորենացու փողոցում գտնվող «Կիվի» սուպերմարկետի մոտ։ Դավիթ Սիմոնյանն իրեն ասել է, որ համակարգիչը գտնվում է Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքում՝ մորաքրոջ տանը եւ նախապես ինքը պետք է նրան տա  60.000 ՀՀ դրամ գումար, ապա միայն վերցնի համակարգիչը եւ հանձնի իրեն։ Դավիթին տվել է 60.000 ՀՀ դրամ գումար, որից հետո նա բարձրացել է շենքի վերեւի հարկն ու անհետացել:

Դավիթը դատարանում ցուցմունք էր տվել, հայտնել, թե Վ. Մարտիրոսյանն իրենից խնդրել էր քաղաքական գործիչ հանդիսացող հոր նյութերից:

Դավիթ Սիմոնյանը, ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում,  «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի որդին է: «Դատավճիռը հրապարակվելուց հետո «տուժող» Վահան Մարտիրոսյանի գործով ամբաստանյալին կալանավորեցին», «Առավոտի» (27.04.2017 ) հրապարակմամբ տեղեկացրել էինք Դավիթին դատարանի դահլիճում կալանավորելու մասին:

Նա իր պատիժը կրեց երկու ամիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Դավիթը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով ճանաչվել էր անմեղ եւ արդարացվել էր՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով։ Արդարացման դատավճռի դեմ բողոք էր բերել դատախազ Մ. Նալբանդյանը, որը պահանջել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը եւ նրան մեղավոր ճանաչել խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու համար, դատապարտելով ազատազրկման 6 ամիս ժամկետով եւ տուգանքով` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով:

Գործը բեկանվել էր, ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ դատավոր Արմեն Բեկթաշյանի դատավճռով նա վեց ամսով ազատազրկվել էր: Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել նրա պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Անժելա Հոբոսյանը:

Բողոքաբեր կողմը հղում էր կատարել ՄԻԵԴ-ի «Սադակը եւ ուրիշներն ընդդեմ Թուրքիայի» վճռին, ուր մասնավորապես ասված էր. «Անձի դատապարտումը չի կարող ամբողջապես կամ վճռական չափով հիմնվել այնպիսի անձի հայտնած տվյալների վրա, որին հարցեր ուղղելու համարժեք հնարավորություն պաշտպանության կողմը չի ունեցել»:

Ի դեպ, երբ Դավիթն ազատազրկված էր, նա հնարավորություն չի ունեցել մեկ այլ քրեական գործով իր իրավունքները պաշտպանել:

Նշյալ քրեական գործով նա ճանաչվել էր տուժող:

Անցյալ տարվա օգոստոսի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել նախորդ օրը կատարված առեւանգման մասին:

Յոթ-ութ երիտասարդ Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում ծեծի են ենթարկում Դավիթին, նրան բռնի ուժով նստեցնում են «Օպել»  մակնիշի 35 AN 969 համարանիշի ավտոմեքենան, տանում «Ատլանտիկ» սրճարանի տարածք, երեք ժամով ապօրինի զրկելով ազատությունից: Վարույթն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մխիթարյանը:

Դավիթ Սիմոնյանը «Նուբարաշենից» ազատվելուց հետո սեպտեմբերի 9-ին դիմել է Երեւան քաղաքի դատախազին, կապված քննիչի կողմից նախաքննության ժամկետները անհիմն ձգձգելու հետ:

Դավիթը ստացել էր վնասվածքներ, դիմել «Գրիգոր Լուսավորիչ», «Օլեոս Մեդ» բուժ-ախտորոշիչ կենտրոններ, որոնց տրված տեղեկանքները նույնպես ներկայացվել էր քննիչին:

Քննիչ Ա.Մխիթարյանը, վերանայելով քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանին  ճանաչել նաեւ քաղաքացիական հայցվոր: Տուժողին պատճառվել էր ֆիզիկական վնաս, որը, ըստ քննիչի, ենթակա էր հատուցման դատավարության կարգով. վնասը կազմել է 476.020 ՀՀ դրամ, մոտ 1000 դոլարին համարժեք:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ

21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930