Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով, վիտամիններով՝ E, A, C, D, F, PP, T եւ B խմբի: Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր: Պտղամիսը օժտված է միզամուղ, հակաբորբոքային, վիտամինային ազդեցությամբ: Այն խորհուրդ է տրվում ստենոկարդիայի, նյարդերի լարվածության եւ նյութափոխանակման գործընթացների խանգարման եւ այլ հիվանդությունների ժամանակ: Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, եւ կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, իսկ սննդակարգում դդմի կանոնավոր ընդգրկման դեպքում ուժեղանում է մարդու իմունային համակարգը:
Սերմերը ցուցաբերում են արտահայտված հակաճիճվային ազդեցություն: Պտղամիսը կիրառում են լյարդի եւ երիկամների հիվանդությունների, շագանակագեղձի գործունեության խանգարումների՝ միզարձակության դժվարացման ժամանակ:
Սերմերը կիրառում են միզասեռական օրգանների հիվանդությունների, ինչպես նաեւ ճիճվային ՝ ժապավենաձեւ որդեր, ինվազիաների ժամանակ: Սերմերից ստանում են դդմի յուղ, որը կիրառվում է շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ:
Որպես հակաճիճվային միջոց խորհուրդ է տրվում 300 գրամ դդմի սերմերը կեղեւից մաքրել, տրորել հավանգի մեջ, ավելացնել 50 միլիլիտր ջուր եւ լավ խառնել: Ստացված խառնուրդն ընդունել առավոտյան սոված փորին, ոչ մեծ չափաբաժիններով, մեկ ժամվա ընթացքում: 3 ժամ հետո լուծողական խմել, որից հետո եւս 20 րոպե անց մաքրող հոգնա անել: Ուտել կարելի է միայն աղիների վերջնական մաքրումից հետո:
Մեկ այլ դեղատոմսում էլ նշվում է, որ դդմի սերմերը պետք է մանրացնել՝ մսաղացով կամ կենտրոնախույս խառնիչով, ավելացնել եռացրած սառեցրած ջուր՝ 200 գրամ սերմերին 400 միլիլիտր ջուր եւ ջրաբաղնիքի վրա տաքացնել 2 ժամ՝ առանց եռացնելու: Եփուկը սառեցնել, յուղային շերտը հանել, ընդունել սոված փորին՝ 20-30 րոպեի ընթացքում: 2 ժամ հետո խմել աղային լուծողական՝ անգլիական աղ:
Որպես միզամուղ՝ կիրառում են պտղամսից քամած թարմ հյութը: Ընդունել մինչեւ 2 բաժակ օրվա ընթացքում:
Նյութափոխանակության խանգարման եւ լյարդի հիվանդության դեպքում օրական 1/2 կգ դդումի միջուկից ուտել եւ 1-2 բաժակ պտղահյութ խմել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.09.2017