Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնենք մրցակցային կրթական գործունեություն

Սեպտեմբեր 22,2017 13:00

Թևակոխել ենք կրթական բարեփոխումների մի նոր շրջափուլ։ Դատելով հրապարակված նյութերից ու առանձին պաշտոնատար անձանց ելույթներից՝ գալիս ենք այն համոզմանը, որ բարձրագույն կրթության նոր օրենքի գլխավոր բովանդակությունը և շարժառիթները դարձյալ ավելի նորացված ձևով շուկայական մրցակցային լծակների անտեսումն է։ Ինչպես նախկինում էր, առաջին պլանում է բուհերի կառավարման գործող գծային-ուղղահայաց համակարգը, իսկ դա նշանակում է, որ բուհերը դեռևս չեն կարող լիարժեք գործել շուկայական ազատականացված դաշտում:

Մյուս կողմից, եթե էական կամ խորքային նոր բարեփոխումներ չեն նախատեսվում, ապա ի՞նչ նպատակ է հետապնդում նոր օրենքը, մի՞թե չի կարելի գործող օրենքի շրջանակներում գտնել ուսուցման որակի բարձրացմանը միտված նպատակային լուծումներ՝ մանավանդ, որ «նոր» (նախագծի) և «հին» օրենքների միջև սկզբունքային տարբերություններ չեն նկատվում: Ավելին, հայտնվել ենք դիմորդասուղ՝ չնախատեսված իրավիճակում, դեռևս չենք քաղել ինստիտուցիոնալ հավատարմագրման պտուղները: Մասնագիտական կրթությանը խոչընդոտող հիմնախնդիրները և նրանց ծնող պատճառներն արդեն բացահայտված են և ունենք նաև դրանք լուծելու բոլոր հնարավորությունները, սակայն բացակայում են նախաձեռնելու կարողությունները: Ուսումնական տարին նոր է սկսվել, անհրաժեշտ է միայն սթափվել և, խնդրի գերկարևորությունից ելնելով, նախաձեռնել դրանց լուծումները (դիցուք, առաջին հերթին խիստ անհրաժեշտ է լուծել դասախոսական կազմի վերապատրաստման հարցը, որի համար պետք չէ նոր օրենք ընդունել):

Հետևաբար, այսօր արդեն կարող ենք կարծիք հայտնել, որ այս շրջափուլն իր անարդյունավետությամբ ընդամենը նորից նախադեպ կհանդիսանա հաջորդի համար ու այսպես շարունակ, ինչպես անցած «բարեփոխումների» ընթացքում։ Իրականում բարեփոխումը ենթադրում է ըստ բնագավառների, ծրագրային ու որակական բնութագրումների,  ՀՀ յուրահատուկ պայմաններում գործող բուհերի զարգացմանը նպաստող գործոնների և այլ ուղղություններով կատարել էական բարելավումներ, փոփոխություններ այն հաշվով, որ  զարգացման նոր ակնկալիքներ առաջանան։ Տեղի ունենան որակական թռիչք ապահովող այնպիսի տեղաշարժեր, որոնք լինեն ոչ թե ցանկությունների ոլորտից, այլ տարիների ընթացքում առանձին տիպական ուսումնական հաստատություններում նախապես հետազոտված և փորձարկված՝ ակնկալվող արդյունքներն էլ լինեն երաշխավորված։Անչափ կարևոր է նաև, որ բարեփոխումները համապատասխանեն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկայիս իրադրությանը,  ուսումնական հաստատության պայմաններին ու ենթակառուցվածքների ունեցած ներուժին։

Բացառիկ կարևոր գործոններ են հանդիսանում ներկայիս մասնագիտական կրթական ծրագրերի  նոր պահանջներով հիմնավորված ելքային արդյունքների արժանահավատությունը, դրանց պահանջներին համապատասխան վերապատրաստված մասնագետների առկայությունը, ժամանակակից ուսումնամեթոդական ռեսուրսներով ապահովվածությունը, դեռևս թույլ կամ ոչ լիարժեք ձևավորված աշխատաշուկայի պահանջները, ֆինանսական սուղ միջոցները, նվազող դիմորդների վիճակագրությունը:

Բերենք ընդամենը մեկ օրինակ. եթե դասախոսը գտնվում է թոշակային տարիքում, բնական է, որ դժվարություններ կունենա ուսումնամեթոդական և տեղեկատվական համակարգերով աշխատելիս, հարկադրաբար հակված կլինի ավանդական եղանակներով ուսուցմանը:

Մինչդեռ այդ փորձառու  դասախոսները  կարող են զբաղվել  դասընթացների ամփոփ ռեսուրսների մշակմամբ և որպես կոնտենտներ՝ դրանք երիտասարդ մասնագետների ուժերով IT տեխնոլոգիաների միջոցով ներկայացնել ուսանողությանը։ Այլ կերպ ասած՝ թոշակային հասակի փորձառու դասախոսի  աշխատանքի հարցը պետք է լուծել:

Ընթացիկ բարեփոխումների այս փուլում նպատակահարմար եմ գտնում բարձրաձայնել շատ կարևոր երկու հարց:

Առաջին. մի կողմ թողնելով անձնական կամ բոլոր այլ կարգի հեռահար և ստվերային խնդիրներն ու հետաքրքրությունները՝ պետք է այսօր նպաստել ուսուցման համընդհանուր արդյունավետության բարձրացմանը, նպատակայնորեն կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք  գործնականորեն կհանգեցնեն բարձր արդյունքների։

Խոսքը վերաբերում է նոր հասարակարգին բնորոշ շուկայական բոլոր լծակների կիրառմանը, հատկապես բոլոր պաշտոններում մրցակցային ծրագրերով ընտրությունների անցկացմանը, ուսանողների կողմից դասախոսների ընտրությանը, բուհերին տրվող նախապատվությունների վերացմանը, համալսարանների միջև արդարացի ու հավասար նախապայմանների ստեղծմանը, միջբուհական մրցակցության խթանմանը և այլն։ Առանձին բուհերի նկատմամբ պետական հովանավորչությունը թույլ չի տալիս, որպեսզի յուրաքանչյուր բուհ ինքնուրույնաբար պայքարի կրթական շուկայական դաշտում գոյատևելու համար։ Նույնիսկ պետական բուհերի միջև մրցակցություն տեղի չի ունենում՝ դիմորդը նույնատիպ մասնագիտությունների գծով բուհերի միջև որևէ տարբերություն չի տեսնում, որովհետև նրանց միջև ակնառու տարբերություններ չկան:

«Պետական դիպլոմ» ընդհանրական հասկացությունը ջնջում է բուհերի միջև եղած չնչին տարբերությունները՝ աշխատաշուկայում էլ նույն մասնագիտության շրջանավարտները մասնագիտական հմտություններով միմյանցից գրեթե չեն զանազանվում (դիմորդներն էլ հարկադրաբար նախընտրում են միջազգային կամ միջպետական բուհերը, որոնք գործում են ազատականացված դաշտում)։ Տեղական բուհերն անցնում են հավատարմագրման միևնույն գործընթացով՝ անկախ այն փաստից, թե բուհի հիմնադիրը պետությո՞ւնն է, թե՞ մասնավոր անձը կամ ընկերությունը, գործում են միևնույն օրինականություն պահանջող դաշտում, պետության առջև կրում են միևնույն պատասխանատվությունը։ Հետևաբար «պետական» և «մասնավոր» բուհ բնորոշումներն արդեն խտրականության պատճառ են դառնում և բնակչության շրջանում առաջինների հանդեպ վստահություն է առաջանում, որը և դիմորդների համար  միասնական քննական համակարգին մասնակցելիս, և բուհն ընտրելիս բևեռացման ու նախապատվության պատճառ է դառնում։ Յուրաքանչյուր համալսարան ունի իր հեղինակությունը, վարկանիշը, մասնագետների պատրաստման ու որակավորման բնութագրերը, որոնք չեն բացահայտվում և բուհն ընտրելիս հաշվի չեն առնվում: Մինչդեռ միջազգային բուհերը գործում են այլ՝ դիմորդների համար նախընտրելի սկզբունքներով՝ աստիճանաբար նեղացնելով տեղական բուհերի գործունեության շրջանակները:

Դիմորդը պետք է կարողանա ինքնուրույնաբար կատարել բուհի ընտրություն՝ առանց բուհի նախնական ընտրության ԳԹԿ-ի կողմից ունենա իր առարկաների հավաստագիրը և հետո միայն կատարի բուհի ընտրություն։

Եթե համեմատենք այսօրվա և խորհրդային տարիների բուհերը, ապա քիչ տարբերություններ կգտնենք, բայց չէ՞ որ երկրի հասարակական-քաղաքական կառուցվածքը փոխվել է. բարձրագույն կրթական հաստատությունները նույնպես պետք է գործեն այդ նոր հասարակարգի՝ շուկայական մրցակցային պահանջներով։

Երկրորդ. վերջերս  ուսանողների թվից ելնելով՝ համալսարանների տարբերակումը զանազան շահարկումների տեղիք է տալիս։ Համալսարանի առավելագույն և նվազագույն ուսանողական համակազմի թվի վերաբերյալ հիմնավորումներ չկան, չեն էլ կարող լինել։ Բուհի ուսուցման որակական բնութագրումներից է կախված նրա գործունեության ընթացքը։ Հարց է առաջանում՝ դիցուք, ինչո՞ւ չենք խոսում հանրապետության բոլոր բուհերը մեկ  համալսարանում միավորելու մասին (կան եվրոպական  համալսարաններ հարյուր հազարից ավելի ուսանողներով,  ավելի շատ, քան ՀՀ բուհերը միասին վերցրած)։

Կամ՝ ինչո՞ւ չի կարելի ունենալ շուկայական պահանջարկ ունեցող մի քանի մասնագիտությամբ և մի քանի հարյուր ուսանողական համակազմով  բարձրակարգ կրթություն իրականացնող համալսարաններ, որոնք միայն դիալեկտիկորեն զարգանալով կարող են խոշորանալ (այլ ոչ թե փորձենք մեխանիկորեն խոշորացնելով՝ միմյանց միավորել բոլոր առումներով թույլ բուհերը)։ Բերենք մի վառ օրինակ՝ ՀՀ-ում Ամերիկյան համալսարանը հիմնադրվելիս ուներ մոտ վաթսուն ուսանող, իսկ այսօ՞ր…Կամ նույնը վերաբերում է գյուղական սահմանամերձ դպրոցներին՝ ներկայիս դաս-դասարանային համակարգը պահպանելու դեպքում մի քանի աշակերտով դասարաններ չեն կարող գործել, իսկ եթե անցում կատարենք տարիքային առումով խառը՝ խմբային ազատ ուսուցման, ապա բոլոր դպրոցներն էլ կարող են գործել (միայն զարմանալ կարելի է թոշակային հասակի ուսուցիչներին գյուղական դպրոցներում աշխատելու առաջարկությունների վրա):

Մի շարք ոչ պետական բուհերի սրընթաց զարգացումը տարիներ առաջ կասեցվեց և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերություններն օրենքի հետադարձ ուժի պարտադրման միջոցով զրկվեցին այդ իրավիճակից օգտվելու հնարավորությունից, պետական բուհերի հետ համատեղ հայտնվեցին միասնական քննական համակարգում, որի հետևանքով իներցիոն բարձր վարկանիշ և հասարակական ճանաչում ունեցող արդեն բևեռացված բուհերը շահեցին։ Տուժեցին մասնավոր բուհերը, որոնք արդեն այս հաջորդ բարեփոխումների փուլում անիրավացիորեն հայտնվեցին «խոշորացման» վտանգի առջև:

Դիցուք, խոշորացրեցինք բուհերը, ինչ է՝ կբարձրանա՞ ուսուցման որակը, մի՞թե այսօր խոշոր բուհերը այդ տեսակետից լավ օրինակ են հանդիսանում։ Փորձով ապացուցված է, որ միայն փոքրաթիվ խմբերում է հնարավոր հասնել ուսուցման բարձր որակի, մինչդեռ 60-ից 120 ուսանողներով խմբերում, հատկապես  մասնագիտական գործնական կարողությունների և հմտությունների զարգացման մասին խոսելն ավելորդ է (ինչը այսօրվա գլխավոր պահանջն է), որակական այդ բնութագրումներին խոշոր բուհերը նույնպես փորձում են հասնել փոքրաթիվ խմբերով աշխատելիս, այսինքն՝  ձեռք են բերում փոքր բուհերին բնորոշ հատկանիշներ: ՀՀ-ում խոշոր բուհերը առանձնանում են նաև կառավարմամբ պայմանավորված թերություններով, որոնք հանգեցնում են նաև անտնտեսվարության:

Հետևաբար ավելորդ ենք համարում բուհերի տարբերակումն ըստ ուսանողների թվի։ Այսօր բուհին ներկայացվող գլխավոր պահանջը տարբերակված հետագծով ուսուցման ապահովումն է, ուսանողին ինքնուսուցման, ինքնակրթության և հետազոտական դաշտում մեթոդապես գործելու լիարժեք հնարավորությունների ստեղծումը, ուսուցմանը զուգընթաց մասնագիտական աշխատանքի (թեկուզ որպես կամավոր) ներգրավումը, շարունակական կրթական գործունեության իրականացումը, որոնք հնարավոր է կատարել փոքրաթիվ ուսումնական խմբերում։

Վերջում մի հարց բոլոր այն պատասխանատուներին, ովքեր զբաղվում են բարձրագույն մասնագիտական կրթական գործունեությամբ. ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի շրջանավարտ-մասնագետների մոտ նախապես զարգացնենք սեփական բիզնես նախաձեռնելու հմտություններ, մրցութային հիմունքներով աշխատանքի անցնելու համար կենսագրությունը հարստացնելու կարողություններ և ընդհանրապես, մասնագիտական գործնական հմտություններ:

ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, 

աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

«Առավոտ» օրաթերթ

21.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930